HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարապուրդից առաջ եւ հետո

Անցած գարնան սկզբին Վազգեն Մանուկյանը հրաժարվեց մասնակցել ԱԺ ընտրություններին։ Պատճառը ո՛չ հոգնածությունն էր, ո՛չ կուսակցության (ԱԺՄ) քայքայվածությունը, ո՛չ էլ դաշնակից գտնելու անհնարինությունը։ Պատճառը մեկն էր՝ շատ պարզ ու հասարակ։

Քաղաքական գործիչը, տասը տարի «օտար» միջավայրում լինելով, հասել էր սպառման իր սահմանին։ Այդ ժամանակ շատերն էին կանխատեսում, որ Մանուկյանը չի առաջադրի թեկնածությունը նաեւ մեկ տարի անց տեղի ունենալիք նախագահական ընտրություններում։

Պլանները փոխվեցին Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան հայտնությունից, իսկ ավելի ճշգրիտ՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո, որի ընթացքում առաջին նախագահը հայտարարեց ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։ Հենց այս որոշումն էր, որ շունչ ու կենդանություն պարգեւեց քաղաքական ասպարեզից բնական ճանապարհով դուրս մղված Վազգեն Մանուկյանին։ 

Ի՞նչ մոգական ուժ կար այդ որոշման մեջ, ի՞նչ զորություն, որ իշխանությունների անդորրը խաթարելուց զատ, կարողացավ նաեւ ասպարեզ վերադարձնել երբեմնի ամենաթունդ հակառակորդին։ Ոչ մի մոգական ուժ եւ ոչ մի զորություն փնտրել պետք չէ։ Պարզապես Վազգեն Մանուկյանը միշտ եղել եւ հիմա էլ մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական երկվորյակը: Եւ դա այդպես է ոչ թե բնության օրենքով, ի վերուստ սահմանված նախախնամությամբ, այլ այդպիսին ինքն է իրեն դարձրել։

Տարիներ շարունակ (մինչեւ 98-ը) քաղաքականության մեջ ձեւավորելով սեւ ու սպիտակ բեւեռներ` Վազգեն Մանուկյանն ինքն իրեն անդառնալիորեն կապել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրության հետ։ ԱԺՄ-ն՝ ղեկավար հնգյակով, շարքերով ու համակիրներով, սնվում էր ՀՀՇ-ի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի հանդեպ առկա ատելությամբ։ Այդ ատելությունն առաջացել էր հեղափոխական հույսերի փլուզումից, փոփոխված իրականությունը չընկալելուց եւ վերջապես ժողովրդի քաղաքացիական անպատրաստությունից։

Այս սնունդն իր բոլոր կալորիաներով չէին կարող օգտագործել ո՛չ կոմունիստները, որովհետեւ հեղափոխությունը նրանց ռեժիմն էր կործանել, ո՛չ էլ դաշնակցականները, որովհետեւ չէին եղել շարժման ղեկավարության մեջ։ Այս սնունդն ԱԺՄ-ինն էր, քանզի նրա առաջնորդը մեկն էր ժողովրդին հույս տվող «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից եւ, չունենալով իշխանություն, ներկայանում էր որպես դրական բեւեռ։

1996-ի նախագահական ընտրությունները (չեմ քննարկում արդյունքները, որովհետեւ երկու կողմն էլ իրեն հաղթած է ճանաչում, եւ ես որեւէ հիմնավոր փաստ չունեմ այս կամ այն կողմին հավատալ-չհավատալու) միշտ դիտարկվել են վերջին մի քանի օրվա կամ մեկ շաբաթվա իրադարձություններով։ Մինչդեռ իրականում այդ ընտրությունների ձախորդությունը պետք է փնտրել ավելի մեծ ժամանակահատվածում։

Երբ իշխանությունը զբաղված էր (երբեմն նաեւ կոշտ մեթոդներով) օրվա խնդիրներ լուծելով, ԱԺՄ-ական հնգյակը «ռասկրուտկա» էր անում ժողովրդի ատելությունը։ Երբ իշխանությունը պետության շահերը չվտանգելու համար ստիպված էր շատ բաների մասին չխոսել, ԱԺՄ-ական հնգյակը խոսում էր ամեն ինչի մասին։ Եւ վերջապես, երբ իշխանությունը հույսը դրել էր պատերազմ ու ճգնաժամ վերապրած ժողովրդի արժանապատվության վրա, ԱԺՄ-ական հնգյակը խթանում էր զանգվածների սոցիալական բնազդները։ ԱԺՄ-ն սոցիալ-տնտեսական այնպիսի անիրագործելի ծրագիր էր ներկայացնում, որ հիմա պետք է շնորհակալ լինի Աստծուց ընտրության խափանման համար։

Կարո՞ղ էին հենց նոր պատերազմն ավարտած երկրի ղեկավարները իշխանությունը զիջել ժողովրդին ամբոխ դարձրած քաղաքական ուժին։ Ինչու՞ չէ՝ կարելի էր։ Կարելի էր թիկունք դարձնել, թողնել ու հեռանալ՝ չմտածելով անգամ, թե ի՞նչ է տեղի ունենալու։ Հիմա, ավելի քան տասը տարվա հեռվից ինձ համար պարզ է, որ Հայաստանում լինելու էր քաղաքացիական պատերազմ, զինյալ հեղաշրջումներ, իրարահաջորդ հեղափոխություններ, որոնց կարող էր զուգակցվել նաեւ Ադրբեջանի կողմից հարմար պահին վերսկսված պատերազմը։ Հասարակության մեջ պատերազմական փորձառություն ունեցող հատվածի (ազդեցիկ հատվածի) առկայությունը, այդ հատվածի տնտեսական ու քաղաքական հավակնությունները եւ քաղաքացիական մշակույթի բացակայությունը ժողովրդին վերջնականորեն կարող էր վերածել խաժամուժի։

Եւ Վազգեն Մանուկյանը, ով չկարողացավ զսպել ԱԺ ներխուժած ամբոխի կրքերը, առավելեւս չէր կարողանալու ստեղծել հասարակական ներդաշնակ մթնոլորտ՝ հատկապես որ տրված խոստումներն ու նկարագրված ապագան անիրականանալի էին գոնե այդ ժամանակահատվածում։

1996-ի սեպտեմբերից տասնյոթ ամիս անց տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրություններում ԱԺՄ թեկնածուն ստացավ ընտրողների ձայների տասներկու տոկոսը։ 96-ին ինքն իրեն հաղթող ճանաչած թեկնածուի ձայները պակասեցին ավելի քան չորս անգամ։ Եթե սա բացատրենք Կարեն Դեմիրճյանի հայտնությամբ, պարզ կդառնա, որ հասարակությունն իսկապես կայացած չէր, չուներ գաղափարական կողմնորոշումներ, եւ նրա շարժիչը սոցիալական բնազդն էր։ Եթե սա բացատրենք Ռոբերտ Քոչարյանի հայտնությամբ, կապացուցվի պատերազմական փորձառություն ունեցող հատվածի մեծ ազդեցությունը։ Բայց այս ու այն կողմ չընկնելով` Մանուկյանի վարկանիշի կտրուկ անկումը կարելի է բացատրել Տեր-Պետրոսյանի հրաժարականով։ Նրա հեռանալուց հետո Վազգեն Մանուկյանը կորցրեց ընդդիմության առաջնորդի իր մենաշնորհը։

Ի՞նչ պատահեց ԱԺՄ-ական հնգյակի հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց կարճ ժամանակ անց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (ի դեպ, տասնմեկից միակը, ով եղել է Մանուկյանի կողքին) Դավիթ Վարդանյանն աշխատանքի անցավ նախագահական ապարատում։ Նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից նա տեղափոխվեց Պետական գույքի կառավարման նախարարություն եւ մի քանի աղմկոտ գործերից հետո լքեց նախարարի աթոռը՝ հեռանալով նաեւ քաղաքականությունից։ Ավելի ուշ նախագահի ապարատում աշխատանքի ընդունվեց հնգյակի մեկ այլ կարկառուն անդամ՝ Սեյրան Ավագյանը։

Տեղական ինքնակառավարման ոլորտից նախագահին խորհուրդներ տալուց հետո նա վերջերս տեղափոխվեց նորաստեղծ վերահսկիչ պալատ։ Արշակ Սադոյանն ու Շավարշ Քոչարյանը, առանձնանալով ԱԺՄ-ից, ստեղծեցին սեփական կուսակցություններ, որտեղ քարտուղարուհուց եւ կես հաստիքով աշխատող հավաքարարից բացի դժվար թե այլ շունչ լինի։ Առանձին կուսակցություններ ունենալը, սակայն, չխանգարեց, որ նրանք երեքն էլ (ՎՄ, ԱՍ, ՇՔ) լինեին միեւնույն «Արդարություն» դաշինքի մեջ։

Եթե 1999-ին ԱԺՄ-ն Ազգային ժողով էր մտել ինքնուրույն եւ ուներ չորս անդամ, ապա 2003-ին նրանք արդեն Ստեփան Դեմիրճյանի շվաքի տակ էին։ 2003-ի նախագահական ընտրություններին Ստեփան Դեմիրճյանին պաշտպանելու դիմաց ստացված երեք ձայնով ԱԺՄ-ն (հետագայում եռատված) ապրում էր խաղաղ խորհրդարանական առօրյայով։ Այս առօրյան խաթարվեց 2007-ի ԱԺ ընտրություններից առաջ։ «Արդարությունը» փլուզվեց։ Նոր դաշինքներ չկայացան։ Անգամ նախկին ԱԺՄ-ականները (բացառությամբ Մանուկյանի, նա չմասնակցեց) հանդես եկան առանձին։ Միավորվելու, ուժերը մեկտեղելու ոչ մի պատճառ չկար։

Հիմա, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է առաջադրվելու իր մտադրության մասին` դրանով ռեանիմացիայի ենթարկելով Վազգեն Մանուկյանին, Արշակն ու Շավարշը նույնպես կենդանության նշաններ են ցույց տալիս եւ միասնաբար հանդես գալու հնարավորություն երեւակում։

Ի՞նչ էին անելու այս գործիչները, եթե չառաջադրվեր Տեր-Պետրոսյանը։ Դժվար է, իհարկե, կանխատեսումներ անելը, բայց վերջին ինը տարվա (Տեր-Պետրոսյանի բացակայության շրջան) փորձը ցույց է տալիս, որ նրանք ինքնամաքրման ճանապարհ անցնելու փոխարեն անցել են ինքնաքայքայման ճանապարհ։ Եւ այսօր, երբ դանդաղորեն զարթնում է հասարակությունը, ԱԺՄ-ականները՝ համախմբված, թե առանձին, քաղաքական դերակատար լինելու շանս դժվար թե ունենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter