HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի երթ՝ ազատ արձակելու պահանջով

Այսօր Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանության խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի երթ դեպի ՀՀ կառավարության շենք: Ցուցարարները վարչապետին եւ արդարադատության նախարարին են հանձնել մի գրություն, որում ասվում է. 

«Ձեզ քաջ հայտնի է, որ արդեն գրեթե մեկ տարի ձգվող քաղաքական հալածանքի արդյունքում Ժիրայր Սէֆիլյանը, որպես մարտական պարգեւ ստացած իր ատրճանակը եւ դրա փամփուշտները պահելու համար, դատապարտվել է մեկ եւ կես տարվա ազատազրկման: Վարդան Մալխասյանն իր ելույթի կամայական մեկնաբանության պատճառով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Քաղաքական հալածանքին քրեական երանգ եւ կեղծ ծավալներ հաղորդելու նպատակով, նրանց հետ միասին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ Ժիրայրի ծանոթ երկրապահ Վահան Արոյանը, որն այլ հանգամանքներում կամ ընդհանրապես չէր ձերբակալվի, կամ կստանար անհամեմատ մեղմ պատիժ: Այս ամենը կատարվել է օրենքի տառի եւ ոգու բազմաթիվ ակնհայտ խախտումներով: 

Կատարվածին հնարավոր չէ որեւէ այլ անուն տալ, քան քաղաքական նպատակներով, բարձրագույն ղեկավարության պատվերով, պետական համակարգի մի շարք օղակների կողմից իրականացվող հանցագործություն: Այն չավարտվեց դատավարություններով եւ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներում: 

Ժիրայր Սէֆիլյանին, պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից զրկելու նպատակով, «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխելուց անմիջապես հետո, նկատողություն հայտարարվեց` շատ անհեթեթ հիմնավորմամբ: Վարդան Մալխասյանին նկատողություն տալու նպատակով «դիմակահանդես-խուզարկություն» կազմակերպվեց նույն քրեակատարողական հիմնարկում:

Խուզարկությունն արդյունք չտվեց, սակայն Մալխասյանի հարցը նույնպես չներկայացվեց այսպես կոչված «անկախ հանձնաժողովին» այն անօրինական հիմնավորմամբ, թե հիմնարկի վարչակազմը դեռ բավականաչափ չի ուսումնասիրել նրա վարքը:

Նկատողություն է հայտարարվել նույնիսկ Վահան Արոյանին` հակառակ վերջինիս առողջական ծանր վիճակին, որը պայմանավորված է նրա մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորվածությամբ: 

Այսպիսով, կառավարության եւ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական համակարգի համապատասխան պաշտոնյաները եւս, կատարելով բարձրագույն ղեկավարությունից ստացված քաղաքական պատվեր, միանում են Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա բախտակից ընկերներին պատանդ պահող հանցախմբին:

Այս գործում, սակայն, հրաման կատարելը չի կարող ոչ մեկի համար արդարացում կամ մեղմացնող հանգամանք համարվել: 

Լիահույս ենք, որ վաղ թե ուշ տվյալ հանցագործության բոլոր մեղավորները, մասնավորապես ԱԱԾ ղեկավարները, սահմանադրական կարգի պահպանության եւ քննչական վարչությունների համապատասխան աշխատակիցները, սուտ տեղեկություններ տրամադրող ԼՂՀ բանակի սպաները, դատավորները եւ դատախազները, հիմա նաեւ` պատիժն իրականացնող պաշտոնյաները եւ, իհարկե, պատվիրատուները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ` յուրաքանչյուրն իր գործածի համար: 

Եթե նախկինում վարչապետ Սերժ Սարգսյանը կարող էր պնդել, որ ինքը կապ չունի քաղաքական պատվերի հետ, որ «երկրում կա բարձրագույն ղեկավարություն», եւ որ ինքը չի կարող միջամտել դատական վարույթում գտնվող գործին, ապա այսօր Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի անազատության յուրաքանչյուր ամսվա համար նա անձամբ է պատասխանատու: Այդ ամիսների համար նրա հետ միասին պատասխանատու է նաեւ արդարադատության նախարարը: 

ՀՀ կառավարությունից եւ արդարադատության նախարարությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Վահան Արոյանին»:

Լուս. Լենա Նազարյանի

Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter