Օրենքն ու բարոյականությունը` արհամարհված
«Վալլեքս Գրուպ»-ում ընդգրկված «ԷյՍիՓի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի հարցազրույցում («Կփակվի՞, արդյոք, Ալավերդու պղնձաձուլարանը», «Հետք», 03.09.2007 թ.) մեկ անգամ եւս արտացոլվում է ընկերության հիմնական նպատակը` շահագործել Թեղուտի հանքավայրը, փակել Ալավերդու պղնձաձուլարանը, արտահանել պղնձի կոնցենտրատը:
Անտառահատմանը վերաբերող այն հարցին, թե «Ձեր տարածած առաջին տեղեկատվության մեջ եղել է 600 հա», Գ. Արզումանյանը պատասխանում է. «Այո, բայց հետո դրանք ճշգրտվել են: Պարզվել է, որ այդ 600 հա անտառային հողում կան նաեւ տեղեր, որտեղ ծառեր չկան, բացատներ են: Դրանից հետո մի անգամ ճշտվել է, դարձել է 510, հիմա պարզվել է, որ հատվելու է 357 հա: Այսինքն` մեզ անհրաժեշտ է լինելու հատել 357 հա անտառ: Այս պահին ունենք ճշգրիտ հաշվարկ` ծառերի քանակով, տեսակով, բների հաստությամբ, տարիքով: Այդ հաշվարկը ցանկացած անձի կարող ենք տրամադրել, եթե ուզեն, թող գնան ստուգեն»:
Պատասխանից պարզորոշ հասկացվում է, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը կազմելուց, շրջանառության մեջ դնելուց հետո է միայն ընկերությանը հայտնի դարձել, որ նշված անտառտարածքում կան նաեւ բացատներ: Այն դեպքում, երբ նման խնդիրները պարտադրաբար պարզաբանվում են մինչ նախագիծը կազմելը: Հետաքրքիր է, այդ ի՞նչ հաշվարկներ են. եթե առաջին դեպքում ընկերությունը, ասենք, հայտնաբերել է բացատները եւ 90 հա-ով փոքրացրել ոչնչացվելիք անտառտարածքը, ապա երկրորդ դեպքում ինչպե՞ս են հիմնավորում արդեն համարյա կրկնակի նվազումը: Տնօրենի այն ինքնավստահ հայտարարությունը, որ «այս պահին ունենք ճշգրիտ հաշվարկ» եւ «եթե ուզեն, թող գնան ստուգեն», թերեւս պայմանավորված է նրանով, որ նա արդեն գիտի, որ Թեղուտի պահպանության խնդրով շահագրգիռները ստուգումներ կատարելու միջոցներ չունեն, նաեւ այն, որ եթե անգամ այդ ստուգումները կատարվեն ու նոր կոծկումներ բացահայտվեն, միեւնույն է, դա նույնպես չի փոխի իրերի դրությունը, քանզի ընկերությունը կարողանում է նախագծում թույլ տված անգամ կոպիտ խախտումերն ու կեղծիքները չշտկել, այդուհանդերձ վայելել որոշ նախարարների, գուցեեւ բարձրյալների համակրանքը:
2007 թ. օգոստոսի 25-ին ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եղանք Թեղուտի անտառի այն հատվածներում, որտեղ նախատեսվում է իրականացնել հանքահանում-հանքավերամշակում: Այդտեղ հայտնաբերեցինք ԽՍՀՄ Կարմիր գրքում գրանցված Կովկասյան խուրմա (Diospryros Lotus L.) շատ հազվադեպ ծառատեսակը եւ 1,12 մ կոճղի տրամագծով կաղնի (տեղացիները պնդում են, որ այդտեղ կան ավելի հաստաբուն կաղնիներ), այն դեպքում, երբ «ԷյՍիՓի» ընկերության կազմած նախագծում այդ հազվադեպ ծառատեսակը բացակայում է, իսկ ամենահաստաբուն կաղնու կոճղի տրամագիծն ընդամենը 28 սմ է: Կարծում եմ` այս փաստը նույնպես ուշադրության չի արժանանա...
Այն հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է բնապահպանության նախարարությունը Ալավերդու պղնձաձուլարանում ստուգումներ անցկացրել, տնօրենը պատասխանում է. «Նախարարության աշխատակիցների հետ վեճ է եղել հանքաքարում պղնձի պարունակության հետ կապված: Մենք ընդունել ենք նախարարության տեսակետը` բնօգտագործման վճարները վճարել ենք իրենց ասած քանակներից ելնելով, եւ դրանով վեճը հարթվել է: Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի գործունեությանը, պետք է հասկանալ, որ եթե կան բնապահպանական օրենսդրության խախտումներ, ապա այդ խախտումների համար առաջնորդվում ենք օրենսդրությամբ եւ վճարում ենք օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները: Օրենքը չի արգելում սահմանային թույլատրելի չափերից ավելի արտանետումներ, այլ սահմանային թույլատրելի չափերից ավելի արտանետումների դեպքում պահանջում է համապատասխան վճարումներ: Մինչեւ 2005 թ. հուլիսի 1-ը արտանետումների թույլատրելի սահմանաքանակների գերազանցման համար վճարման ենթակա գումարը եղել է եռապատիկ ավելի, դրանից հետո` հնգապատիկ կամ տասնապատիկ ավելի` կախված գերազանցման չափից»:
Պարզ հասկացվում է, որ պղնձի իրական պարունակությունը թաքցվել է, այսինքն` կեղծարարություն (պետական ունեցվածքի շորթման փորձ) է եղել, ինչը բացահայտվելուց հետո ընկերության ղեկավարները վճարել են նախարարության ներկայացուցիչների «ասած քանակներից ելնելով»: Եթե տնօրենը ասում է. «Օրենքը չի արգելում սահմանային թույլատրելի չափերից ավելի արտանետումներ», ուրեմն պետք է իմանա, որ չկա այնպիսի օրենք, որը թույլատրի տարիներ շարունակ մթնոլորտում թունավոր նյութերի թույլատրելի քանակների տասնապատիկ եւ ավելիի գերազանցման պայմաններում պահել մի ամբողջ քաղաքի բնակչություն (22 հազար մարդ): Այս առնչությամբ մեջբերեմ լրագրողներ Արփի Հարությունյանի եւ Մարիաննա Գրիգորյանի հոդվածից («ԱրմենիաՆաու», 2007 թ., մայիս). «Առողջապահության նախարարության տրամադրած վիճակագրությունը պարզ արտացոլում է, թե ինչպիսի խնդիրներ են սկսվում 2000 թ. հետո: Եթե 1992թ., երբ գործարանը չէր աշխատում, չի արձանագրվել արատավոր ծննդի ոչ մի դեպք, ապա 2001 թ. Ալավերդիում գրանցվել է բնածին շեղումով 28 դեպք, իսկ 2004թ. այդ թիվն աճել է մոտավորապես 5 անգամ` հասնելով 107-ի: «Վերջին մի տարվա ընթացքում հայտնաբերել ենք հիդրոցեֆալիա (երբ ուղեղի փոխարեն պտղի մոտ ջուր է` ուղեղի գերջրություն), անենցեֆալիա` գլխի դիմային մասը կա, իսկ ուղեղը չկա, ողնաշարի ճողվածք, «երկու գլխանի» պտուղ (գլխանման պարկ` լցված ջրով) եւ այլ արատներ: Դրանք հիմնականում կյանքին անհամատեղելի արատներ են, եւ մինչեւ ծննդաբերությունը արհեստական վիժում է կատարվում»,- ասում է Ալավերդու ծննդատան գլխավոր բժիշկ Ամալյա Ազատյանը: Ըստ վիճակագրության` բացի պերինատալ շրջանում առաջացած արատներից ու հիվանդություններից, վերջին մի քանի տարում ավելացել է նաեւ չարորակ գոյացություններ ունեցող մարդկանց թիվը: Ալավերդու պոլիկլինիկայի տվյալների համաձայն` եթե 2002 թ. գրանցվել է 360 դեպք, ապա 2003 թ.` արդեն 392, եւ 2004-ին` 411: Գրեթե նույն պատկերն է շնչառական հիվանդությունների պարագայում: Եթե 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչեւ 14 տարեկան 697 երեխա, ապա 2003-ին այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 1389-ի: Ըստ Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ղեկավար Էմիլ Բաբայանի` ինստիտուտի կատարած հետազոտությունները պարզել են, որ Ալավերդու մանկապարտեզներում երեխաները մտավոր ունակություններով 7-10 բալով նորմայից հետ են մնում: Հակառակն է պնդում կոմբինատի ներկայացուցիչ Անդրանիկ Ղամբարյանը. «Դրանք սուտ տեղեկություններ են: Ոչ մեկը չի կարող բացառել, որ արտանետումները կան, բայց դա վնաս չի տալիս: Մարդիկ նախանձից են նման լուրեր տարածում»: Պղնձաձուլական կոմբինատի ղեկավարությունը հավաստիացնում է, որ մոտ ապագայում տեղադրվելու են ֆիլտրեր, որոնք կանխելու են օդային ավազանի աղտոտումը: «2008-ի վերջերին երկու փուլով կգործարկվեն ֆիլտրերը, որոնք կլուծեն էկոլոգիայի խնդիրը: Տեխնիկան բերում են Սլովակիայից: Մի մասը նոր է, մի մասը` օգտագործված»,- ասում է «ԷյՍիՓի» ընկերության լրատվական բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը: Մինչդեռ Ալավերդու քաղաքային իշխանության որոշ օղակներ (ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները) փաստում են, որ ներկրվող սարքավորումներն արտադրությունից դեմոնտաժված են եւ, ըստ էության, խոտան»:
Ըստ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի փաստաթղթի (18.10.2005թ., N25-7/55-1135)` 1994 թ. Ալավերդի քաղաքում ծնվածների թիվը կազմել է 273, իսկ մահացածներինը` 241: Նույն հիմնարկության տվյալներով` 2006 թ. գրանցվել է 179 ծնունդ եւ 190 մահ...
Ինչ վերաբերում է եռապատիկ, հնգապատիկ կամ տասնապատիկ վճարումներին, ապա բազմիցս նշվել է, որ տարիներ շարունակ ընկերությանն արտոնվել է խոշոր տուգանքներ չվճարել, որպեսզի այդ գումարներով կարողանա քաղաքի մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի քանակը համապատասխանեցնի ընդունված նորմաներին եւ մաքուր պղինձ ու հարակից մետաղներ ստանա: Ընկերությունը օգտվում է այդ արտոնությունից` չի վճարում, սակայն հոգ չի տանում կատարել ստանձնած պարտավորությունները: 2006 թ. ընկերությունը պղնձաձուլարանից մթնոլորտ արտանետած թունավոր նյութերի համար 128,1 մլն դրամ բնապահպանական վճար է մուծել, որից 127,9-ը` ծծմբային անհիդրիդի (26,7 հազար տոննա), իսկ 0,197-ը` 104,7 տոննա տարբեր ծանր մետաղների աէրոզոլեր պարունակող անօրգանական փոշու դիմաց (Շվեդիայում նշված քանակի ծծմբային անհիդրիդ օդ արտանետելու համար անհրաժեշտ կլիներ վճարել 54,5 մլն ԱՄՆ դոլար, հասկանալի է, որ եռապատիկ, հնգապատիկ կամ տասնապատիկ հավելյալ վճարների դեպքում անհամեմատ ավելի մեծ թիվ կստացվի): Այդ նույն տարում մթնոլորտ է արտանետվել 12տ մկնդեղ, 41տ ցինկ, 2,9տ կապար, 2,9տ պղինձ: Եվ ի՞նչ է պարզվում. ընկերությունն այդ նյութերը մթնոլորտ արտանետելու համար բնավճար չի վճարել եւ չի վճարում: Այսպիսի արտոնություններն են, որ «գթասիրտ» օտարների եւ «հայրենասեր» հայերի մեջ Հայաստանում (թույլ իշխանություն եւ ոչ խիստ օրենքներ եւ դրանք շրջանցելու պայմաններ ունեցող երկրում) ներդրումներ կատարելու բուռն ձգտումներ են առաջացնում: Հազարավոր տարիներ առաջ շումերական առասպելներում Հայաստանը համարվում էր դրախտ, 20-րդ դարի վերջերին թուրքական մամուլը Հայաստանը որակեց անորակ ապրանքների իրացման դրախտ, այժմ էլ Հայաստանը, այսպես կոչված, ներդրողների համար դառնում է գերշահույթ ստանալու դրախտ:
Ընկերության տնօրենն անհեռանկար է համարում պղնձաձուլարանի գոյությունը. «Եթե չկարողանանք երկարաժամկետ լուծումներ գտնել, բացառված չէ, որ ստիպված լինենք 2009 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը»: Պարզվում է` ի սկզբանե պղնձաձուլարանի վերակառուցումը եւ էկոլոգիական նորմերին հասցնելու խոստումներն արվել են միայն նրա համար, որ կարողանան նախնադարյան եղանակով պղնձաձուլարան աշխատացնել եւ խոշոր տուգանքներ չվճարել, ինչպես նաեւ ` տիրանալ Թեղուտի հանքավայրին: Նա նաեւ ասում է. «Այն պահին, երբ Հայաստանում կունենանք մի քանի տասնյակ հազար տոննա պղնձի արտադրություն, այդ պահին գուցե արդարացված լինի նոր, հզոր պղնձաձուլարանի կառուցումը»: Ի՞նչ է, նույնիսկ սեւ պղնձի արտադրածավալների մի քանի անգամ հզորացման դեպքում անգամ ընկերության համար դեռեւս հստակեցված չէ՞ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու հարցը: Եթե այդպես է, ապա մինչ գործարանի շահագործումն ընկերությունն ինչու՞ էր խոստանում գործարանը հագեցնել ժամանակակից տեխնոլոգիաներով, դրա հետ մեկտեղ արտադրել մաքուր պղինձ, կորզել հարակից մետաղները (ոսկի, արծաթ, ռենիում եւ այլն), հիմնել պղնձալարերի եւ պղնձե իրերի արտադրություններ:
Տնօրենն իրավական, տնտեսական ի՞նչ հիմնավորումներ ունի, որ ասում է, թե «համոզված եմ, որ այս ընթացքում լայնածավալ աշխատանքներ ենք սկսելու Թեղուտում», չէ՞ որ այդ խնդրում առկա են բազում ապօրինություններ:
«Լեռնահանքային արդյունաբերության մեջ էկոլոգիան ի՞նչ տեղ ունի» հարցին Գագիկ Արզումանյանը պատասխանում է. «Եթե երկիրը գտնվում է ճգնաժամային վիճակում, անհամեմատ ավելի մեծ է գայթակղությունը` անտեսել բնապահպանական խնդիրները եւ զարկ տալ տնտեսությանը: Այսինքն` դա օբյեկտիվորեն հասկանալի է, բայց ես ուրախ եմ նաեւ, որ գնալով ավելի մեծ ուշադրության են արժանանում բնապահպանական խնդիրները: Ուղղակի մեր միակ խնդիրն այն է, որ դա լինի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված»:
Անընդունելի է բնապահպանական խնդիրներն անտեսել եւ զարկ տալ տնտեսությանը: Հայտնի է, որ էկոլոգիական չափանիշների անտեսումը բերում է այնպիսի ավերածությունների, որոնց հետեւանքների վերացման համար կպահանջվեն հսկայածավալ ներդրումներ, իսկ հաճախ էլ դրանք անհնար է շտկել: Իր ասածը թերեւս մեղմելու համար նա հավելում է, որ ուրախ է բնապահպանական խնդիրներն ուշադրության արժանանալու համար: Սակայն...
Թեղուտ հանքավայրի նախագծում տեղ գտած խախտումների, կեղծիքների եւ այլ թերությունների առնչությամբ Հայաստանի կանաչների միությունը 2007 թ. փետրվարի 9-ին Գրողների միության դահլիճում մամուլի ասուլիս կազմակերպեց: Այդտեղ նաեւ ասվեց, որ բնապահպանության նախարարությունն այդ նախագծին տվել է դրական եզրակացություն: Միջոցառումից անմիջապես հետո ընկերությունը տարածեց հետեւ յալ հայտարարությունը. «Հայաստանի Գրողների միության դահլիճում ս/թ փետրվարի 9-ին կայացած` «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի վերաբերյալ քննարկումների ընթացքում, ինչպես հայտնի դարձավ մամուլի հրապարակումներից, հնչել են իսկությանը չհամապատասխանող ելույթներ: Այս կապակցությամբ «ԷյՍիՓի» ՓԲԸ բոլոր շահագրգիռ անձանց, այդ թվում նաեւ հիշյալ քննարկումների մասնակիցներին եւ կազմակերպիչներին, հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների, ինչպես նաեւ ` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության ս/թ փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Գրողների միության դահլիճում» («ՀՀ», 14.02.2007 թ.):
Նշված օրը Գրողների տանը պրն Արզումանյանն ասաց, որ ոչ թե երկխոսություն, այլ մամուլի ասուլիս է լինելու: Ներկաներից մի քանիսի այն պնդմանը, որ հրավիրված ենք քննարկման, եւ յուրաքանչյուր մեկնաբանությունից հետո Կանաչների ներկայացուցիչը պետք է իր կարծիքը հայտնի, նա պատասխանեց, թե ամենեւին անհրաժեշտ չէ լսել Կանաչներին, որովհետեւ նրանք մեկ շաբաթ առաջ իրենց ասելիքն արդեն ասել են, իսկ «եթե չեք ուզում ասուլիսին ներկա լինել, կարող եք դահլիճից հեռանալ, «դուռը բաց է»»: Նյութը ներկայացնելիս տնօրենը խոսում էր այնպիսի հաղթական կեցվածքով, որ կարծես հերքում է մեր ասածը, սակայն ընկերությանն ուղղված մեր մեղադրանքներից եւ ոչ մեկը չկարողացավ ժխտել: Կարծում եմ` այդ շոուն ինչ-որ նպատակով էր կազմակերպված, որն ամբողջովին տեսագրեցին իրենց իսկ հրավիրած օպերատորները:
Հարցազրույցում Գ. Արզումանյանն ասում է. «Ես մեծ ցավ եմ ապրում, որ շատ հաճախ տեղեկատվություն է տրվում, օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ, որը բացարձակապես որեւէ առնչություն չունի իրականության հետ»:
Նրա ասած իրականության հետ որեւէ առնչություն չունեցող նյութերից է նաեւ «Զոհասեղանին են դրված Լոռվա մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերն իրենց հարակից անտառներով» վերլուծականը, որը մինչ հրապարակելն ուղարկել ենք «Վալլեքս գրուպ» եւ ստացել ընկերության պաշտոնական պատասխանը` վերնագրված «Հայաստանի Կանաչների միության դիտողությունների եվ առաջարկությունների պատասխանները Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագծի վերաբերյալ», որից մեջբերեմ քաղվածքներ.
|
Հարցեր, դիտողություններ, առաջարկներ |
«Արմենիան Քափըր Փրոգրամ» (ԷյՍիՓի) ՓԲԸ պատասխանները |
|
1. Հանքարդյունահանումը, էկոլոգիական վնասներ հասցնելուց բացի, սպառնում է նաեւ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների` իրենց բնօրրանում ապրելուն, որովհետեւ նրանց խմելու եւ ոռոգման ջրի միակ աղբյուրը Շնող գետն է, դրա վտակներն էլ սնվում են հանքահանման համար նախատեսված տարածքներից: Եվ այդ գետը կանգնած է թունավորվելու վտանգի առաջ: Իսկ դրա հետեւանքը լինելու է այն, որ մարդիկ թողնելու են իրենց տներն ու հեռանան այդ գյուղերից: |
Արտադրական նպատականերով ջրերը վերցվելու են Դեբեդ գետից, որը չի կարող ազդել Շնող գետի դեբիտի վրա: Ձեռնարկությունն աշխատելու է լրիվ շրջանառու համակարգով, ինչը բացառում է արտադրական կեղտաջրերի արտահոսքը բաց ջրային օբյեկտներ: Կոմբինատի շահագործման ազդեցությունը Շնող գետի ջրերի վրա կսահմանափակվի գետից 3,7լ/վրկ չափով խմելու ջուր վերցնելով (Շնող գետի միջին տարեկան ծախսը, ինչպես նշված է նախագծի 1.12 աղյուսակում, կազմում է 436,2լ/վրկ): Պետք է գիտակցել, որ Շնող գետի ջրերը, թափվելով Դեբեդ գետը, օգտագործվում են հարեւան երկրների (Ադրբեջան, Վրաստան) կարիքների համար: Տնտեսակենցաղային կեղտաջրերը 1.8 լ/վրկ ընդհանուր ծավալով կենսաբանական մաքրումից հետո կթափվեն Շնող գետ՝ Շնող գյուղից ներքեւ: Ինչ վերաբերում է բնակչության վիճակին, այսօր տարածաշրջանում գործազուրկների թիվը հասնում է 1873-ի: 2001 թվականին նախորդող տարիների ընթացքում բնակչության միգրացիան կազմել է Շնող գյուղից 13,2 տոկոս, Թեղուտ գյուղից -53 տոկոս, (ՇՄԱ - աղ. 3.2.4, էջ 90): Առաջարկվող նախագծի իրականացման դեպքում շինարարական աշխատանքների ժամանակ, որոնց տեւողությունը 3,5 տարի է, կպահանջվի 1700 աշխատող, իսկ շահագործման ընթացքում` 1430 աշխատող: Բացի այդ, կոմբինատին սպասարկելու համար (սնունդ, կենցաղսպասարկում, առեւտրական օբյեկտներ, ծառայություններ) լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն Շնող եւ Թեղուտ գյուղերում: |
|
2. Հանքարդյունահանման ավարտից հետո ինչո՞վ են զբաղվելու տեղացի աշխատողները: |
Հաշվի առնելով հանքավայրի շահագործման ժամանակը` տեղացի բնակչությունը 65-70 տարի աշխատանքով ապահովված կլինի: |
|
3. Մեծ թեքության վրա եւ միլիոնավոր տոննա պոչանքի ճնշման պայմաններում պատվարի եւ կավի շերտի կայունության ապահովման երաշխիքները հիմնազուրկ եւ ծիծաղելի են: |
Լեռնամետալուրգիայի ինստիտուտի հիդրոտեխնիկ-ճարտարագետները նախագծել են թե՛ Հայաստանի, եւ թե՛ նախկին ԽՍՀՄ մի շարք մեծածավալ պոչամբարներ, որոնք հաջողությամբ շահագործվում են մինչեւ օրս: Նախագիծը կատարված է միայն անհրաժեշտ հաշվարկների եւ գործող նորմերի հիման վրա: |
|
4. Կարելի՞ է, արդյոք, հետագայում պոչամբարի տարածքում աճած խոտն օգտագործել որպես անասնակեր: |
Պոչամբարի հետագա ռեկուլտիվացիայից հետո կկատարվեն համապատասխան հետազոտություններ: |
|
5. Պոչամբարը գտնվում է բնակավայրերից բարձրադիր վայրում, ջրագոյացման-ջրամատակարարման հանգույցում, անտառածածկ-բարեբեր վայրում, բարձր թեքության վրա եւ գետի հունում: Թվարկվածներից յուրաքանչյուրը բացառում է այդ վայրում պոչամբար կառուցելը: |
Պակասաջուր գետի ջրերը ջրհեռ կառույցներով (պատվար, ջրատար) տեղափոխվում են մինչեւ Շնող գետը: Ջրատարը ներառում է նաեւ Պակասաջուր գետի վտակների ջրերը, այնպես որ պոչամբարի առկայությունը չի խանգարում ջրագոյացման եւ ջրամատակարարման հարցերին: Ընդհանրապես, պոչամբարները լեռնային վայրերում տեղավորվում են գետերի հուներում: |
|
6. Հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը կհանգեցնի պոչամբարի պարունակությունից ստորջրյա ջրերի աղտոտման: |
Պոչամբարը կունենա երկու պատնեշ, որոնց միջեւ ընկած տարածքը կծառայի ներծծվող ջրերի հավաքման համար: Այդ ծավալն ամբողջությամբ լինելու է մեկուսացված կավի շերտով, ինչը կբացառի պոչամբարից ներծծված ջրերի արտահոսքը շրջակա միջավայր, իսկ կուտակված ջրերը կվերադառնան շրջանառու համակարգ: Բացի այդ, կկատարվի պարբերական մոնիտորինգ ջրի աղտոտումը բացառելու նպատակով: |
|
7. Պոչամբարի կավային շերտը մշտապես մնալու է կայու՞ն, թե՞ ժամանակի ընթացքում խաթարվելու է: Ինչպիսի՞ն է լինելու դրա ջրամեկուսացման ունակությունը: Արդյո՞ք վթարի դեպքում մեծ արագությամբ արտահոսող խյուսը չի պատռի պատնեշը: |
Պոչամբարը պոչանքներով նախագծով նախատեսված տեխնոլոգիայով լցվում է, պարզեցված ջրերը կոլեկտորով հեռացվում եւ օգտագործվում են շրջանառու ջրամատակարարման համակարգում: Պոչամբարի պատվարը կամաց-կամաց գետի հունով վերեւ է բարձրանում, իսկ ներքեւի մասում պատվարը ջրազրկվում եւ ամրանում է: Պատվարի ամրությունը եւ անվտանգությունը հաշվարկվում են. պոչամբարում խյուսը հանդարտ նստեցվում է, եւ այդտեղ մեծ արագությունները բացառվում են: Ինչ վերաբերում է կավային շերտի ջրամեկուսացման աստիճանին, ապա դրա անցողականությունը գործնականում մոտ է 0-ին: |
|
8. Հանքը փակելուց հետո Պակասաջուր գետի հունը կքայքայվի, եւ այն կվերադառնա իր իսկական հուն՝ ճեղքելով պոչամբարի մարմինը, ինչն աղետալի կլինի Դեբեդի հովտի համար: |
Հանքը փակելուց հետո պոչամբարը մնում է իր տեղում, շահագործվում են ջրհեռ կառուցվածքները: Պոչամբարը շահագործման ընթացքում մաս-մաս (սկսած ներքեւից) ծածկվում է հողի շերտով, եւ խոտ է ցանվում (կատարվում է ռեկուլտիվացիա), եւ դա շարունակվում է պոչամբարի լրիվ մակերեսով: |
|
9. Հանքահանման ավարտից հետո պոչամբարի եւ լցակույտերի անվտանգությունը ապահովելու համար ի՞նչ ժամանակահատվածում եւ ի՞նչ քանակությամբ ֆինանսներ են պետք: |
Պոչամբարի եւ լցակույտերի շահագործման 65-70 տարիներից հետո միայն կդիտարկվեն այս հարցերը: |
|
10. Նախագծում եւ բնապահպանական բաժնում բերված 260 տեսակի միջատները վերաբերում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի տարածքում գտնվող Թեղուտ գյուղի մոտակայքի անտառին, այլ ոչ թե Լոռվա Թեղուտի տարածքին: Կատարվել է կեղծիք: |
Տավուշի մարզի Դիլիջանի տարածքի անտառները եւ Լոռվա մարզի Թեղուտի տարածքի անտառները միմյանց շարունակությունն են եւ, բուսաբանների հավաստմամբ, պատկանում են նույն ֆլորիստիկ շրջանին: |
|
11. Ոչնչացվելիք ձկնաշխարհին հասցվելիք վնասը գնահատվել է 130 կգ եւ ընդամենը 175 հազ. դրամ, որը կենդանական աշխարհին հասցվող ամբողջ վնասն է: |
Ձկների քանակը հաշվարկված է կերային բազայի հիման վրա, որը Շնող գետի վերին հոսանքի եւ նրա վտակների համար որոշվել է փաստացի տվյալների հիման վրա (ՇՄԱ - էջ 84, աղ. 3.1.-25): |
Ինչպես տեսնում ենք, հարցերին տրված են շրջանցող, խնդրից շեղող, իսկ որոշ դեպքերում էլ` անհեթեթ պատասխաններ:
Ոչ միայն այս հարցազրույցում, այլ տեղեկատվական այլ միջոցներով տարածված նյութերում ընկերությունը ներկայանում է որպես Հայատանի տնտեսության զարգացման եւ բնության պահպանության ջատագով: Դժբախտաբար, այդ հրապարակումները հիմնականում մնում են անպատասխան այն պարզ պատճառով, որ ընկերության տեսակետը պաշտպանում են միակողմանի քարոզչությամբ լցված «պատասխանատու» լրատվամիջացները:
Բազում քննարկումներից, բանավեճերից եւ առկա փաստաթղթերից շատ պարզ պատկեր է կերտվում: Ընկերությանն ուղղակի արտոնվել է Թեղուտի հանքավայրին վերաբերող չհիմնավորված, թերի ու կեղծ տվյալներ պարունակող նախագիծ կազմել, ոտնահարել քաղաքի բնակչության կյանքն ու ապագան` նախնադարյան եղանակով շահագործել Ալավերդու պղնձաձուլարանը, բնապահպանական վճարը հիմնականում չմուծել, չկատարել պղնձաձուլարանի վերակառուցման եւ մյուս պարտավորությունները, հետագայում արտահանել պղնձի կոնցենտրատը (այսինքն` Հայաստանը դարձնել հումք արտահանող երկիր, այն էլ վատթարագույն պայմաններով)... Ընդհանրապես, Թեղուտի հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրներին որոշ չափով խորամուխ լինողները, թերեւս, համոզվեն, որ դրանցում, հավանաբար, առկա է կոռուպցիա, այն էլ` ամենաբարձր մակարդակով:
Հակոբ Սանասարյան, Հայաստանի կանաչների միության նախագահ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել