HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Բարեգործության հետքերով

«Ղազարյան» բարեգործական հիմնադրամը 1999 թվականից օգնում է Հայաստանում բնակվող կարիքավոր ընտանիքներին: Այն հիմնել են ամերիկահայ Զուհրաբ եւ Սեդա Ղազարյանները Կալիֆոռնիայում:

Սկզբում հիմնադրամի միջոցները գոյանում էին ընտանիքի անդամների նվիրատվություններից, հետագայում ներգրավվեցին նաեւ ընտանիքի բարեկամները, ընկերները, անծանոթ մարդիկ: 

«Ղազարյան» հիմնադրամն անցյալ տարի Հայաստանում հիմնել է «Փարոս» (Lighthouse) հիմնադրամը, որն իրականացնում է երկու ծրագիր` «Հույսի ճրագ» սոցիալապես անապահով ընտանիքների համար եւ «Արագիլ»` հղի կանանց եւ մինչեւ 1 տարեկան երեխաների մայրերի համար:

Հիմնադրամի նախագահ Սեդա Ղազարյանի հետ զրույցի ժամանակ նա առաջարկեց հանդիպել եւ ծանոթանալ այն ընտանիքների հետ, որոնք օգնության կարիք ունեն: Հիմնադրամն իր ուժերի չափով օգնում է այդ ընտանիքներին, բայց նրանց օգնությունն ավելի շատ մարդասիրական բնույթ ունի, այնինչ այդ ընտանիքները մասնագիտական օգնության կարիք ունեն, որը ենթադրում է ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաեւ շատ կոնկրետ խնդիրների լուծում: 

Երեւանում կան ընտանիքներ, որոնց երեխաները համարյա միշտ կիսաքաղցած են, նրանցից շատերը չունեն բնակարան եւ ապրում են երկաթյա տնակներում: Այդ երեխաները դառնում են իրենց ծնողների դժբախտությունների ժառանգորդները, որովհետեւ այդ պայմաններում անտեսվում են նրանց կրթության, առողջապահական եւ այլ խնդիրները: Պարզ է, որ այս մարդիկ երբեք չեն կարող ինքնուրույն դուրս գալ ստեղծված իրավիճակից: 

Ինձ հանդիպած թերեւս ամենաանօգնական մայրը 18-ամյա Անահիտ Մխիթարյանն է, որն իր 5 ամսական երեխային պահում է մետաղյա տնակում, որի մուտքը ծածկված է մաշված վերմակով: Անահիտի բնակավայրը, որն իրականում լքված շինարարական տնակ է, գտնվում է Շենգավիթ համայնքի ներքին Չարբախ գյուղում: Չբացահայտելով նրա անձնական պատմությունը` ասենք միայն, որ նա ծնողներ չունի, նրան մեծացրել է մորաքույրը: Այն մանկական իրերը եւ հագուստը, որ օգտագործում է Անահիտը, տվել է «Փարոս» (Lighthouse) հիմնադրամը: Հիմնադրամից նա ստանում է նաեւ ամսական գումար` 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Երեխայի հայրը չի աշխատում, սակայն շարունակում է զբաղեցնել այդ տարածքը, անհետանալ եւ հայտնվել ըստ ցանկության: Այդ տնակում, բնականաբար, չկա ջուր, գազ, սանհանգույց: Նորածին երեխայի եւ միայնակ մոր մասին հիմնադրամի աշխատակիցներին ահազանգել է համայնքի բժշկուհին: 

Ներքին Չարբախում է ապրում նաեւ Լիաննա Մայիլյանի ընտանիքը, դարձյալ երկաթյա տնակում, որը նրանք մի քանի տարի առաջ գնել են 50 ԱՄՆ դոլարով: Լիաննայի ամուսինը հոգեբուժական օգնության կարիք ունի: Հայաստանում հոգեբուժական օգնության տրամադրման մեխանիզմներն այնքան էլ պարզ չեն, կապված են մի շարք դժվարությունների հետ: Օրինակ` հիվանդն ինքը պետք է դիմում գրի բուժվելու իր համաձայնության մասին, ինչի անհրաժեշտությունը քչերն են գիտակցում: Լիաննան վախենում է իր եւ երկու մանկահասակ երեխաների անվտանգության համար, քանի որ ամուսինը երբեմն դառնում է անկանխատեսելի եւ ընդունակ է բռնության: 

Այս տնակում նույնպես չկա ջուր եւ սանհանգույց: «Փարոս» (Lighthouse) հիմնադրամը նրա համար էլ է գտել հովանավոր, որն ամեն ամիս այդ ընտանիքին փոխանցում է 50 ԱՄՆ դոլար: Ընտանիքը ստանում է նաեւ սոցիալական նպաստ՝ ամսական 16.000 դրամ: «Վախենում ենք տանը շարժվել կամ խոսել, որպեսզի չնյարդայնանա, հանկարծ չվնասի մեզ: Անընդհատ կասկածում է, ինքն իրեն տարօրինակ բաներ է խոսում...»,- պատմում է Լիաննան: Այս ընտանիքի խնդիրներն ավելի խորն են, քան պարզապես աղքատությունը: 

«Փարոս» (Lighthouse) բարեգործական հիմնադրամի հիմնադիր տկն Սեդան եւ սոցիալական աշխատակիցները պարբերաբար այցելում են այս մարդկանց: Հիմնադրամն ունի 200-ից ավելի շահառուներ, որոնցից ամենակարիքավոր 30 ընտանիքներին տրվում է ամենամսյա օգնություն` 50, 100 կամ 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 60 կարիքավոր ընտանիքների երեխաներ հաճախում են Պտղունք գյուղում հիմնադրամի հովանավորությամբ գործող մանկապարտեզը: Մյուս շահառուներին հիմնադրամն օգնում է բարելավել կենցաղային պայմանները, ապահովում է հագուստով, սննդով:

«Ես առաջին հերթին կցանկանայի հիմնադրամի եւ մեր բարեգործների աջակցությամբ օգնել այն կարիքավոր ընտանիքների երեխաներին, որոնք անհապաղ բուժօգնության կարիք ունեն»,- ասում է տկն Ղազարյանը: Հիմնադրամի աջակցությամբ բժշկական օգնություն է ստացել երկու երեխա, որոնց մեծացնում են միայնակ մայրերը:

4-ամյա Էրկա Մինասյանին տկն Սեդան տեսել է Շենգավիթ համայնքի 202 գիշերօթիկ մանկապարտեզում: Երեխան գլանների բորբոքման պատճառով երկու ամիս շարունակ բարձր ջերմաստիճան է ունեցել, ինչը շլություն է առաջացրել եւ ազդել տեսողության վրա: «Բժիշկներն ասում էին, որ անհրաժեշտ է վիրահատել, բայց ես գումար չունեի: Անցյալ տարի խորացավ հիվանդությունը, ձմռան ամիսներին անընդհատ հիվանդ էր լինում»,- ասում է Էրկայի մայրը՝ Մանուշակ Մինասյանը: Վիրահատության համար հիմնադրամը փոխանցել է 150.000 դրամ: 

Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզում է ապրում նաեւ 4- ամյա Յուրան: Նա նույնպես շտապ վիրահատության կարիք ուներ: Բնածին շլության պատճառով վատանում էր նրա տեսողությունը: 2 տարեկանից ապրում է գիշերօթիկում, իսկ 18-ամյա մայրը տուն չունի, որպեսզի տանի երեխային: Հիմնադրամի աջակցությամբ վիրահատվել է նաեւ Յուրայի աչքը: 

52-ամյա Ալվարդ Բարսեղյանն ասում է, որ տկն Սեդան եւ նրա որդին` Հրաչը, նոր կյանք են տվել նրան: «Երբ տկն Սեդան եկավ մեր տուն, ես հարեւանների համար վերմակ էի կարում փողով, կրծքիս ուռուցքից արյուն էր գալիս, բայց պիտի երեխաներիս մի կերպ պահեի: Եկավ եւ ինձ տարավ հիվանդանոց, երբեք չեմ մոռանա, որ լրիվ անծանոթ կինը սպասեց մինչեւ ինձ հետազոտեն, հետո ասաց, որ կվճարի բուժման համար: Ես հրաժարվեցի վիրահատվել, որովհետեւ վախեցա: Այդ օրվանից տկն Սեդան սկսեց օգնել ինձ, նրա որդին իմ երեք որդիների հովանավորն է, ամեն ամիս 150 ԱՄՆ դոլար է ուղարկում, նաեւ դեղ, որ ես պայքարեմ հիվանդության դեմ: Ես չեմ դադարում օրհնել այդ մարդկանց եւ նրանց գործը»,- ասում է Ալվարդը: 

Բոլոր այս ընտանիքներում կան անչափահաս երեխաներ: Բարեգործ մարդկանց ամենամյա ֆինանսական օգնությունը ոչ միշտ է կարող օգնել այդ ընտանիքներին դուրս գալ ստեղծված վիճակից, քանի որ շատերի խնդիրների պատճառներն ավելի խորն են. օրինակ` չունեն կացարան կամ նորմալ բնակարանային պայմաններ, չեն կարողանում ինքնուրույն լուծել առողջապահական, հոգեբանական, իրավաբանական խնդիրներ, չգիտեն` ում եւ ինչպես դիմեն ճիշտ օգնություն եւ աջակցություն ստանալու համար:

Նմանատիպ ընտանիքներին մասնագիտական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին էին խոսում «Երեխայի պաշտպանության ցանց»-ի անդամները նոյեմբերի 29-ին կազմակերպված հանդիպման ժամանակ: 

«Երեխայի պաշտպանության ցանցը» ստեղծվեց 2005 թվականին, որին հիմա միացել է 11 կազմակերպություն: Ցանցի նպատակն է կենտրոնացնել բոլոր կազմակերպությունների ռեսուրսները փողոցում հայտնված, անօթեւան, մուրացիկ, վարքային խնդիրներ ունեցող, ընտանեկան խնամքից զրկված, բռնության ենթարկված, կրթությունից եւ այլ հիմնարար ծառայություններից դուրս մնացած երեխաներին եւ նրանց ընտանիքներին օգնելու համար:

Երկու տարվա ընթացքում «Երեխայի պաշտպանության ցանց»-ն աջակցել է դժվար իրավիճակներում հայտնված 90 երեխաների եւ ընտանիքների: Ցանցի անդամներն են` «ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն», «Օրրան», «Վորլդ Վիժն Հայաստան», «ՍՈՍ մանկական գյուղեր», «Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Հայ ժողովրդավարական ֆորում», «Զանգակատուն», «Տաթեւ-95 հոգեբանական աջակցության եւ խորհրդատվության կենտրոն», «Լույսի աշխարհ» մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն, «Հայ օգնության միություն» եւ «Ապագան քոնն է» ոչ պետական եւ պետական կազմակերպություններ: 

Դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին օգնելու համար «Երեխայի պաշտպանության ցանց»-ում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (010) 24-15- 80 հեռախոսահամարով: Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խնդրում են քաղաքացիների աջակցությունն այդ երեխաներին հայտնաբերելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter