Ավագանու նիստ` ընտանեկան սեղանի շուրջ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի Գեղամաբակ գյուղի ցաքուցրիվ, քանդված ու կիսավեր շինությունների մեջ մեկն ընդհանուրից առանձնանում է իր ցուցանակով:
Դա Գեղամաբակի համայնքապետարանն է, որի պատին, սակայն, փակցված է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցանակը: Տեղական իշխանության գոյության մասին հուշող ոչինչ չկա, բացի պատին փակցված ձեռագիր մի հայտարարությունից, որով համայնքի անասնատերերին տեղեկացնում են, թե այլ համայնքներից անասուններ ներկրելու դեպքում անհապաղ պետք է հայտնել համայնքի ղեկավար Գ. Բարսեղյանին կամ անասնաբույժ Հ. Հովհաննիսյանին` առկա հիվանդություններից զերծ մնալու համար: Ի դեպ, հայտարարությունն ունի 2-րդ մաս, որով անասնատերերին 2 դեղատոմս է առաջարկվում դաբաղ հիվանդությունը բուժելու մասին:
Նկարագրվածը Գեղամաբակի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մասին միակ եւ վերջին տպավորությունը կարող է լինել, եթե գյուղի բնակիչներն իրենց պատկերացումներով չլրացնեն այն:
Առաջին զրուցակիցս` Գրետա Ավագյանը, բազմանդամ ընտանիքի մայր է: Ընտանիքում 7 շունչ են: Ինքը համայնքապետարան չի գնում. տանն ընդունված է, որ նման գործերով զբաղվի ամուսինը: Չի կարողանում հիշել, թե վերջին 2 ամսում ի՞նչ աշխատանքներ է կատարել համայնքապետարանը: Միայն կարող է ասել, որ 7 ամիս առաջ իր եւ 3 այլ ընտանիքների մեղվափեթակներ են տվել: Համայնքապետարանի աշխատողներից միայն հավաքարարին է ճանաչում: Ավագանու անդամներին Գրետա Ավագյանը չի ճանաչում: Իսկ համայնքի խնդիրներից նրան ամենից շատ մտահոգում է խմելու ջրի հարցը: Չեն կարողանում տնամերձ հողամասում գոնե կարտոֆիլ ցանել, քանի որ ամռանը ջրի հարցն ավելի է սրվում: Գյուղում 1 աղբյուր ունեն, եւ երբ հարեւան գյուղերի բնակիչներն արգելափակում են Գեղամաբակի ջուրը, իրենք հարկադրված «էշի դաչկով» ու ձեռքով Շատջրեք գյուղից են ջուր բերում: Իսկ Գեղամաբակը Շատջրեքից շուրջ 1 կմ հեռավորությամբ է:
Համայնքի միակ աղբյուրից ջուր կրող 2 կանայք` Մարիետա եւ Մարիամ Դանիելյանները, հավատացնում են, թե համայնքապետը «լավ տղա է», «խեղճը օգնում է, երբ Այրքից կամ մեկ այլ գյուղից ջուրը կտրում են», գնում եւ կարգավորում է: Վերջին անգամ 2-3 ամիս առաջ են եղել համայնքապետարանում, երբ ինչ-որ ժողով են հրավիրել եւ համայնքի բնակիչներին տեղեկացրել, թե կորնգան է ցանվելու, բայց տնտեսություններն իրենք պետք է հավաքեն բերքը: Դրա վերաբերյալ դիմում էլ են գրել, սակայն այդպես էլ չկարողացան ներկայացնել դիմումի բովանդակությունը: Համայնքապետարանի աշխատողներից ճանաչում են համայնքապետին, հավաքարարին, Արթուրին եւ Վալերին, սակայն չգիտեին, թե նրանցից ո՞վ է հաշվապահը: Եթե հարց է լինում, ուղղակի դիմում են համայնքապետին: Մեր այն հարցին, թե երբ համայնքապետարանը փակ է լինում, սակայն հարկ է լինում դիմել համայնքի ղեկավարին, ինչպե՞ս են վարվում, Դանիելյանները կրկին հավատացրին, թե համայնքապետը «շուտ-շուտ է գալիս», եթե պետք է, «զանգ են տալիս, գալիս է» (համայնքապետը Վարդենիս քաղաքում է բնակվում): Ավագանու անդամներին նույնպես չեն ճանաչում, չնայած գիտեն, որ նման մարդիկ կան:
Գեղամաբակը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի փոքր համայնքներից մեկն է, բայց ոչ ամենափոքրը: Գյուղում ապրում է 22 ընտանիք, 107 փաստացի բնակիչ: Եվ այս փոքր համայնքի բնակիչները չգիտեն, թե ովքե՞ր են իրենց ավագանու անդամները, որքա՞ն է իրենց համայնքի բյուջեն:
Մեկ այլ առանձնահատուկ խնդիր է Վարդենիսի վարչատարածքի որոշ գյուղական համայնքների ղեկավարների` տվյալ համայնքում միայն իրավաբանորեն «բնակվելու» փաստը: Շուրջ 8 գյուղական համայնքների ղեկավարների փաստացի բնակության վայրն ուրիշ է, մինչդեռ տվյալ համայնքների բնակիչների համար այս երեւույթը բնավ արտառոց չէ: Սա չի նշանակում նաեւ, թե նույն համայնքում բնակվելն արդեն համայնքի ղեկավարի լավ աշխատանքի կամ աշխատանքային ռեժիմի պահպանման գրավականն է:
Երբ գյուղական համայնքներում աշխատանքային ռեժիմը չպահպանելու մասին մեր մտահոգությունը կիսեցինք Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Ղուկասյանի հետ, նա, իբրեւ լուծում, մեզ փոխանցեց մարզպետարանի դիրքորոշումը. այն է` համայնքապետարաններում հերթապահություն սահմանել, որպեսզի օրական գոնե մի աշխատակից լինի աշխատավայրում: Խե~ղճ աշխատանքային օրենսդրություն...
Գեղամաբակում հանդիպեցինք նախկին ավագանու անդամ Արմեն Դանիելյանին: Նա չի աշխատում, զբաղվում է իր տնտեսությամբ: Համայնքապետարանին որեւէ հարցով չի դիմել, թեպետեւ իրեն ամենից շատ հուզում է գործազրկության հարցը, որի կապակցությամբ ավելորդ է համարում դիմել տեղական իշխանություններին: Տեղյակ է վերջին ժողովի մասին, որին չի մասնակցել, սակայն լսել է, որ ինչ-որ օգնության մասին էր խոսքը. պիտի գարի, կորնգան ցանեն ու հատկացնեն համայնքի բնակիչներին: Բանն այն է, որ համայնքի բնակիչները սեփական հող չունեն, քանի որ տարիներ առաջ, նախորդ համայնքապետի պաշտոնավարման ժամանակ վերջինիս խորհրդով մարդիկ հրաժարվել են իրենց հողերից` նպաստ ստանալու համար:
Վարձակալությամբ էլ չեն մշակում, քանի որ «ուժները չի պատում»: Նա 2 անգամ ավագանու անդամ է եղել, բայց ո՞ր թվերին, ոչ մի կերպ չկարողացավ մտաբերել: «Համայնքապետարանում փակցված որեւէ հայտարարության ծանոթացե՞լ է ընթացիկ տարում»,- մեր հարցին զրուցակիցս կրկին պատասխանում է. «Մենակ լսում ենք, որ ընտրություններ են, էդքան բան, ուրիշ ոչինչ»:
Հուրախություն մեզ` հաջողվեց գտնել համայնքի ավագանու անդամներից մեկին` Վիկենդի Բարսեղյանին` համայնքի ղեկավար Գագիկ Բարսեղյանի հորը, ումից էլ իմացանք, որ «համայնքապետարանը գնացել է Գավառ»:
Նա հիշում է, որ ավագանու վերջին նիստը եղել է 1 ամիս առաջ եւ քննարկել են հաջորդ տարվա բյուջեի հարցերը: Ինչ-ինչ, բայց շատ առաջադեմ համայնք է Գեղամաբակը: Քննարկում է 2008 թ. համայնքային բյուջեն, երբ դեռեւս քննարկման փուլում է 2008 թ. պետական բյուջեի նախագիծը: Թե ուրիշ ի՞նչ հարցեր են քննարկվել ավագանու վերջին նիստում, Վ. Բարսեղյանը փորձում է եզրափակել հարցուփորձը. «Չգիտեմ, ես բացակա եմ եղել»: Համայնքապետարանի վերջին 2 ամսում կատարած աշխատանքներից մեր զրուցակիցը, գյուղի մյուս բնակիչների նման, հիշատակում է խմելու ջրի արգելափակման, խողովակները վնասելու հարցում համայնքի ղեկավարի միջամտությունը:
Այդ նույն առաքելությունն իրականացնելու համար Գեղամաբակի համայնքապետ Գ. Բարսեղյանը, նրա հայր եւ ավագանու անդամ Վ. Բարսեղյանի հավաստմամբ, վնասված ջրատարը վերանորոգելու նպատակով 1500 ԱՄՆ դոլար գումար է ծախսել իր գրպանից էքսկավատորի, զոդման եւ այլ աշխատանքների համար: Համայնքապետարանի կահավորումը նույնպես իրականացրել է իր միջոցների հաշվին, քանի որ համայնքապետարանը միջոցներ չունի: Եվ սա այն դեպքում, երբ համայնքապետարանն ունի տարիների ապառքներ, ամիսներ շարունակ չվարձատրվող համայնքապետարանի աշխատակիցներ, ներառյալ` համայնքապետը: Այդ դեպքում որտեղի՞ց են այդ միջոցները: Համայնքապետի հայր եւ ավագանու անդամ Վ. Բարսեղյանը պատասխանում է. «Ես շատ գիտե՞մ` որտեղից»: Ապա «հայտնաբերում» է եկամտի աղբյուրները. «Կինը մանկավարժ է աշխատում: Ես էլ հայրն եմ, անասուններ եմ պահում եւ օժանդակում եմ իրեն: Այսինքն` եթե ես իրեն չօժանդակեմ, ինքը չի կարող աշխատել: Ես էլ եմ մանկավարժ աշխատում: Իմ գումարով, իմ հարսի գումարով իմ տղան գյուղապետ է: Էս մեր գումարները տալիս ենք իրեն, իմ անասուններն այս տարի 42-ն էին, 32 հատը ծախել եմ, փողը տվել եմ իրեն»: Թե որքա՞ն ժամանակ կարող է այսպես ապրել Բարսեղյանների ընտանիքը` սեփական եկամուտների հաշվին համայնքը պահելով, ընտանիքի հայրը պատասխանում է. «Բա որ կառավարություն չկա, ի՞նչ կարող եմ անել: Ստիպված իմ փողը ներդնում եմ տղայիս համար, որ նա չթողնի-հեռանա հանրապետությունից»:
2007 թ. Գեղամաբակի համայնքային բյուջե է մուտքագրվել շուրջ 900 հազար դրամ: Դոտացիա չեն ստացել, թեպետեւ գրություն են ստացել ու համապատասխան որոշումից հետո սպասել են տարիներով կուտակված աշխատավարձի պարտքերի մարմանը: Այդ ապառքների մարման ուրիշ ճանապարհ, բացի պետական աջակցության միջոցով կարգավորումից, իրենք չեն տեսնում:
Համայնքապետարանի աշխատողներին Վ. Բարսեղյանը ճանաչում է: Նրանք բոլորը, բացի հավաքարարից, Վարդենիսի բնակիչներ են, քանի որ համայնքապետարանի աշխատակիցներն օրենքի պահանջով պետք է ունենան բարձրագույն կրթություն, իսկ համայնքում բարձրագույն կրթություն ունեցողներ չկան: Այս աշխատողներն էլ աշխատավարձ չեն ստանում, աշխատանքի ներկայանալիս էլ շտապում են ավտոբուսով հետ վերադառնալ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, քանի որ Գեղամաբակ-Վարդենիս երթուղում աշխատող ավտոբուսը օրական 1 երթ է իրականացնում: Համայնքային ենթակայության 2 հիմնարկում` ակումբում եւ գրադարանում, աշխատողներ չունեն, քանի որ համայնքը չի կարողանում վարձատրել նրանց:
Վ. Բարսեղյանը համայնքի բնակիչներին «աֆերիստներ» է համարում, քանի որ վերջիններս հրաժարվել են սեփական հողամասերից ընտանեկան նպաստ ստանալու համար: Սակայն, ինչպես պարզվեց, 22 ընտանիքից միայն 3-ն է նպաստառու:
Համայնքի ավագանու անդամներից մյուս երկուսը նույնպես համայնքի ղեկավարի ընտանիքի անդամներն են` կինը եւ մայրը` Լյուբա եւ Անահիտ Բարսեղյանները: Ավագանիներից չորրորդը Հովիկ Թովմասյանն է, ով հաշվառված է Գեղամաբակում, սակայն մշտապես բնակվում է Վարդենիս քաղաքում եւ, կարծես թե, համայնքի ղեկավարի ազգականը չէ: Այս պարագայում, երբ ավագանու նիստ կարելի է հրավիրել ընտանեկան ճաշի սեղանի շուրջ, ավելորդ է խոսել համայնքի ներկայացուցչական մարմնի դերակատարության եւ համայնքի ղեկավարին հակակշիռ դառնալու` ավագանու առաքելության մասին:
Փոքր համայնքներում «ընտանեկան» կամ «գրպանային» ավագանու կազմավորման պատճառներից մեկն այն է, որ համայնքի անդամները ավագանի առաջադրվելու եւ դրա համար ընտրագրավ մուծելու ցանկություն չունեն: Մյուս պատճառը ավագանու դերի թյուրըմբռնումն է: Հենց այսպիսի համայնքներում ՏԻՄ-երը եւ մասնավորապես համայնքների ղեկավարները հայտնվում են մենաշնորհատերերի դիրքերում: Տպավորությունն այնպիսին է, որ համայնքը, որն ունի բյուջե եւ ստանում է պետական դոտացիաներ, գոյություն ունի մեկ ընտանիքի եւ նրա բարգավաճման համար:
«Մենք վնաս տվող մարդիկ չենք: Գողություն չենք անում, չենք թալանում: Տնով աշխատում ենք, մենակ թե համայնքապետը աշխատավարձ չի ստանում: Աշխատավարձ ենք ստանում, գյուղը պահում ենք: Մի խոսքով` մենք բոլորս աշխատում ենք, որ համայնքապետն աշխատի»,- ամփոփում է համայնքապետի հայրը:
Գեղարքունիք
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել