HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Փոքրիկ Լուսաձոր` գոյատեւման բյուջեով

Տավուշի մարզկենտրոն Իջեւանից շուրջ 5 կմ հեռավորությամբ 728 բնակիչ ունեցող Լուսաձոր համայնքն է: Գեղատեսիլ տեղանքում գտնվող, անտառի բարիքներից առատորեն օգտվող շենը մինչեւ 1931 թվականը կոչվել է Խավարաձոր:

Այդ տարի Աղստեւ գետի վրա գործարկված հիդրաէլեկտրակայանը տարածաշրջանում առաջինը հոսանք ու լույս տվեց այս գյուղին, եւ այն վերանվանվեց Լուսաձոր: Համայնքապետարանի համեստ շենքի ճակատին Հայաստանի Հանրապետական կուսակցության մեծ խորհրդանիշն է: 

«Իսկ համայնքապետարանի ցուցանակն ու՞ր է»,- հարցնում եմ համայնքապետ Սուրեն Քոչարյանին, ով, ի դեպ, անկուսակցական է: Նա ասում է, որ մի ամիս առաջ ուժեղ քամին ցուցանակը պոկել-ջարդել է: Համայնքապետը վկայում է, որ վերջին երկու ամսում Լուսաձորում բավականաչափ գործ է կատարվել. ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ համատեղ 57 հա աշնանացան է արվել, նոյեմբերի վերջին գյուղում կավարտվեն գազաֆիկացման աշխատանքները: Համայնքն այդ աշխատանքներում 2.3 կմ խողովակ է ներդրել, 1 կմ-ը` 76 մմ եւ 1.3 կմ-ը` 57 մմ տրամագծով: Նույն ծրագրով` Իտալիայի կառավարության աջակցությամբ, գյուղում 5500 արքայանարինջ կտնկվի. յուրաքանչյուր տնտեսության, ըստ ցանկության, անվճար տրվել է 5-10 տնկի, նախատեսված է նաեւ համայնքի բնակիչներին պատկանող ինքնահոս եղանակով ոռոգելի հողերում 10 հա արքայանարնջի այգու հիմնումը: Պատրաստ է խմելու ջրագծի 6 կմ ներհամայնքային ցանցի կառուցման նախագիծը: Այս գործում համայնքը ներդնում է 200 խմ տարողությամբ ամբարտակ, որը կառուցվել է խորհրդային տարիներին, սակայն ջրագծի չգործելու պատճառով պարապուրդի էր մատնված: Ընթացքի մեջ է Մթնաձոր գետից մոտ 2 կմ երկարությամբ ինքնահոս ջրատարի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստումը: Այդ ջրագծի միջոցով ներկայումս ոռոգվող 50 հա հողերը կոռոգվեն անմիջապես ջրատարի խողովակներից, ինչը կիսով չափ կնվազեցնի ոռոգման ջրի կորուստները:

Սուղ բյուջեի նվազ հավաքագրումը կամ չօգտագործվող հնարավորություններ

126 հա սեփականաշնորհված եւ 32 հա համայնքային վարելահող, 43 հա տնամերձ եւ 187 հա արոտավայր ունեցող համայնքի 2007 թ. բյուջեն ընդամենը 13 մլն 53 հազար դրամ է, որից 4.5 միլիոնը միջազգային կազմակերպությունների հատկացումներն են, 3,7 մլն-ը` պետական լրավճար (դոտացիա): Մնացածը համայնքի սեփական եկամուտներն են:

Սեփական եկամուտներից նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է ընդամենը 1 մլն 362.4 հազար դրամ, որից 277 հազար դրամը ստացվել է համայնքի բնակչին 3000 քմ տարածքի օտարումից: Իմ այն դիտարկմանը, թե սեփական եկամուտների հավաքագրումը փոքր է, համայնքապետարանի հաշվապահ Լեյլի Այվազյանն ասում է, թե հավաքագրումների աճը տարեվերջին է լինում: Համայնքապետն էլ հավելում է, որ արտագնա աշխատանքի մեկնած լուսաձորցիները տարեվերջին են Ռուսաստանից վերադառնում ու հարկերը մուծում:

Լուսաձոր համայնքն Իջեւան տանող մայրուղու երկայնքով տարածքներ ունի, որտեղ սննդի օբյեկտ, ավտոտեխսպասարկման կետ, ավտոգազալցակայան, ճանշին ձեռնարկության ասֆալտի գործարան է աշխատում: Նշված ընկերությունները նույնպես հարկերը մուծում են համայնքի բյուջե: Այս տարվա բյուջեով նախատեսված է 1 մլն 687 հազար դրամ հողի հարկի, ապառքի հետ միասին` 2 միլիոն 230 հազար դրամի հավաքագրում: Նոյեմբերի 1-ի դրությամբ ապառքի հետ միասին հավաքագրվել է ընդամենը 920 հազար դրամ: Գյուղի 187 հա արոտավայրերը գյուղացիներն օգտագործում են առանց պայմանագրերի եւ, բնականաբար, առանց վարձավճարի: Համայնքապետն ասում է, որ դրանք քարքարոտ են: Սակայն համայնքի ավագանու որոշումներից մեկով «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի» շրջանակներում այդ քարքարոտ արոտավայրերում 15 հա տարածք ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերով, տրակտորով «պարարտացրել են»: Գյուղի բնակիչներից Սուրեն Սարդարյանը գյուղամիջում մեզ հետ զրույցի ժամանակ, որին ներկա էր նաեւ համայնքապետը, ասաց, որ գյուղում արոտավայրերի պարարտացում ընդհանրապես չի եղել:

Մասնակցային գործընթաց

Համայնքապետը հավաստում է, որ գյուղում իրականացվող բոլոր ծրագրերի մասին լուսաձորցիները լավատեղյակ են, դրանք որոշվել են համայնքի ընդհանուր ժողովում, բնակիչների առաջարկով: Գյուղական զարգացման ծրագրի մեկնարկին կայացել է ծրագրի վերաբերյալ համայնքի ժողով, որից հետո ընտրվել են ֆոկուս խմբերը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից թերթիկներ են բաժանվել, եւ ցանկացողները գյուղի ներկայի եւ ապագայի մասին իրենց պատկերացումները հանձնել են «նամակով»: Լուսաձորի ապագայի լավագույն տեսլականը ներկայացրած 5 հոգի արժանացել է հուշանվերի` մարզաշապիկ, բաժակ: Համայնքապետն ասում է, որ կատարվող ծրագրերի վերաբերյալ մի քանի անգամ համայնքի ընդհանուր ժողով է անցկացրել: Երբ խնդրեցինք տրամադրել այդ ժողովների արձանագրությունները, պրն Քոչարյանը պատասխանեց. «Քանի որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից ներկա են եղել, բոլոր արձանագրություններն իրենց մոտ են, մեզ մոտ դրանք չկան: Դրանց հիման վրա կազմվել է համայնքի 2007-08 թթ. զարգացման համալիր ծրագիրը»: Հարց է ծագում` այդ ժողովներում բարձրացված հարցերը, դրանց լուծման համար արված առաջարկները միա՞յն ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակին են հարկավոր, թե՞ առաջին հերթին` համայնքին:

«Սահմանամերձ» կարգավիճակի, «Հայաստան» հիմնադրամի եւ միակ համակարգչի մասին
Լուսաձոր գյուղը, իբրեւ Ադրբեջանին սահմանամերձ, ընդգրկվել է Գյուղական զարգացման ծրագրում, որի ֆինանսավորողներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է: Սակայն համայնքապետի հետ ավելի քան երկժամյա մեր զրույցի ժամանակ նա երբեւէ չհիշատակեց այդ հիմնադրամի անունը: Լուսաձորն էլ Ադրբեջանի սահմանից բավականաչափ հեռու է: «Լուսաձորը սահմանամե՞րձ գյուղ է»,- հարցնում եմ համայնքապետին: Պրն Քոչարյանն անվրդով պատասխանում է, որ համայնքն ընդգրկված է կառավարության հաստատած սահմանամերձ բնակավայրերի ցանկում: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղյակ չե՞ն Հայաստան երկրի սահմանների մասին: Լուսաձորի համայնքապետարանում մի համակարգիչ կա, որ ստացվել է ՄԵծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարութան ֆինանսավորմամբ իրականացվող Տավուշի մարզային զարգացման ծրագրով: 

Համայնքի բյուջեի ծախսերի զգալի մասն է կազմում համայնքապետարանի 8 աշխատակիցների աշխատավարձն է: Համայնքի ավագանին ժամանակ առ ժամանակ կարիքավոր համագյուղացիներին 10-25 հազար դրամով օգնելու մասին որոշումներ է ընդունում: Համայնքի ղեկավարն ասում է, որ ոչ մի կարիքավորի չեն մերժել: Լուսաձորի բնակչուհի Թամարա Այվազյանը Երեւանում ոտքի երկու բարդ վիրահատություն է տարել, նյութական ծանր վիճակում է: Համայնքի ավագանին նրան 15 հազար դրամ աջակցելու որոշում է կայացրել, բայց համայնքապետարանն այդ գումարը դեռեւս չի տրամադրել դժվարին կացության մեջ գտնվող Թամարային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter