HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

106-րդ բանաձեւի սպառնալիքների հետքերով

Սկիզբը

Որ Սեդա անունը բավական տարածված է Թուրքիայում, գիտեի դեռ մինչեւ Ստամբուլ մեկնելս: Տեղում այդ մասին ինձ սկսեցին պատմել դեռ օդանավակայանից, երբ անձնագրային ստուգման կետում աշխատողը քմծիծաղով բացատրեց, որ անունս զուտ թուրքական է:

Ավելի ուշ այս պնդումները սկսեցին նյարդայնացնել, քանի որ ինձ հետ ծանոթացող գրեթե յուրաքանչյուր թուրք մի տեսակ հիացմունքով նշում էր հայիս` «թուրքական» անուն կրելու հանգամանքը (իրականում տատիցս ժառանգած Սեդա անունը, ըստ անունների բառարանի, արաբական ծագում ունի), թեեւ առջեւում սպասվում էին ավելի ճնշող իրավիճակներ:

Սեմինարի շրջանակներում առիթ ունեցա լինել թուրքական գյուղերից մեկում` Զեյթինդագում, որ երկրի այդ հատվածում ձիթապտղի արտադրության գլխավոր կենտրոններից էր: Մոտ 4 հազար բնակչությամբ այդ գյուղում նույնպես բազում հարազատ տեսարանների ականատեսը դարձա` թոնրի մոտ լավաշ թխող կանայք, փողոցի անկյունում նարդու շուրջ հավաքված անգործ տղամարդիկ, օտարերկրացիների հետեւից վազող մի խումբ մանուկներ եւ այլն: Ի դեպ, դժվարանում եմ ասել, թե հայկական գյուղերից որեւէ մեկում 10-ամյա պատանին ինչպես կարձագանքեր թուրք տեսնելիս, բայց տեսա ու զգացի, թե ինչպիսի ատելությամբ ընդունեց իմ ներկայությունը թուրք պատանին: Մոտ 10 տարեկան տղան անմիջապես իր շուրջը հավաքեց ընկերներին, երբ պարանոցիցս կախված բեյջի վրա կարդաց Հայաստան բառը: «Էրմենի, էրմենի...» ասելով` նա սկսեց բարձրաձայն ինչ-որ բան բացատրել ընկերներին (հիմա եմ հասկանում, թե որքան կարեւոր է «թշնամու» լեզվի իմացությունը): Այդ պահին տղաների խմբին մոտեցավ ինձ ծանոթ թուրքերից մեկն ու փորձեց լռեցնել: Նրան չհարցրեցի, թե ինչ խնդիր կար, քանի որ տղաների դեմքերից ու շարժումներից արդեն հասկանալի էր, որ դժգոհ են իրենց գյուղում «թշնամու» տեսնել: 

Հաջորդ օրը Թուրքիայում տարվա գլխավոր տոնակատարություններից մեկն էր` Հանրապետության օրը (որոշեցի, որ ավելի հարմար կլինի բեյջ ընդհանրապես չկրել այդ օրը): Այդ առթիվ ամենուր դրոշի կողքին բարձրացել էին նաեւ թուրք քաղաքացիների ազգային կուռք-խորհրդանիշ Քեմալ Աթաթուրքի պատկերով դրոշները: Ընդհանրապես Աթաթուրքը` որպես թուրքական ինքնության հիմնադիր, ներկա էր ամենուր: Նրան պատկերող արձաններ, կիսանդրիներ ու ամենատարբեր դիրքերով քանդակներ կային նույնիսկ գյուղերում, նրա կյանքի որեւէ դրվագի հետ կապված վայրերում էլ կառուցվել էին թանգարաններ: Սա, իհարկե, չափազանց խորթ էր ինձ համար: Ազգային դրոշը` որպես խորհրդանիշ, ինչ-որ կերպ կարելի է կուռք դարձնել, հատկապես երբ այդ հանգամանքն օգնում է միավորել ժողովրդին ու բարձրացնել նրա ազգային ինքնագիտակցությունը: Բայց մեր օրերում մի տեսակ անսովոր է այդ նպատակներին ծառայեցնել միակ անհատ-կուռքի պաշտամունքի մեխանիզմը: Թուրքական Յենի Շակրան փոքրիկ քաղաքում Հանրապետության օրվա տոնակատարությունը խորհրդային տարիների անհատի պաշտամունքի մասին հիշեցրեց նաեւ խորհրդային կենսափորձ ունեցող էստոնացիներին, վրացիներին եւ անգամ եվրոպական կենսագրությամբ ֆիններին: 

Աթաթուրքի սաստող դեմքը մեզ նայում էր ոչ միայն շենքերի ճակատներից, այլեւ քաղաքացիների եւ անգամ մանկահասակ երեխաների հագուստների վրայից: Տոնակատարությանը մասնակից դպրոցականներն իրենց համազգեստի վրա հպարտությամբ ամրացրել էին թուրքական հանրապետության հիմնադրի լուսանկարը: Ակամա հիշեցի պատմության ուսուցչուհուս. հաճախ էր պատմում, որ իր երիտասարդության տարիներին երկրի կարեւոր իրադարձությունների ժամանակ պարտավոր էին կրծքին ամրացնել Ստալինի լուսանկարը, եւ եթե սկզբում դա անում էին պարտավորված, հետո դարձել էր սովորություն եւ անգամ` ցանկություն: 

Թուրք մանուկները հավատացած էին, որ Աթաթուրքն իր գործով իսկապես արժանի է հիացմունքի ու պաշտամունքի: Ասվածում կարելի էր համոզվել առանց թուրքերենի իմացության: Դպրոցահասակ երեխաներն աննկարագրելի պաթոսով ու վճռականությամբ էին արտասանում իրենց պետության հիմնադրին նվիրված բանաստեղծությունները, երգում երգերն ու խաղում հատուկ տոնի առթիվ բեմադրված ներկայացումը: Այդ պաթոսն այնքան ազդեցիկ էր, որ գոնե ինձ համար հանդես էր գալիս որպես սպառնալիք. բանաստեղծությունն ու երգը կարելի է կատարել կեղծ զգացմունքներով, բայց դրանց միջոցով արտահայտված զգացողություններն ու վճռականությունը դժվար է կեղծ անվանել: Մանկահասակ թուրք աղջիկներն ու տղաները Հանրապետության օրվա առթիվ ոչ թե զվարճանում էին, այլ փաստում իրենց հաստատ վճռականությունը` դիմակայելու իրենց սպառնացող ցանկացած ուժի: Այս կերպ դաստիարակվող երեխաները դժվար թե մի օր կարողանան առողջ քննարկում ծավալել «վիճելի» հարցերի շուրջ:

Մեր ու թուրքերի «վիճելի» հարցերը սեմինարի ընթացքում միայն մի քանի մասնավոր քննարկումների առարկա դարձան: Օրինակ` ֆինները, որ առանձնապես շատ տեղյակ չէին կատարվածի վերաբերյալ, նշում էին, որ անգամ իրենք մի տեսակ սպառնալիքի տպավորություն էին ստացել արարողությունից ու երեխաների դաստիարակությունից ընդհանրապես: 

Որոշ զրույցներ ունեցա նաեւ սեմինարի մասնակից թուրք երիտասարդների հետ: Թեեւ նրանք առավելապես խուսափում էին այդ քննարկումներից, այդուհանդերձ, նրանցից մեկը բացատրեց, որ մի տեսակ անհեթեթ է համարում «հարցի» մերօրյա զարգացումները: Նա միջազգային հարաբերություններ էր ուսումնասիրում եւ ավելի տեղյակ էր այդ զարգացումների մանրամասներին, բայց պնդում էր, որ միջազգային հանրությունը հաճախ շահարկումների է դիմում` Թուրքիային ճնշելու նպատակով: Ինքն անձամբ համարում էր, որ «կատարվածը»` անկախ այն բանից, թե որքան ճշգրիտ են թվերն ու պահպանված տեղեկությունները, ի վերջո, իր մեղավորությունը չէ, քանի որ ինքը չի կարող պատասխանատվություն կրել իր նախնիների գործողությունների համար: Հիմա` որպես Թուրքիայի երիտասարդ քաղաքացի, պատրաստ է սկսել երկխոսություն ու փորձել «հարցի» լուծման տարբերակներ գտնել: 

Մեկ այլ թուրք երիտասարդ անկեղծ խոստովանեց, որ մոտ ապագայում երկխոսություն դժվար թե սկսվի, քանի որ, ըստ նրա, եւ՛ Թուրքիան, եւ՛ Հայաստանը երիտասարդ պետություններ են եւ շարունակում են կերտել իրենց ազգային ինքնությունը, ու քանի դեռ այդ ճանապարհին ունեն «ընդհանուր խոչընդոտներ», սառույցը տեղից դեռ երկար չի շարժվի:

Սեդա Պապոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter