HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայնակ հայդուկի դիմակայություն կամ ՀՅԴ-ի ուրույն ուղին

Ինձ միշտ թվացել է, թե դպրոցում մարդիկ կրթվում են, բայց վերջերս պարզեցի, որ կարելի է նաեւ կոփվել։

Դպրոց-դարբնոցը, ուր կոփվում են, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն է, կոփվածքն էլ՝ այդ կուսակցության անդամ, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Լիբանանի եւ Արգենտինայի քաղաքացի Խաչիկ Տեր-Ղուկասյանը, ով «Ժամանակ Երեւան» օրաթերթի թղթակցի հարցին պատասխանելիս ասել է. «Ես կոփված եմ Դաշնակցության դպրոցի մեջ, եւ իմ համար ընդունելի է այն, ինչ կորոշի Դաշնակցությունը»: Սա հատուկ եմ մեջբերում, որպեսզի ընթերցողը չկարծի, թե հետագա մտքերը կարծիքն ու սեփական տեսակետն են հեռավոր տեղից եկած, հայաստանյան իրականությանն անծանոթ մեկի։ Դրանք լիովին արտահայտում են ՀՅԴ-ի մոտեցումները։

Ուրեմն, թղթակիցը հարցնում է. «Դուք բավարարվա՞ծ եք նրա (Ռոբերտ Քոչարյանի) իրականացրած տասնամյա քաղաքականության արդյունքներից»: Խաչիկ Տեր-Ղուկասյանը պատասխանում է. «Իր ընդհանուր գծերով շատ մեծ առաջխաղացումներ կան արձանագրված, եւ դա հատկապես վերաբերում է ազգային հարցերին՝ Ղարաբաղ, ցեղասպանության միջազգային ճանաչում եւ սփյուռքի ներգրավումը Հայաստանի կյանքի մեջ: Պետք է արձանագրել նաեւ տնտեսական աճը, չնայած սոցիալական արդարության հարցերում մենք հեռու ենք բավարար արդյունքներ արձանագրելուց»:

Այն, որ ՀՅԴ-ն պետք է բավարարված լիներ վերջին տասը տարում Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությամբ, կասկածի տեղիք չի տալիս։ Այն, որ Խաչիկ Տեր-Ղուկասյանն ու նրա կուսակիցները պետք է հավանեին Ղարաբաղյան հարցի կարգավորման անհեռանկար սառեցումը, նույնպես պարզ է։ Պարզ է նաեւ, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը պիտի տպավորիչ լիներ ավելի քան հարյուրամյա ազգային կուսակցության համար, իսկ Հայաստանի կյանքի մեջ սփյուռքի ներգրավումը («Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոն, Համահայկական օլիմպիական խաղեր եւ այլն) ուղղակի հրճվանք պիտի պատճառեր։

«Ղարաբաղ» ասելով՝ Խաչիկ Տեր-Ղուկասյանն, անշուշտ, նկատի չունի այդ երկրամասի եւ ազատագրված տարածքների դատարկումը, որը շարունակաբար տեղի է ունեցել վերջին տասը տարում։ Նկատի չունի նաեւ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով տարածաշրջանային նախագծերից Հայաստանի դուրս մնալը։  Իսկ չորս հարեւանից երկուսի հետ՝ ռազմաշունչ, մեկի հետ՝ անբարեհույս, չորրորդի հետ անհասկանալի հարաբերությունները Հայաստանը տեղավորում են դաշնակցականների համար պաշտելի ՄԻԱՅՆԱԿ ՀԱՅԴՈՒԿԻ կերպարի մեջ, որն իր կռիվը կռվելուց հետո աշխարհաթող լինելով` հանգրվանել է հայրենի լեռներում։ Եւ քանի որ ՄԻԱՅՆԱԿ ՀԱՅԴՈՒԿԻ կերպարին բնորոշ է արդարության սուր զգացողությունը, ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտվում է որպես ազգային գերակայություն։

Աշխարհի հետ միայն ցեղասպանության ճանաչման պահանջով կապված ՀԱՅԴՈՒԿԻ համար այլ տեսակի շփումները երկրորդական են՝ հաղորդակցության ուղիներ պետք չեն, շուկաների կարիք չկա, տնտեսական համագործակցությունը պայքարի կամքը թուլացնող գործոն է։ Իսկ լեռներում հավաքված հատապտուղների, սնկերի, ուտելի արմտիքի ու որսի մսի  քանակական աճից տպավորվելով՝ կարելի է մտահոգ լինել միայն դրանց հավասար բաշխման սոցիալիստական սկզբունքների բացակայությամբ։

Հետո թղթակիցը միջազգային հարաբերությունների մասնագետ-քաղաքագետին հարցնում է, թե գործող իշխանության հետ, այնուամենայնիվ, եղե՞լ են սուր հակադրություններ։ Պատասխանը տեղավորվում է միջազգային հարաբերությունների ոլորտում. «Ես համարում եմ, որ այդպիսի հարց է Իրաք հայկական զորախումբ ուղարկելու որոշումը»: Տեր-Ղուկասյանն ասում է, թե դա վտանգավոր է Միջին Արեւելքի մեր համայնքների համար եւ նշված հարցի կողքին դարձյալ դնում գործող իշխանության վարած անբավարար սոցիալական քաղաքականությունը։

Հիմա, եթե Սերժ Սարգսյանը վերցնի ու հետ կանչի Իրաք ուղարկված զորախումբը, դա կարո՞ղ է պատճառ լինել, որպեսզի ՀՅԴ-ն հրաժարվի ընտրապայքարից, թե՞ պետք են նաեւ սոցիալական լավ քաղաքականության ամուր երաշխիքներ, որոնք փնտրել պետք չէ։ Եթե տասը տարի պետության ղեկի մոտ կանգնած մարդիկ  ազգային շատ կարեւոր հարցերում «ընդհանուր գծերով շատ մեծ  առաջխաղացումներ» են արձանագրել, եթե նկատելի տնտեսական աճ են ապահովել, ո՞նց կարող ես չհավատալ, որ նույն այդ մարդիկ հաջորդ տասը տարում ձեռի հետ չեն հաստատի նաեւ սոցիալական արդարություն, հատկապես որ ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանը խոստացել է ավտոմեքենաներ ու բնակարաններ նվիրել նորաստեղծ ընտանիքներին։

2003-ից լինելով իշխող կոալիցիայի մաս, ապա նաեւ` համագործակցելով այդ կոալիցիայի հետ` մի՞թե հնարավոր չէր ստանձնել հայրենակերտման մեծ աշխատանքի սոցիալական հատվածը ու ազգային կարեւոր իրագործումների շուքի տակ անաղմուկ հաստատել արդարություն ու  հավասարություն։ Կամ մի՞թե պարզ չէ, որ ՄԻԱՅՆԱԿ ՀԱՅԴՈՒԿԻ՝ տնտեսական ու սոցիալական համակարգերից զուրկ երկրում բարիքները բաշխվում են ոչ թե ըստ կարիքի, այլ ըստ կարողության՝ ով ավելի ուժեղ է, ավելի շատ հատապտուղ կհավաքի։

Այս պայմաններում ՀՅԴ-ից ի՞նչ կարող է ակնկալել ընտրազանգվածը։ «Դիմակայություն» հեղափոխական բառն է անմիջապես զբաղեցնում պատասխանի տեղը։ Դիմակայություն երկու ճակատով՝ մի կողմում ունենալով Դաշնակցությունից դաշնակցական ՀՀԿ-ին եւ Քոչարյանի ժառանգորդին (անզիջում դիրք), մյուս կողմում` Դաշնակցությունից դաշնակցական Լեւոն Տեր-Պետրոսյանին (ազատ, անկախ, մասամբ` միացյալ Հայաստան)։ Երկու դաշնակցությունների արանքում իրական Դաշնակցությունը կնմանվի իր պաշտելի ՄԻԱՅՆԱԿ ՀԱՅԴՈՒԿԻՆ, որի վերջին առաքինությունը չհանձնվելն է, անգամ եթե դաշնակցական գործիչ Քաջազնունու ասածի պես «այլեւս անելիք չունես»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter