HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ծրագրերն իրականացվում են կասկածելի որակով

Մարզային համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի որոշումով Տավուշի մարզին հատկացվել է 896 մլն 772 հազար դրամ:

Նոյեմբերյան քաղաքում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 3 ծրագիր է իրականացվում: Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը գոհ է, որ պետական բյուջեի գումարներով սահմանամերձ քաղաքում նշանակալից գործ է արվում:

Ծրագրերից մեկով վերակառուցվելու է քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը: Մարզադաշտին կից կառուցվելու է 27 մ երկարությամբ եւ 6 մ լայնությամբ երկհարկանի շինություն, որտեղ կլինեն հանդերձարաններ, երկու փոքր մարզադահլիճ: Կառույցի երրորդ հարկը բաց է լինելու` բարձր տանիքի ներքո, օթյակի նման, որտեղից կհետեւեն ֆուտբոլային հանդիպումներին: Խաղադաշտը 6 մետր ընդլայնվելու է, համապատասխանեցվելու ֆուտբոլային մարզադաշտերի միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին, կառուցվելու է նաեւ խաղադաշտի նոր հենապատ: Այս նպատակով հատկացվել է 50 մլն դրամ, 48 մլն դրամով շինարարության մրցույթը շահել է Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Շինարարությունը նախատեսված է ավարտել ընթացիկ տարում: 

Պետբյուջեից 21.1 մլն դրամ հատկացվել է բազմաբնակարան 4 շենքերի տանիքների նորոգմանը: Քաղաքի 19 բազմաբնակարան շենքերից ընտրվել են առավել հին 4 շենքեր: 3 շենքի տանիքի հին ազբոշիֆերները փոխարինվել են նոր ցինկապատ թիթեղներով, 4-րդի տանիքի նորոգումն ընթացքի մեջ է: Աշխատանքները կատարում է նույն ձեռնարկությունը` «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Նոյեմբերյանի քաղաքապետն ասում է, որ տանիքների հին շիֆերների մեջ քչերն են ամբողջական եւ անվնաս լինում, պիտանիներն իրենք հատկացնում են քաղաքի բազմաբնակարան մյուս շենքերի վերջին հարկերի այն կարիքավոր բնակիչներին, ում տանիքը վնասված է: Ի դեպ, այս հին շիֆերներից տրամադրել են նաեւ քաղաքապետարանի վարչական շենքի տանիքի համար: 

Քաղաքում իրականացվող 3-րդ ծրագիրը գերեզմանատուն տանող ճանապարհի նորոգումն է: Աշխատանքներն իրականացնում է ճանապարհաշինության մեջ մեծ փորձ ունեցող Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն: Այս աշխատանքների համար հատկացվել է 23 մլն դրամ: 350-400 գծամետր ամբողջությամբ ասֆալտապատվել է, մնացած հատվածում` քաղաքի կենտրոնից մինչեւ գերեզմանատուն, շուրջ 3 կմ ճանապարհահատվածում փոսային նորոգումներ են կատարվել: Վերանորոգման աշխատանքներն արդեն կատարված են, այս ծրագրով նաեւ ճանապարհի հենապատեր կկառուցվեն: Աշխատանքներին խանգարում են անընդհատ տեղացող անձրեւները:

«Ինչպե՞ս է որոշվել, օրինակ, ծրագրում ընդգրկել քաղաքային մարզադաշտի կառուցապատումը»,- մեր հարցին ի պատասխան` քաղաքապետ Ս. Ամիրաղյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 5-ին վարչապետ Սերժ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Կոթի գյուղ: Այցն ավարտելով` վարչապետը ուղղաթիռով Երեւան պետք է վերադառնար Նոյեմբերյանի մարզադաշտից: «Այդ ժամանակ ես խնդրեցի քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտը նորոգելու համար 50 մլն դրամ հատկացնել»,- պարզաբանում է Սերյոժա Ամիրաղյանը: Նրա խոսքերով` մարզադաշտի հարակից տարածքը բարեկարգելու, կառուցապատելու համար նախկինում իրենք ավելի մեծ ծրագիր էին պատրաստել: Սակայն դրա նախահաշվային արժեքը մեծ է եւ ներկայումս հնարավոր չէ իրականացնել: «Համայնքի ավագանին արդյո՞ք համաձայն կամ իրազեկ է, որ նշված ծրագրերը եւ ոչ թե այլ նախագծեր պետբյուջեի ֆինանսավորմամբ կյանքի կոչվեն»,- մեր մյուս հարցին քաղաքապետը պատասխանեց, որ իրականացվող ծրագրերի հրատապությունը բազմիցս քննարկվել է ավագանու նիստերում, համայնքի ավագանու անդամները տեղյակ են, սակայն նշված առաջնահերթ ծրագրերը ավագանու հաստատմանը ներկայացնելու կարիք չի եղել: 

Սերյոժա Ամիրաղյանը գոհ է կատարված աշխատանքների որակից, 3 շենքերի տանիքները ժամանակին են նորոգվել, իսկ մարզադաշտի կառուցապատումը ձգձգվում է անձրեւների պատճառով եւ, այս պայմաններում, հնարավոր չէ հողային աշխատանքներ կատարել: Քաղաքապետը մտավախություն ունի, որ մարզադաշտի կառուցապատման ծրագիրը սահմանված ժամկետում չի ավարտվի: 

Նոյեմբերյան քաղաքի փողոցներում անցկացրած մեր հարցումները վկայեցին, որ բնակիչները հավանություն են տալիս քաղաքային գերեզմանատան ճանապարհի եւ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ընդգրկմանը պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում: Զորավար Անդրանիկ փողոցի 2-րդ շենքի տանիքը, որը վերանորոգվում էր այս ծրագրի շրջանակում, շինարարները մեկ շաբաթ առաջ ավարտված են համարել: 

Շենքի 3-րդ հարկի բնակիչ Գագիկ Գիշյանի բնակարանի առաստաղը նորոգումից հետո բազում տեղերից վնասվել է: Գագիկի կինը` Զարինեն, պատմեց, որ շինարարները նորոգման համար հին տանիքը քանդել, հեռացել են: Գիշերը հորդ անձրեւն ամբողջությամբ տուն է լցվել: Նման պատկեր էր նաեւ նրա հարեւանուհու` Մարինե Ամիրաղյանի բնակարանում: Երկրորդ հարկ ներթափանցած անձրեւը վնասներ էր պատճառել նաեւ նրանց բնակարանին: Այդ բնակարանի սեփականատեր Արտիկ Աբովյանը, սակայն, մեզ մատնացույց արեց քաղաքի կենտրոնական երկու փողոցների խաչմերուկում գտնվող շենքի ճակատից հոսող անձրեւաջուրը: Շինարարները տանիքը նորոգելուց հետո հին ջրհորդանները չեն փոխել, նույնիսկ նեղություն չեն քաշել տանիքում հավաքվող ջուրը հեռացնելու համար նախատեսված խողովակը միացնել ջրհորդանին: 

Տխուր պատկեր էր նաեւ քաղաքային մարզադաշտում: Դաշտում, աշնանային թանձր մշուշում երեւում են հողի մեծ կույտեր եւ կուտակված տուֆ քար, ինչը հուշում է, որ այստեղ երբեւէ շինարարություն է լինելու: Անուղղելի լավատես պետք է լինել` հավատալու համար, թե այստեղ մինչեւ տարեվերջ շինարարությունը կավարտվի, երբ այն դեռեւս չի սկսվել: 

Առավել ուշագրավ է այն փաստը, որ շենքերի տանիքների նորոգումը հիմնականում կատարում էին ոչ թե Իջեւանի «Հայկ եւ որդիներ» ձեռնարկության աշխատողները, այլ, մեծամասամբ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչները: Վերջիններիս մեջ թիթեղագործների հետ միասին կային նաեւ նորոգվող շենքերի բնակիչներ: Օրինակ` անձրեւից թաց տանիքի վրա հայտնվել էին 60-ամյա անառողջ մի տղամարդ եւ կրպակի աշխատող: Նրանց տեսնելով` կարծեցի, թե «հայրենասիրական մղումից» են բարձրացել իրենց քառահարկ շենքի տանիքը, որպեսզի օգնեն նորոգողներին: Սակայն պարզվեց, որ այդ մարդիկ պարզապես օրավարձով են աշխատում: 

Պետական գնումների գործակալությունում անցկացվող շինարարական մրցույթները կասկածների տեղիք են տալիս: Պատահական չի կարելի համարել, որ մարզպետարանի վերահսկողությամբ իրականացվող շինարարական 2 ծրագիրն էլ իրականացնում է Իջեւանի ձեռնարկությունը: Դա այն դեպքում, երբ Նոյեմբերյանը Իջեւանից բաժանվում է Ադրբեջանի հետ սահմանագծով եւ 70 կմ հեռավորությամբ, ինչը դժվարացնում է շինարարական տեխնիկայի եւ աշխատուժի տեղափոխումը, չհաշված բանվորների գիշերակացը: Շինարարարությունը, ինչպես վերեւում նշեցի, հիմնականում տեղացիներն են կատարում: Ընդհանրապես, պետբյուջեից այս գումարների հատկացումներն ուշ են կատարվել, եւ ձմռան շեմին դժվար է շինարարություն կատարել: 

Նոյեմբերյան քաղաքում մեր հարցման ժամանակ մի կրպակավար իրականացվող ծրագրերի վերաբերյալ ասաց. «Առջեւում նախագահական ընտրություններ են»: Նա զգուշացավ անվանապես ներկայանալ. «Ի՞նչ ես ասում, իսկույն կրպակս կփակեն»:

Նոյեմբերյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter