HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Կամուրջը կանցնես` գլուխդ կգովես

Արմավիրի մարզի սահմանամերձ Երասխահուն եւ Վարդանաշեն գյուղերն իրար կապող կամուրջը փլուզման սպառնալիքի տակ է: Բացի նշված երկու գյուղերից, այն ապահովում է եւս 14 գյուղական համայնքների, ինչպես նաեւ` մի քանի զորամասերի տրանսպորտային կապը:

6 մետր երկարություն ու 15 մետր թռիչք ունեցող կամուրջը կառուցվել է 1963 թվականին: Մինչ օրս երբեւէ ամրացման ու վերանորոգման չենթարկված կամուրջն ընթացիկ տարվա մայիս ամսից լարվածության մեջ է պահում վարորդներին: Առանց արգելապատնեշների, հսկայական խոռոչներվ երերուն կամուրջը մի շարք անհարմարություններ է ստեղծել նաեւ տարածքի բնակիչների համար: Վարդանաշենցի Լորիկ Ավետիսյանը չի մոռացել հարեւան գյուղի հրդեհը, երբ 1000 տուկ խոտն այրվեց, իսկ հրշեջ մեքենան դեպքի վայր չեկավ, որովհետեւ ռիսկ չարեց կամուրջն անցնել: 

«Շտապօգնության մեքենաներն էլ չեն գալիս. կամ գալիս` կամուրջ չհասած կանգնում են, որպեսզի մենք մեր հիվանդին այդքան տեղը հետիոտն անցկացնենք ու հանձնենք իրենց: Ճիշտ այնպես, կարծես սահմանի վրա գերի ենք փոխանակում»,- ներկայացրեց Երասխահունի բնակիչ Ալբերտ Ղազարյանը:

Վերջինս բնակվելով կամրջի հարեւանությամբ` ակամա դարձել է վտանգավոր այդ գոտին հսկողը: Կամրջից հեռանալ չի կարողանում, որովհետեւ անընդհատ պատահարներ են լինում. «Օրական մի տասը մեքենա շրջվում կամ ընկնում է այդ փոսերի մեջ ու վնասվում: Հատկապես գիշերները. մեկ էլ` օգնության կանչեր եմ լսում, կամ գալիս են քնից արթնացնում, թե` փրկի՛ր, գլորվել ենք, մարդ է վնասվել, հղի կին ենք տեղափոխում` անցնել չենք կարողանում: Ես արդեն սանտիմետր առ սանտիմետր գիտեմ` ոնց շրջանցել փոսերը, որ անփորձանք անցնեն կամուրջը. ուղղություն եմ տալիս, օգնում»,- պատմեց երթեւեկության կամավոր կարգավորողը, ով հնարավոր վթարներից խուսափելու միջոցներ էլ է ձեռնարկել: 

Մութն ընկնելուն պես կամուրջը երկու կողմերից շրջափակում է դատարկ տարաներով, որպեսզի մեքենաների լուսարձակների տակ վարորդները նկատեն դրանք ու զգուշանան: Բայց, էլ ուժ չունենալով միայնակ «սպասարկել» վտանգավոր գոտին, Ալբերտ Ղազարյանը պատասխանատու այդ գործը բաժանել է գյուղացիների միջեւ: Իրար փոխարինելով` փլուզվող կամրջի վրա շուրջօրյա հերթապահություն են անում Վարդանաշեն ու Երասխահուն գյուղերի այն վարորդները, ովքեր «դրսում» բարեկամներ ու ուսանողներ ունեն:

Վարդանաշենցի Հրաչ Թումանյանը հանգիստը կորցրել է: Ամեն օր գալիս, կամրջի մոտ սպասում է ուսանող աղջկան, որպեսզի նա մի քանի կիլոմետր ամայի տարածքը ոտքով մենակ չգնա: «Ինչի՞ նման է. ավտոբուսն արդեն քանի ամիս է վերջին կանգառ է անում կամուրջ չհասած, դրանից հետո` ով ոնց կուզի թող տուն հասնի: Էս հարցը մի ձեւով պետք է լուծվի՞, թե՞ չէ»,- հարցրեց ուսանողի հայրը:

Կամրջի պատճառով տուժում են նաեւ մի շարք գյուղական համայնքների գյուղատնտեսական աշխատանքները. Վարդանաշենում 100 հա աշնանացան ցորեն չի ցանվել, որովհետեւ հարեւան համայնքից եկող գյուղատնտեսական տեխնիկան հրաժարվում է կամուրջն անցնել: Իսկ խոշոր ու մանր եղջերավոր անասունների կամրջից անկման դեպքերն այլեւս չեն զարմացնում գյուղացիներին: 

«Եթե առաջ անասունի գլխաքանակը պակասելիս մտածում էինք, թե գուցե խառնվել է հարեւան հոտերին, հիմա անմիջապես վազում ենք կամուրջ. ինչքան լեշ ուզեք, կտեսնեք այնտեղ: Շուն ու գելի աչքը լույս»,- ասաց Լորիկ Ավետիսյանը:

Գյուղացիների ասելով` կամրջի անանցանելի վիճակը ստեղծել են Արազափի ավազահանքից ավազ տեղափոխող բեռնատարները. «44 տարի սրանց ծանրության տակ կամո՞ւրջ կդիմանա»,- ասաց Աղավնատան բնակիչ Վլադ Ավագյանը, ով, ավազով բեռնված մեքենայով, կանգնել-մնացել էր. ռիսկ չէր անում անցնել:

Կամրջի հետեւանքով պատճառված տնտեսական վնասը պետք է, որ անհանգստացնի այդ հարվածն առաջինը ստացող գյուղերի ղեկավարներին: Վերջիներիս, մասնավորապես Երասխահունի ու Վարդանաշենի գյուղապետերին, գտնել չկարողացանք. աշխատանքային ողջ օրվա ընթացքում գյուղապետարանների դռները փակ էին: Արմավիրի մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանից էլ տեղեկացանք, որ խնդիրը ոչ միայն մարզպետի, այլեւ Կապի եւ տրանսպորտի նախարարի ուշադրության կենտրոնում է: «Արդեն քանի ամիս է դա ենք լսում»,- ասացին կամավորները, ըստ որոնց` մինչեւ մարդկային զոհեր չլինեն, ոչ ոք տեղից չի շարժվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter