Ինչպե՞ս է ծախսվում կառավարության հատկացումը Գեղարքունիքի մարզում
Կառավարության ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ հանրապետության տասը մարզերին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց մոտ 10 միլիարդ դրամ` մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար:
Գեղարքունիքի մարզին հատկացվել է 877 միլիոն դրամ, որով մարզի 17 համայնքներում իրականացվում է 17 ծրագիր:
Ինչպե՞ս եւ ո՞վ է որոշել, թե որոնք են Գեղարքունիքի մարզի առաջնահերթ խնդիրները, ի՞նչ ծրագրեր են իրականացվելու, ինչպե՞ս է ծախսվելու կառավարության պահուստային ֆոնդից տրված հատկացումը, եւ որքանո՞վ են ընտրված հիմնախնդիրներն արտացոլում մարզի բնակիչների կարծիքը: Այս հարցերի պատասխանները ստանալու համար այցելեցինք Գեղարքունիքի մարզպետարան, որտեղ մեզ ընդունեց փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը: Մարզ կատարած մեր այցը կարծես այնքան էլ հաճելի չէր. գոնե այդպիսի տպավորություն ստացանք փոխմարզպետի ընդունելությունից, ում ակնհայտորեն դուր չեկան մեր հարցերը:
Փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանի ներկայացմամբ` Գեղարքունիքի մարզին հատկացված 877 մլն դրամից շուրջ 270 մլն-ը համաֆինանսավորման ծրագրերին է հատկացվել, իսկ մոտ 500 միլիոն դրամը` համայնքային ծրագրերի իրականացմանը: Մարզի հիմնախնդիրներն ըստ առաջնահերթությունների ընտրելիս, փոխմարզպետի խոսքով, հիմնականում հաշվի է առնվել 2007 թ. գարնան հեղեղումների պատճառած վնասների վերացումը:
Ըստ այդմ` որոշվել է Գավառագետի հունի մաքրման աշխատանքներին հատկացնել 200 մլն դրամ, Մարտունի գետի Գեղհովիտի հատվածում նույն աշխատանքների համար` 150 մլն դրամ:
«Մնացած գումարները հիմնականում հատկացվել են քաղաքներ, հիվանդանոցներ տանող ճանապարհների կառուցման, խմելու ջրագծերի, գազատարների կառուցման համար: Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում իրականացվում են 17 անվանական ծրագրեր 17 համայնքներում»,- ասաց փոխմարզպետ Ա. Ղուկասյանը: Կառավարության պահուստային ֆոնդից տրված գումարով նաեւ վերանորոգվելու են երկու մանկապարտեզներ Լճաշեն եւ Ծովագյուղ համայնքներում, Այգուտի սողանքների պատճառով բնակարաններից զրկված 15 բնակիչների համար ձեռք է բերվելու 15 տնակ, ինչպես նաեւ` մի քանի համայնքներում համաֆինանսավորմամբ գյուղտեխնիկա է ձեռք բերվելու:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել վերը նշված ծրագրերը, ովքե՞ր են դրանք առաջարկել, եւ ի՞նչ մոտեցումներով են վերոհիշյալները համարվել մարզի առաջնահերթ հիմնախնդիրներ, փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանն ասաց. «Քանի որ կառավարությունից ցուցում կար գարնան հեղեղումների պատճառած վնասների վերացումն առաջնահերթություն համարել, մենք էլ որոշեցինք դրանց լուծման համար գումար հատկացնել: Մյուս կողմից, մարզպետարանի ծրագրերի բաժնում լիարժեք տեղեկություններ կան մարզի 92 համայնքների բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ եւ, բնական է, մեզ որեւէ տեղից ցուցում տալու կամ կողմնորոշելու անհրաժեշտություն չկար»:
Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի նախագծերը, Ա. Ղուկասյանի ասելով, պատվիրվել են ճյուղային նախարարություններում, իսկ շինարարության վերահսկողությունն իրականացնում է մարզպետարանը: Ինչ վերաբերում է մարզպետարանի հետ համաֆինանսավորմամբ կատարվող աշխատանքներին, ապա, փոխմարզպետի խոսքով, դրանց վերահսկողությունը ոչ թե իրենք, այլ մյուս կողմն է իրականացնում: Մարզպետի տեղակալը հատուկ ընդգծեց, որ իրենք փորձել են փոքր ծրագրեր իրականացնելով չփոշիացնել կառավարության տրամադրած գումարները: Հետո էլ հավաստիացրեց, որ աշխատանքների ավարտին մարզի բնակչությունն արդյունքը զգալու է:
Համայնքում իրականացվող ծրաֆգրերի ընտրությանը մարզի բնակչությունը որքանո՞վ է մասնակցել հարցին պատասխանելիս փոխմարզպետն արձագանքեց. «Համայնքային ժողովների ժամանակ համայնքները ներկայացանում են իրենց խնդիրները, որոնք ընդգրկված են նաեւ տարածքային զարգացման ծրագրում: Բնականաբար, համայնքն էլ գիտի, որ այդ խնդիրներն ինքն է ներկայացրել»: Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած միջոցներով մարզում իրականացվող ծրագրերին բնակչության տեղեկացվածությանը, ապա, Արտուշ Ղուկասյանի խոսքով, ինքը հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել եւ հայտնել, թե ինչ միջոցներով են մարզում ծրագրեր իրականացվում:
Իրականացվող ծրագրերի մասին բնակչության տեղեկացվածության հարցը լուծվել է այսքանով, բայց փոխմարզպետը հավաստիացրեց, որ հիշյալ տեղեկատվությունը գաղտնի չէ, եւ մարզի յուրաքանչյուր բնակիչ մարզպետարանի տեղեկատվական կենտրոնից կարող է ծրագրի վերաբերյալ իմանալ իրեն հուզող հարցի պատասխանը: Մեր հարցմանն ի պատասխան, սակայն, մարզպետարանի տեղեկատվական կենտրոնում կառավարության հատկացրած միջոցներով իրականացվող ծրագրերի մասին դեռեւս ոչ մի տեղեկություն չկար:
Սախարովի անվան կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Լուսինե Թոփլաղալցյանը վստահ է, որ մարզպետարանի աշխատաոճի թափանցիկությունը պետք է լիներ մինչեւ ծրագրերի հաստատումը. «Այս պահին դա հետաքրքիր չէ, ավելի հետաքրքիր է, թե համայնքները որքանո՞վ են ներգրավված եղել առաջնահերթությունները որոշելու քննարկմանը»:
«Ճիշտն ասած` տեղյակ ենք, որ կառավարությունը պիտի նման ծրագիր իրականացներ պետբյուջեի պահուստային ֆոնդի գումարներով: Փոխմարզպետին խնդրել եմ մեզ էլ ընդգրկել այդ ծրագրում: Ներկայացրել եմ մեր առաջնահերթ խնդիրները, բայց տեղյակ չենք` ընդգրկվե՞լ ենք, թե՞ ոչ: Օգնությունները համակարգող խորհրդի մարզային կառույցի անդամն էի, բայց անցած տարվա դեկտեմբերից ոչ մի քննարկման չեմ հրավիրվել»,- մեզ հետ զրույցում ասաց Շատվան գյուղի համայնքապետ Լյովա Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե իրենք մասնակցե՞լ են մարզի հիմնախնդիրների ընտրության քննարկումներին:
Ի դեպ, այս համայնքում հիշյալ գումարներով որեւէ ծրագիր չի իրականացվում: Այգուտ գյուղում սողանքներից տուժած բնակիչների համար կառավարության հատկացրած միջոցներով 15 տնակ է ձեռք բերվելու: Համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանն ասաց, որ իրենք վաղուց են մարզպետարանին հիշյալ խնդրանքով դիմել: Մարզպետն անգամ գյուղում է եղել եւ տեսել, թե ինչպես են բնակարանները քանդվել սողանքների պատճառով:
Մեզ հաջողվեց միայն այս երկու համայնքապետերի հետ զրուցել: Մեր տեղեկություններով, սակայն, որոշ համայնքապետեր դժգոհել էին, որ իրենք չեն մասնակցել մարզում իրականացվող ծրագրերի ընտրության քննարկմանը: Բայց իրենց աշխատանքից կառչած համայնքապետերը, որոնց դժվար է մեղադրելը, բնականաբար, չեն ցանկանում բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին:
Գոհար Գեւորգյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել