HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Հասարակությունը պետք է կարողանա դառնալ դերակատար»

Անցած շաբաթ «Հետքի» «Պարապուրդից առաջ եւ հետո» հոդվածն ունեցավ 165 մեկնաբանություն: Դրանցում բազմաթիվ են արձագանքները, որոնք մնում են հոդվածի հիմնական թեմայի շրջանակում` ո՞վ է Վազգեն Մանուկյան (ՎՄ) քաղաքական գործիչը։

Հարց, որն անխուսափելիորեն կապվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) մասին տրվող նույն հարցին, ենթադրում նրանց համեմատությունը։ Նրանցից յուրաքանչուրի մասին կարելի է գտնել համակրանքով արված բնութագրումներ եւ զուսպ, հետաքրքրական քննադատություն, որ օգտակար են բոլորի համար, ովքեր ցանկանում են կողմնորոշվել նախընտրական իրադրության մեջ։ Խոսքը հատկապես երիտասարդների մասին է, որոնցից շատերի համար նման տեղեկատվությունը պարզապես անմատչելի է։ Սակայն բնութագրումների մեջ կա մի հիմնական տարբերություն` ՎՄ-ի դեմ ուղղված քննադատությունը հիմնականում անձնական է, մինչդեռ ԼՏՊ-ի դեպքում այն ներառում է պետականության, ժողովրդի ճակատագրի եւ այլ նման թեմաներ (պատճառները հասկանալի են)։
Ոմանք պնդում են, թե ՎՄ-ը տարիներ շարունակ ոչինչ չի արել, ուրիշները հիմնավորում են, որ նա անընդհատ եղել է քաղաքական պայքարի մեջ։ Ես կավելացնեի, որ այս տարիներին քաղաքական արենայում գտնվելը հեշտ գործ չի եղել եւ ոչ մեկի համար, քանի որ ներկա իշխանություններն ամեն բան արել են կուսակցությունները եւ գործիչներին «փչացնելու» համար։ Ոմանք խոսում են այսպես կոչված «երրորդ բեւեռի» մասին (որի ստեղծումն իբրեւ թե ՎՄ-ի հավանական նպատակն է), բայց ուրիշներ էլ կան, որ խոսում են ուղղակի մրցակցության մասին` ԼՏՊ-ի եւ ՎՄ-ի միջեւ` ո՞վ կլինի նախընտրելի ընդդիմադիր թեկնածուն, այս երկուսից ո՞վ է ավելի արժանի ընդդիմության լիդեր դառնալու, եւ այստեղ քննարկման առարկա կարող են դառնալ ոչ միայն այն, թե ով ինչ է արել եւ ինչ չի արել (նվաճումներ եւ սխալներ), այլ նաեւ այն, թե ով ինչի է ընդունակ հետագայում (կարծեմ այս մասին ավելի ընդգծված խոսում է հենց ՎՄ-ը)։

Ինձ համոզիչ չի թվում այն պնդումը (տարբեր ձեւերով արվող), որ ՎՄ-ն առանձին չի կարող որեւէ բան անել, այլ միշտ ԼՏՊ-ի կարիքն ունի. «ՎՄ-ը ԼՏՊ-ի քաղաքական երկվորյակն է …նրա բոլոր գաղափարները ծնվում են վեճի մեջ, այլ ոչ թե ներքին պահանջով» (մեջբերումը «Ժամանակ Երեւան»-ից է)։ Համոզիչ չէ նաեւ նրան զուտ դեստրուկտիվ նշանակություն վերագրելը, այսինքն` որպես առանձին քաղաքական գործիչ նա անկարեւոր է, ունի փոքր նշանակություն, բայց կարող է դառնալ ընդդիմության համախմբման ամենամեծ խոչընդոտը…

ԼՏՊ-ի դեմ ուղղված քննադատությունը կարելի է ամփոփել հարցերի տեսքով. «ԼՏՊ-ը պե՞տք է ներողություն խնդրի, ասենք, «պետականության հիմքերը խարխլելու» եւ այլ մեղքերի համար (մասնակիցներից մեկը ԼՏՊ-ից ակնկալում է «խոր վերլուծություն-ներողություն…»)։ Ամեն դեպքում, առաջին նախագահի համար շատ դժվար է խուսափել իր` այսօրվա իշխանությունների հասցեին ներկայացվող բոլոր մեղադրանքների հակադարձումից` «դու ես դրել ավազակապետության հիմքերը» եւ այլն։

Բայց արդյոք նախկին սխալները բավարար պատճա՞ռ են` պնդելու, որ չի կարելի թույլ տալ, որ ԼՏՊ-ը վերադառնա իշխանության։ Ես ինքս հակված չեմ նման կտրուկ եզրակացություններ անելու։
Կան քննարկվող երկու գործիչներին էլ խիստ քննադատողներ։ Մյուս կողմից` չկան ներկա իշխանություններին գովաբանողներ։ Բայց կա իշխանությունների միֆականացման` հասարակության մեջ տարածված սովորության արտացոլումը, կատարվող ամեն ինչում իշխանությունների կամքը տեսնելու ցանկությունը. շաբաթներ առաջ լսեցի, որ «Լեւոնի վերադարձը «սրանց» ձեռքի գործն է», իսկ հիմա նման բաներ խոսում են ՎՄ-ի մասին, եւ դա նկատվում է նաեւ այս քննարկման մեջ։

Ես կարծում եմ, որ այս երկու գործիչներից որեւէ մեկի կողմնակիցը, մյուսի մասին նման բաներ խոսելով, լավ ծառայություն է մատուցում հենց «սրանց»։ Կարծում եմ` պետք է հավատանք, պետք է վստահ լինենք, որ այս երկրում կան բաներ, որ «սրանք» չեն կարող իրենց խաղը դարձնել, կան մարդիկ, որոնց չեն կարող «մեծ փողերով առնել»։

Կարեւոր եւ շատ բարդ է թիմերի հարցը` ովքեր ինչպես են ընտրում իրենց կողմնակիցներին, եւ ովքեր ինչպես են դառնում որեւէ մեկի կողմնակիցը։ Եւ այստեղ կան ճիշտ դիտարկումներ, որոնք մասնավորապես նաեւ բնութագրում են այս երկու գործիչներին` կողմնակիցներ ձեռք բերելու անընդունակությունը, որ վերագրվում է ՎՄ-ին, եւ անընդունելի մեթոդները, որոնցով ԼՏՊ-ը հավաքագրում է իր կողմնակիցներին (եթե նույնիսկ ամբողջովին համաձայն չենք այս պնդումներին, ապա դրանք հետաքրքիր են)։ Սա կարեւոր հարց է, եթե որեւէ մեկը ցանկանում է իր ընտրությունը կատարել` առաջնորդվելով ոչ միայն անձով, այլեւ թիմով եւ ծրագրով (նաեւ ենթադրելով, որ նոր թիմը եւ ծրագիրը կարող են փոխել գործչին)։ Այս հարցը կարող է դառնալ մեկնարկային` քննարկելու համար հետեւյալ հարցերը. «Ի՞նչ է քաղաքականությունը կամ իշխանության համար պայքարը Հայաստանում (ի՞նչ հիմնական բաղադրիչներից է բաղկացած)», «Ի՞նչ է նշանակում այսօր Հայաստանում լինել քաղաքական գործիչ»։

Այստեղ է նաեւ ֆինանսների հարցը, որը սերտորեն առնչված է նախորդին` թեկնածուներից ո՞վ (եւ ինչպե՞ս) է կարողանում փող ձեռք բերել։ Եւս մի ընդունակություն, որը կարող է շատ բան ասել (բացասական եւ դրական) տվյալ գործչի մասին։

Երկրորդ հիմնական թեման։ Ամենամեծ արձագանքին, թվում է, արժանացան 1996 թվականի իրադարձությունների մասին հոդվածում տեղ գտած մեկնաբանություններն ու գնահատականները։ Հիմնական մասը համաձայն չէր հոդվածագրի կարծիքին, թեեւ կային եւ համաձայնողներ. «Մարդը նախընտրել է կեղծել ընտրությունը, բայց ժողովրդին ու պետությունը վտանգի չենթարկել»։
Այս պնդումը, թվում է, խոցելի է նաեւ հետագա իրադարձությունների տեսանկյունից` «մեզ հայտնի ուժերը», որոնք1996-ին օգնեցին պետությունը փրկել արկածախնդիրների «ամբոխից», շատ չանցած` քաղաքականությունից դուրս մղեցին եւ երկրի նախագահին (գրեթե տասը տարով` այսօր կարող ենք արձանագրել), այսինքն` բռնությունը կարող է ուղղվել տարբեր ուղղություններով, ծնել նոր բռնություն (նաեւ այս իմաստով կարելի է բացատրել 1999-ի հոկտեմբերի իրադարձությունը, որն ուղղված էր նախորդ բռնությունների հիմնական աղբյուրի` Վազգեն Սարգսյանի դեմ, որի հայրենասիրությունը հազիվ թե կարելի է կասկածի տակ առնել (ուրեմն խնդիրը ոչ միայն կեղծիքն է, այլեւ այդ կեղծիքն արդարացնող, օրինականացնող բռնությունը)։ Այսինքն` 1999-ի այս դեպքը նույնպես կապված է նախընթաց դեպքերի հետ, թեեւ ԼՏՊ-ը ցանկանում է այն ամբողջովին անջատել իր ղեկավարության շրջանից։ Իհարկե, ես չեմ վիճարկում այդ դեպքի կապակցությամբ ներկա իշխանություններին եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նրա մեղադրանքը։

Մի քանի հավելյալ մեկնաբանություն

Ուզում եմ վերադառնալ «Ժամանակ Երեւան»-ից բերված հատվածին. « …նրա բոլոր գաղափարները ծնվում են վեճի մեջ, այլ ոչ թե ներքին պահանջով»։ Իբր թե կան մարդիկ, որոնց գաղափարները ծնվում են ներքին պահանջով, միանգամից կատարյալ եւ ճշմարիտ, կարիք չունեն քննարկման եւ վեճի, հասարակական ճշգրտման։ Սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում հումանիտար հետազոտության մեջ լայնորեն ընդունված է մարդու ես-ի, ինքնության հակաէսենցիալիստական ըմբռնումը, ըստ որի` մարդու ինքնությունը (լեզուն, գաղափարները) ոչ թե գոյաբանական տվյալ է, այլ մեծ չափով սոցիալական իրողությունների, փոխհարաբերությունների հետեւանք, որ այն մեծապես սոցիալական-մշակութային կառույց է։ Ուստի, ես ավելի հակված եմ մտածելու, որ հատկապես քաղաքական գաղափարները ծնվում են հասարակական իրողությունների ճնշման տակ, եւ (բանա)վեճի նկատմամբ հակվածությունը խոսում է գործչի առավելության մասին։

Խիստ համառոտ քննարկենք ԼՏՊ-ի «ներքին պահանջով» ծնված գաղափարը «Ավգյան ախոռները մաքրելու» եւ ավազակապետական համակարգը կազմաքանդելու մասին։ Առաջինը զուտ փոխաբերություն է, իսկ երկրորդը բնավ համոզիչ չէ։ Հնարավոր չէ երեք տարի կազմաքանդել ներկա համակարգը, իսկ այնուհետեւ առաջարկել, որ ուրիշները վերակառուցեն։ Պետությունը Բուզանդի փողոց չէ, որ քանդենք, գետնին հավասարեցնենք, ապա վերակառուցման մրցույթ հայտարարենք։

Պետությունն անընդհատ պիտի գործի, այսինքն` կազմաքանդումը պետք է անպայման ուղեկցվի վերակառուցմամբ։ Ավելին` ցանկացած կազմաքանդում ենթադրում է գիտելիքը այն բանի, թե քանդվողի փոխարեն ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է լինի, կազմաքանդումը ենթադրում է վերակառուցման մասին պատկերացումներ։ Ի՞նչը քանդելու եւ ինչպե՞ս քանդելու մասին հարցերի պատասխանը կախված է նրանից, թե ի՞նչ եւ ինչպե՞ս ես ցանկանում վերակառուցել։ Այսինքն` որպես ծրագրային պնդում այն համոզիչ չէ։

Պատասխանում եմ ինձ ուղղված հարցին, թե ինչպե՞ս կարող եմ այդքանից հետո դեռ հավատալ ԼՏՊ-ին։ Մենք ստիպված ենք լինել պրագմատիկ. ա) ինձ համար առաջնայինը ներկա իշխանությունների վերարտադրությունը կանխելն է, բ) որեւէ այլընտրանք փոփոխության հնարավորություն է, գ) ԼՏՊ-ը չի վերադառնալու այնպես, ինչպես մի անգամ եկել է. ներկա իրադրությունը միանգամայն տարբեր է, եւ նա ստիպված է հաշվի նստել բազմաթիվ հանգամանքների հետ (օրինակ` Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ հաջորդ նախագահը պորտֆելներ բաժանելու հնարավորություն չի ունենալու), դ) վերջապես, հասարակությունը (ոչ թե վերացական, այլ որոշակի խմբեր, խավեր, կազմակերպություններ) պետք է կարողանա դառնալ դերակատար եւ խնդիրներ դնել իշխանությունների առաջ, իսկ եթե ոչ, ապա ոչ մեկն էլ չի կարող փրկել երկիրը (ինչի հույսը, կարծեմ, շատերն ունեն` կգա մեկը եւ կփրկի մեզ)։ Մարդկանց անելիքը որեւէ մեկին ընտրելով (եւ «իր ձայնին տեր կանգնելով») չի սահմանափակվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter