HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն

Արփի Հարությունյան

Անցնելով 12-ամյա կրթական համակարգին` Հայաստանի դպրոցները այս տարի շրջանավարտ չունեցան, ինչի հետեւանքով 15 անգամ կրճատվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը:

Դիմորդների կրճատման հետեւանքով` այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատւթյունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հոգի` նախորդ տարվա մոտ 18 000-ի փոխարեն:

Դիմորդների թվի նվազման հետեւանքով ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում բուհերը կանգնած են կադրային կրճատումների եզրին, սակայն նրանք պնդում են, որ մասսայական կրճատումներ չեն լինի:

Կրթության եւ գիտության նախարարության բուհերի համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ այս տարի դիմորդների թվի կրճատման միտումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով: Հայաստանի դպրոցական կրթության համակարգը փոփոխվել է 2009-ին` 47 եվրոպական երկրների կրթական համակարգերի սկզբունքները սահմանող Բոլոնիայի գործընթացի շրջանակներում:

Այնուամենայնիվ, այս տարի դիմորդների պակասը գերազանցել է անգամ ամենահոռետեսական կանխատեսումները, եւ բուհերը կանգնելու են բյուջեի կրճատման խնդրի առջեւ: Երեւանի պետական համալսարան (ԵՊՀ) է դիմել ընդհանուր դիմորդների գրեթե կեսը` 321 անվճար եւ 2 195 վճարովի տեղերի համար: 54 մասնագիտություններ առաջարկող բուհում ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես դիմորդ չունեն, ինչպես էկոլոգիական քիմիան կամ կենսաինֆորմատիկան:

«Այս տարվա դիմորդները նախորդ տարիների դպրոցի շրջանավարտներ են, ովքեր կամ ձախողել են ընդունելության քննությունները նախորդ տարիներին կամ սովորել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ հիմա ուզում են բուհ ընդունվել:  Կան սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու բանակից զորացրվածներ», - նշում է Սասուն Մելիքյանը:

Նույնիսկ եթե բոլոր 1209 դիմորդն էլ բուհ ընդունվեն, 19 719 տեղ թափուր կմնա, քանի որ 2011 ուսումնական տարվա համար բուհերում հատկացված է 2 428 անվճար եւ 18 500 վճարովի տեղ:

Մելիքյանի խոսքերով` դիմորդների թվի կրճատման հետեւանքով բուհերին սպասվող ֆինանսական խնդիրները կարող են բարդ իրավիճակ ստեղծել, սակայն նա դժվարացել է նշել, թե որքանով կկրճատվեն բուհերի ֆինանսական միջոցները: Պաշտոնյան հայտարարել է, որ պետությունը հավելյալ ֆինանսական աջակցություն չի նախատեսում բուհերի համար:

Նա նշել է, որ կրթական համակարգի համար դժվար, բայց հաղթահարելի տարի է լինելու, ընդ որում, հաղթահարման մեթոդները բուհերն իրենք պետք է որոշեն` ըստ իրենց առանձնահատկությունների. «Չեմ կարծում, որ պետական բուհերը շատ լուրջ խնդիրներ ունենան: Ամեն դեպքում մասսայական կրճատումներ չեն լինի»:

Դիմորդների հարցն առավել խնդրահարույց է մասնավոր բուհերի համար:

Գլաձոր համալսարանի 1000 ուսանողի վարձավճարից գոյացած տարեկան եկամուտը կազմում է մոտ 25-30 միլիոն դրամ, որն այս տարի լավագույն դեպքում կիսով չափ կնվազի: Այդուհանդերձ, Գլաձորի ղեկավարությունը չի նախատեսում կադրային կրճատումներ, բայց կանխատեսում է ֆինանսական ճգնաժամ, որը հաղթահարելու համար կցանկանար ստանալ եթե ոչ նույնչափ, ապա գոնե որոշակի պետական հոգածություն, ինչպիսին ստանում են պետականները:

«Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետականների, միանգամայն ինքնաֆինանսավորվող են, հետեւաբար այս տարին պարզապես մարտահրավեր է լինելու ոչ պետական բուհերի համար», - ասում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշում է, որ այս տարի մայր բուհում կլինեն ֆակուլտետներ, որոնք համարյա դիմորդներ չեն ունենա, հետեւաբար, այստեղ ֆինանսական ճգնաժամն առավել զգալի կլինի:

«Վիճակը մտահոգիչ է բնագիտական ֆակուլտետներում, ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետի առանձին մասնագիտություններում: Ընդամենը 1 դիմորդ ունի 20 անվճար տեղով միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինը, որն այս տարի բացվել է ֆիզիկա ֆակուլտետում: Մինչդեռ պետությունը նախատեսում էր այս բաժնի շրջանավարտներին ապահովել աշխատանքով», - ասում է Գալստյանը:

Նախորդ տարիների ամենավարկանշային իրավագիտություն ֆակուլտետում կան միայն վճարովի տեղեր. 110 տեղի համար` 53 դիմորդ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ է դիմել 28 հոգի` 80 վճարովի տեղերի համար:

«Եթե դիմորդ չլինի տվյալ ֆակուլտետում, բնականաբար, առաջին կուրս չի ձեւավորվի, իսկ այն ֆակուլտետները, որոնք կունենան 2-3 առաջին կուրսեցի, ըստ երեւույթին հարակից մասնագիտությունները միավորելով` կստեղծվեն խմբեր», - բացատրում է Գալստյանը:

Իրականում նույնիսկ այս սակավաթիվ դիմորդներից ոչ բոլորը կկարողանան հաղթահարել ընդունելության քննությունների արգելքը: Դրական միավորի շեմը մինչ օրս չի հաղթահարել 25 դիմորդ, որը ընդհանուր դիմորդների մոտ 5 տոկոսն է կազմում:

«Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պահանջով այս տարի թեստեր կազմող հանձնաժողովներն այնպես են կազմել քննաթերթիկները, որ նվազագույն անցողիկ միավորը լինի հեշտ հաղթահարելի», - ասում է ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը:

Սակայն, նույնիսկ այս դեպքում դիմորդներից շատերը կարող են ձախողել ընդունելության քննությունների երկրորդ փուլը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի Մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանի մտահոգությունը ոչ միայն  դիմորդների պակասի, այլեւ նրանց որակի հետ է կապված:

«Կան դիմորդներ, որ ընդհանրապես տեղյակ չեն թեստերից, անգամ դիմումների լրացման ձեւը չգիտեին: Քննությունների ընթացքում մենք ստիպված էինք շատերին բացատրել` ինչպես լրացնեն քննաթերթիկները», - ասում է Նասիբյանը:

Արփի Հարությունյանը ազատ լրագրող է Հայաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» (# 597, 24-ը հունիսի, 2011թ.) պարբերականից: (www.iwpr.net)

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Ապրի, Արփի Հարությունյանը, որ մասսայականի փոխարեն զանգվածային գրեր, ընդհանրապես անգնհատելի կլիներ Ինչ վերաբերում է դիմորդներին, բուհերը թող քիչ-քիչ տրամադրվեն արդեն, որովհետեվ մի քանի տասնյակ տարուց էլ դիմորդ էլ չեմ ունենա... մենակ մի քանի հնդիկ ու պարսիկ, եթե տարածքներն էլ մինչ այդ հանձնեն, մի երկու անորակ Մուստաֆա էֆենդի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter