HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միասնական թեկնածու՞, թե՞ միասնական նպատակներ

«Ինձ մի քիչ զարմացնում է, որ միասնական թեկնածուի խնդիրը եւ՛ քաղաքական գործիչների կողմից, եւ՛ հատկապես իրենց քաղաքագետներ համարող մարդկանց կողմից այդքան մեծ ուշադրության է արժանանում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 14-ին «Արմպրոդէքսպո-2007» ցուցահանդեսում։

Ինձ էլ է զարմացնում, եւ սա առաջին դեպքն է, որ իմ ու նախագահ Քոչարյանի զարմանքները համընկնում են։

Անցած տասնհինգ տարում Հայաստանում ստեղծված ցանկացած դաշինք, բացառությամբ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնության», եղել է ընդամենը թույլերի միություն։ Դրանք հավաքված են եղել կա՛մ անձերի շուրջ, կա՛մ գումարման սկզբունքով։ Իսկ «Միասնությունը» բացառություն եղավ, որովհետեւ ստեղծվեց հզոր անձերի եւ հզոր հնարավորությունների գումարմամբ։ Որեւէ դաշինք կամ միասնական թեկնածու Հայաստանում հաղթանակ չի տարել։ Եւ այդ պատճառով դաշինքներ կազմելու կամ միասնական թեկնածուների շուրջ համախմբվելու գործը հիմա բարդացել է։

ՀՀԿ-ից բացի բոլոր քաղաքական ուժերը, որոնք հավակնում են սեփական կամ կորպորատիվ թեկնածուով մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, մեկ նպատակ են հայտարարում՝ ազատել Հայաստանը ներկա իշխանությունների ստեղծած արատավոր համակարգից։ Հակառակ դեպքում իմաստ չէր ունենա ընտրապայքարի մեջ մտնելը։ Կարո՞ղ է այս նպատակը միավորել բոլորին։ Կարծում եմ՝ ոչ։ Որովհետեւ յուրաքանչյուրն իրենն է համարում նպատակը, եւ յուրաքանչյուրը, անկախ ունեցած հնարավորությունից, կարծում է, որ հենց ինքը պետք է լինի այս իշխանություններին հաղթողը։ Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ՝ բացարձակապես չհավատալով հասարակության մեջ տարածված այն կարծիքներին, թե ընդդիմադիր թեկնածուներից ոմանք գործարքի մեջ են իշխանությունների հետ, ոմանք ինչ-ինչ կախվածություններ ունեն եւ այլն։

Այո՛, յուրաքանչյուրն ուզում է ինքը հասնել իր նպատակին։ Մեծ նպատակը մեկն է, նախագահի աթոռն էլ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է նկատել, կիսվող չէ։ Բայց արդյոք սա բացառու՞մ է ընդդիմադիր թեկնածուների որեւէ համագործակցություն։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե բաղադրենք մեծ նպատակը, կտեսնենք, որ գոնե նախընտրական շրջանում կան բոլորի շահերը շոշափող առանձին խնդիրներ։

Օրինակ՝ տեղեկատվական շրջափակումն ու անհավասարությունը։ Կարո՞ղ են ընդդիմադիր բոլոր թեկնածուները միավորվել այս խնդրի լուծման շուրջ, թե՞ ամեն մեկը պիտի սպասի այս կամ այն հեռուստաընկերության ղեկավարի բարեգթությանը կամ Սերժ Սարգսյանի PR-ի մեջ տեղավորվող նպատակահարմարությանը։ Կարո՞ղ են ընդդիմադիր բոլոր թեկնածուները ստորագրել համատեղ մի հայտարարություն եւ իշխանություններին զգուշացնել, որ այս պայմաններում լեգիտիմ նախագահ չի կարող լինել։

Կան նաեւ ընտրությունների անցկացման կարգին վերաբերող հարցեր։ Նոյեմբերի 16-ի հանրահավաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ճշգրտումներ մտցնելու հարցով պատրաստվում է դիմել միջազգային հեղինակավոր կառույցներին՝ ակնկալելով նրանց միջամտությունը։ Կմիանա՞ն մյուս թեկնածուներն այս նախաձեռնությանը՝ իրենց առաջարկները հավելելով, թե՞ կբավարարվեն եղած Ընտրական օրենսգրքով։

Պակաս կարեւոր չէ նաեւ իշխանության մարմինների կողմից իրականացվող անօրինականությունների դեմ միասնաբար պայքարելը։ Այսօր ոստիկանները հաշվեհարդար են տեսնում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանի հետ, ով տարածում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի թռուցիկները, վաղը նույնը կարող է պատահել ՕԵԿ-ի, ԱՄ-ի, ԱԺՄ-ի, ՆԺ-ի, ինչու չէ՝ նաեւ ՀՅԴ-ի ակտիվիստների հետ։

Այլ բան է, երբ առանձին թեկնածուներ եւ առանձին կազմակերպություններ հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով, ուրիշ է, երբ բոլորը միավորվելով՝ արտահայտում են արատավոր երեւույթներն իրենց ճանապարհից վերացնելու միասնական կամք։

Միջազգային կազմակերպության մի ներկայացուցիչ մասնավոր զրույցի ընթացքում լսելով իմ կարծիքը լիովին վերահսկելի լրատվամիջոցների մասին՝ զարմանքով նկատեց, որ առանձին մարդկանցից, առանձին քաղաքական գործիչներից նման տեղեկություն ստանալով, այնուամենայնիվ, երբեւէ չի զգացել այդ երեւույթի վերացման հանրային պահանջ։ Իսկ հանրությանն այսօր առավել քան ամբողջական կարող է ներկայացնել այն մարդկանց խումբը, ովքեր հավակնում են ժողովրդի քվեները ստանալով ստանձնել նախագահի պաշտոնը։

Յուրաքանչյուր առանձին թեկնածուի հաղթանակը պատկերացնելով՝ ես՝ որպես շարքային քաղաքացի, չեմ տեսնում վաղվա ընդդիմությանը։ Քաղաքական դաշտն այնպես է աղավաղված, որ ներկա իշխանությունը, պարտություն կրելով, անմիջապես մտնելու է հաղթողի տակ (կներեք, սա Ռոբերտ Քոչարյանի բառապաշարից է)։ Ուրեմն նա, ով բնական ճանապարհով պիտի վերածվեր ընդդիմության, փորձելու է տարրալուծվել իշխանության մեջ, հատկապես որ ապագա նախագահը նոր սահմանադրությամբ չունի Ազգային ժողովը ցրելու լիազորություն։

Ուրեմն, ո՞վ է (կամ ովքե՞ր են) լինելու ապագա իշխանության ընդդիմադիրները, եւ ամենակարեւորը՝ ի՞նչ պայմաններում են գործելու՝ խստիվ վերահսկելի եւ պատվեր կատարող հեռուստաընկերությունների՞, պետական մարմինների ամենաթողությա՞ն, աշոտյանների ու գալուստսահակյանների երկնած Ընտրական օրենսգրքի՞…

Ազատ ընտրություններին խոչընդոտող ցանկացած երեւույթի դեմ միավորվելով՝ յուրաքանչյուր թեկնածու ինքնաբերաբար երդում կտա իրեն եւ մյուսներին՝ իշխանության գալու դեպքում չանել ներկաների սխալները։ Յուրաքանչյուր թեկնածու հանձն կառնի հաղթանակի դեպքում առաջին հերթին այս խնդիրները լուծել, իսկ չհաղթելու պարագայում պայմաններ կապահովի ի՛ր ընդդիմադիր գործունեության համար։

Ազատ ընտրություններին խոչընդոտող ցանկացած երեւույթի դեմ միավորվելով՝ քաղաքական ուժերը յուրօրինակ մի հռչակագիր կստորագրեն՝ ուրվագծելով վաղվա քաղաքակիրթ երկրի պատկերը։

«Սիրել նշանակում է ոչ թե իրար նայել, այլ նայել միեւնույն ուղղությամբ»,- ասել է Ֆրանսուա դը Լառոշֆուկոն։ Բարձր աթոռի համար պայքարող թեկնածուների մեջ գուցեեւ կան մարդիկ, ովքեր խորշում են իրար նայել, բայց միեւնույն ուղղությամբ նայելիս կտեսնեն վաղվա Հայաստանը, ինչի համար այսօր պայքարում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter