HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատարանը ֆիզիկական անձին զրկել է հեղինակային իրավունքից. իսկ ո՞վ է հեղինակը

«Հետքն» անդրադարձել է ծրագրավորող Հրայր Ավանեսյանի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի` մասնավորապես վերջինիս գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի միջեւ տարաձայնություններին:

Գլադունչիկը չի ճանաչում Ավանեսյանի` համակարգչային Gold ծրագրի նկատմամբ հեղինակային իրավունքները: Էլեկտրաէներգիայի քանակական եւ ֆինանսային միջոցների հոսքերի հաշվառման  այս ծրագրով է աշխատում ՀԷՑ-ը:   

Երբ 2004-ի օգոստոսի 26-ին Ավանեսյանը գրավոր դիմել էր Գլադունչիկին իր` որպես հեղինակի հետ Gold փաթեթի օգտագործման համար վարձակալության պայմանագիր կնքելու պահանջով, նա մասնավորապես գրել էր. «Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` ես` Հրայր Մարլենի Ավանեսյանս, համարվում եմ ներկայումս Ձեր ձեռնարկությունում առանց համապատասխան պայմանագրի օգտագործման մեջ գտնվող «Էլեկտրաէնեգիայի քանակական եւ ֆինանսային հոսքերի հաշվառման Gold ծրագրային փաթեթի» հեղինակը...»:

Այս գրությանը Գլադունչիկը 17.09.2004-ին իր իսկ ստորագրությամբ պատասխանել էր. «Gold ծրագրային փաթեթի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը բավարար չեն ապացուցելու վերոհիշյալ ծրագրի նկատմամբ Ձեր հեղինակային իրավունքը...»:  

Սրանով Գլադունչիկը, փաստորեն, ասել էր, որ ծրագրի հեղինակը Ավանեսյանը չէ, եւ երբ 2007-ի ապրիլին Ավանեսյանը դիմել էր դատարան` մասնավորապես խնդրելով ճանաչել Gold ծրագրի նկատմամբ իր 88 տոկոս հեղինակային իրավունքը, ասել է թե` ճանաչել, որ ծրագրի հեղինակը 88 տոկոսով ինքն է (հեղինակային համաձայնագրով 10 տոկոսով հեղինակ է եղել Գոռ Պողոսյանը, 2 տոկոսով` Գագիկ Մարգարյանը), առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները մերժել են նրա հայցն ընդդեմ ՀԷՑ-ի: 

Փաստորեն, դատարանը Ավանեսյանին, անուղղակիորեն նաեւ Պողոսյանին ու Մարգարյանին, զրկել է հեղինակությունից:

««Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ Քաղ.օր.-ով ստեղծագործության հեղինակ կարող է լինել միայն ֆիզիկական անձը եւ ոչ իրավաբանական անձը,- ասում է «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:- ՀԷՑ-ը չի կարող լինել հեղինակ, քանի որ նա իրավաբանական անձ է: Ես չհասկացա, թե վճռով ո՞վ է հեղինակը, որովհետեւ եթե Ավանեսյանին զրկում են հեղինակային իրավունքի 88 տոկոսից, ապա ո՞ր ֆիզիկական անձն է հեղինակը»:

Մասնագետը նշում է, որ ՀԷՑ-ը կարող էր լինել միայն հեղինակային իրավունքի իրավատեր, ինչն այլ հարց է: Մեր կողմից հավելենք, որ ՀԷՑ-ը հենց այդ ուղղությամբ էր տարել դատավարությունը, եւ դատարանը շեղվել է Ավանեսյանի հեղինակության 88 տոկոսը ճանաչելու մասին հայցադիմումից. հայցը մերժելուց առաջ դատարանը պատասխանողի առարկությունների հիման վրա հաստատել է, որ ՀԷՑ-ի նախկին աշխատակից Հ. Ավանեսյանը կատարել է ծառայողական հանձնարարություն, եւ ըստ այդմ` գործատու ՀԷՑ-ը ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերն է: Բայց նույնիսկ այս դեպքում աշխատանքի հեղինակը մնում է Ավանեսյանը: Մյուս կողմից էլ` ՀԷՑ-ը ոչ մի փաստաթուղթ կամ այլ ապացույց չի ներկայացրել, որ ինքը հանձնարարություն է տվել Ավանեսյանին ծրագիր գրել հիմնարկի համար: Այսինքն` նա նաեւ չի կարող լինել ծրագրի նկատմամբ գույքային իրավունքի իրավատեր:  

Դեռ 2004-ի հուլիսի 30-ին Gold ծրագրի համահեղինակներ Հրայր Ավանեսյանը, Գոռ Պողոսյանը եւ Գագիկ Մարգարյանն իրենց աշխատանքն ի պահ են հանձնել (իրենց իսկ անուններով) «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ում: Կա ի պահ հանձնման համարը` 08/375: 

Չնայած միջազգային օրենքներով ստեղծագործությունն ի պահ վերցնելիս այն փորձաքննության չի ենթարկվում, այսինքն` հեղինակի օրինական-անօրինական լինելը չի ստուգվում, այնուամենայնիվ, ծրագիրը վերոնշյալ երեք հեղինակների անվամբ ի պահ վերցնելը ոչ ոք որեւէ կերպ չէր վիճարկել: Եվ միայն 2007-ի աշնանը` դատական պրոցեսների ժամանակ, իրավաբանական անձ ՀԷՑ-ը փորձել է 08/375 համարի դիմաց գրանցել իր անունը, ինչը, բնականաբար, մերժվել է, իսկ մյուս կողմից` քանի որ առկա է եղել դատարանի վճիռ, հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը Հրայր Ավանեսյանին գրավոր տեղեկացրել է, որ համարը ժամանակավորապես թողնվում է բաց, մինչեւ որ վեճը դատական ատյաններում վերջնական լուծում ստանա: 

Ամեն դեպքում, եթե պատկերացնենք, որ Եվրոպական դատարանում Ավանեսյանի հայցը կմերժվի (սա անհավանական է թվում, քանի որ ԵԴ-ն պետք է առաջնորդվի ՀՀ օրենքներով, որոնց համաձայն` ստեղծագործության հեղինակը ֆիզիկական անձն է միայն), ապա 08/375 համարը «Հայհեղինակն» անվավեր կհամարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter