HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միգրացիան Ադրբեջանում

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ  

Հայաստանում եւ Ադրբեջանում միգրացիայի աստիճանի եւ երկու երկրների վրա արտահոսքի ազդեցության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն  

Հարցազրույց Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի հասարակական միավորման նախագահ Ալովսաթ Ալիեւի հետ

Ինչպե՞ս եք գնահատում երկրում այս պահին միգրացիոն իրավիճակը, ինչպիսի՞ն է միգրացիոն հոսքերի դինամիկան վերջին տարիների ընթացքում:

Հայտնի է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շոշափելիորեն ուժեղացավ Ադրբեջանի Հանրապետությունից արտագաղթողների հոսքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենամեծ ակտիվությունը եղել է 1992 թ., 1996-97 թթ. եւ 2005- ին: 1992-93 թթ. Ադրբեջանի քաղաքացիները առավելապես մեկնում էին Ռուսաստան եւ Իսրայել:

Հետագայում մեծացավ Ուկրաինա, Ղազախստան, Թուրքիա եւ արեւմտաեվրոպական երկրներ արտագաղթողների թիվը: Էմիգրանտի օրինական կարգավիճակ ստանալ ցանկացողները որպես կանոն գերադասում էին Կանադան, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ուկրաինային եւ Ղազախստանին, ապա այդ երկրները հիմնականում ընտրվում էին սեզոնային աշխատանքի համար:

Արեւմտյան Եվրոպայի երկրներ մեկնողների նպատակը իրենց ընտանիքին միանալը կամ կրթական ծրագրերի օգնությամբ ուսում ստանալն է, թեեւ զգալի քանակությամբ մարդիկ դիմում են փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նախորդ տարիների համեմատությամբ, Ադրբեջանից հեռանալու ցանկություն ունեցողների թիվը չի պակասում: Ընդհակառակը, ավելանում է արտասահմանցիների հետ ամուսնացողների քանակը, որոնք այդ ձեւով հեռանում են երկրից: Այժմ Շենգենի երկրները խստացնում են վիզային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար: Դա կապված է նաեւ այն բանի հետ, որ Ադրբեջանն իր հերթին խստացնում է վիզային ռեժիմն այդ երկրների քաղաքացիների համար:

Որո՞նք են միգրացիայի հիմնական պատճառները: Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են առավել շատ մեկնում Ադրբեջանից եւ ու՞ր:

Ադրբեջանից հեռանալու հիմնական պատճառներն են.

  • Երկրի շրջանների տնտեսական զարգացման ցածր մակարդակը եւ աշխատատեղերի բացակայությունը: Մարդու իրավունքների մշտական խախտումները եւ ժողովրդավարության բացակայությունը:
  • Կրթության համակարգի ցածր մակարդակը, որ ստիպում է ծնողներին երեխաներին սովորելու ուղարկել արտասահման:
  • Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը եւ պատերազմի սպառնալիքը:
  • Գործարար ձեռներեցության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը:

Որպես կանոն, միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ մեկնում են Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա: Բարձրագույն կրթություն ունեցողները կրթությունը շարունակելու համար մեկնում են Թուրքիա: Տեխնիկական հմտություններ ունեցողները գերադասում են Ամերիկան եւ Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներ:

Ի՞նչ է անում կառավարությունը միգրացիոն գործընթացների բացասական հետեւանքները նվազեցնելու համար: Կարո՞ղ է, արդյոք, Արեւելյան գործընկերության ծրագիրն ազդել Հայաստանում միգրացիոն իրավիճակի բարելավման վրա: Որքա՞ն ուժեղ են միգրացիոն գործընթացներն ազդում երկրի ժողովրդագրական վիճակի վրա:

Օրենսդրական բազայի կատարելագործումը (մոտ ժամանակներս խորհրդարանին կներկայացվի Միգրացիոն օրենսդրության նախագիծը) եւ որոշ կառուցվածքային փոփոխություններ (օրինակ` Պետական միգրացիոն ծառայության ստեղծումը) հուշում են, որ կառավարությունն ինչ-որ քայլ այդ ուղղությամբ անում է:

Բայց, միեւնույն ժամանակ, իշխանությունների կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության խստացումը ծառայում է ոչ թե գործընթացների կարգավորմանը, այլ ստեղծում է պայմաններ մարդկանց` անօրինական միգրանտներ դառնալու համար:

Արեւելյան գործընկերության ծրագրին Ադրբեջանի միանալը կարող է հանգեցնել դրական փոփոխությունների միգրացիոն գործընթացների կարգավորման առումով միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը միանա պետության ռեադմիսսիայի (անօրինական միգրանտներին վերադարձնելու պարտավորության մասին) համաձայնությանը: Իսկ դա մոտ ապագայում չի սպասվում:

Միգրացիոն գործընթացներն Ադրբեջանում մեծապես ազդում են ժողովրդագրական իրադրության վրա: Ընդհանուր առմամբ, մարդկանց բնակության վայրի ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է ժողովրդագրության վրա:

Օրինակ` բազմանդամ գյուղական ընտանիքում մեծացած մարդը, գալով քաղաք եւ հետագայում կազմելով ընտանիք, բավարարվում է մեկ կամ երկու երեխայով: Որոշ դեպքերում մարդիկ, պարտադրված լինելով արտագաղթել եւ մնալով առանց փաստաթղթերի, չեն կարողանում ամուսնանալ, ինչն անմիջականորեն ազդում է բնակչության աճի տեմպի վրա:

Օրինակ` 1988 թ. Խորհրդային Հայաստանից հեռացած եւ ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններ մեկնած քաղաքացիները, 1998 թ. վերադառնալով Ադրբեջան եւ ունենալով խորհրդային նմուշի ծննդականներ ու անձնագրեր, մնացին «օդում կախված»: Նրանք կորցրել են Հայաստանի քաղաքացիությունը եւ չեն ընդունել այն հանրապետության քաղաքացիությունը, որտեղ ապրել են Ադրբեջան գալուց առաջ:

Այս ամենի հետեւանքով Ադրբեջանը նրանց չճանաչեց որպես իր քաղաքացիներ: Փաստաթղթեր չունենալու պատճառով այս քաղաքացիները զրկված էին ամուսնանալու հնարավորությունից: Իսկ «քյաբինի» (կրոնական ամուսնություն) արդյունքում ծնված երեխաները չունեին իրենց ինքնությունը հաստատող փաստաթղթեր:

Ինչպիսի՞ն է պաշտոնական եւ հասարակական վերաբերմունքը միգրացիայի` որպես երեւույթի եւ միգրանտների հանդեպ: Կա՞, արդյոք, ինչ-որ փոփոխություն վերաբերմունքի առումով վերջինտարիների ընթացքում:

Միգրացիոն գործընթացները կարգավորող նորմատիվային փաստաթղթերի կիրառության հետ կապված խնդիրների առկայությունը թույլ չի տալիս Ադրբեջանում իրականացնել միգրանտների ճշգրիտ հաշվարկ: Այդ պատճառով այսօր Ադրբեջանի ոչ մի պետական մարմին չի կարող նշել մշտական բնակության համար արտասահման մեկնող քաղաքացիների ճշգրիտ թիվ:

Նույնն է վիճակը Ադրբեջան ժամանած անձանց դեպքում: Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր եկել են աշխատանքի համար: Այս առնչությամբ պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի, թեեւ հայտնի է, որ նրանց թիվը հասնում է տասնյակ հազարների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter