Ազատ գյուղն ազատ է տեղական ինքնակառավարումից
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի համայնքապետարանի արտաքին տեսքը, որ տեսանելի է սենյակի կոտրված պատուհանից, լիարժեք պատկերացում է տալիս նրա գործելակերպի մասին` սեղանին լցված ցաք ու ցրիվ խունացած թղթեր, բաց դռներով երկաթյա պահարան, անկյունում լաթի պես ընկած դրոշ, ինչ-որ կշեռք, փոշու հաստ շերտով պատված 2 հին գրասեղան, կոտրված աթոռներ:
Այս տեսարանից հետո կարելի էր այլեւս չհետաքրքրվել համայնքապետարանի գործունեությամբ:
Մոտ 2 ամիս առաջ այստեղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել, քանի որ համայնքի նախորդ ղեկավար Վահան Մելիքյանը հանկարծամահ եղավ: Սակայն նորընտիր համայնքապետն օտար մարդ չէ, նա հանգուցյալ համայնքապետի կինն է` Կարինե Մելիքյանը: Համայնքի ավագանու 2 անդամներ կրկին Մելիքյան ազգանունն են կրում: Նրանցից մեկը համայնքի ղեկավարի դուստրն է, սակայն մյուսն ազգակցական կապ չունի համայնքապետի հետ:
Համայնքապետարանի բոլոր աշխատակիցները եւ ինքը` համայնքի ղեկավարը, բնակվում են Վարդենիսում: «Իսկ երբ տեղեկանք է անհրաժեշտ լինում, կամ որեւէ հարց եք ունենում, ինչպե՞ս եք վարվում»,- մեր հարցմանը բնակիչները պատասխանում են` «գնում ենք Վարդենիս, գյուղապետի տուն»:
Գյուղում հանդիպեցինք մեքենա նորոգող տղամարդկանց բազմության, ովքեր քիչ թե շատ տեղյակ էին իրենց համայնքից: «Դուք գիտե՞ք, թե որտեղ է գտնվում ձեր համայնքապետարանը»,- մեր հարցին ի պատասխան` խմբակային ծիծաղ է պայթում: Ապա միասին զարմանում են, թե որտեղ են պահվում համայնքապետարանի գործավարական մատյանները, արխիվային փաստաթղթերը: Կամ, հետաքրքիր է, համայնքապետարանի աշխատակիցների ամենօրյա հաճախացուցակ լրացվու՞մ է: Ազատում այս եւ նմանօրինակ այլ հարցերը հռետորական երանգ են ստանում` պատասխանող չկա:
Ի դեպ, տղամարդկանցից մեկը` Ավետիք Գրիգորյանը, ցանկացել էր առաջադրվել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում, սական միտքը փոխել էր: Թե ինչու՞, պարզորոշ պատասխան չտվեց: Ակնհայտ է, որ հորից որդուն կամ ամուսնուց կնոջն իշխանության փոխանցումը սկսել է բնական համարվել մեզանում, հետեւապես «խաթր հարգող» այլ թեկնածուներ ասպարեզ չեն եկել:
Իշխանության վերարտադրության խնդիրը տարեցտարի սրվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Եվ հիմնական պատճառն այն է, որ համայնքի փաստացի հողատեր համայնքապետերը, որոնք տարիներ շարունակ խուսափել են հարկեր վճարելուց, ընտրություններից հետո կարող են հայտնվել տարիներ շարունակ կուտակված հարկերը վճարելու փաստի առաջ: Հենց այդպիսի նախադեպ տեղի ունեցավ Ազատին բավական մոտ գտնվող մի համայնքում` Նորաբակում, երբ կրկին համայնքապետի մահվան տխուր փաստին հաջորդեց վերջինիս որդու` Արտակ Կարապետյանի առաջադրումը: Երբ «հորից որդուն» իշխանության վերարտադրման սցենարն այս համայնքում չաշխատեց (իհարկե, մեծ դժվարությունների գնով, որի մասին ամիսներ առաջ հրապարակումներ են եղել «Հետք»-ում), դրան հաջորդած ժամանակահատվածում չհաղթած թենածուն եւ նույն ինքը` ավագանու անդամ Ա. Կարապետյանը ավագանու մյուս անդամների հետ միասին սկսեցին բացակայել ավագանու նիստերից:
Միաժամանակ, որպես իրավահաջորդ, եղբոր հետ մեկտեղ դատական ճանապարհով պահանջել է հոր` տարիներ շարունակ կուտակված աշխատավարձի պարտքերը եւ, իբրեւ հետեւանք, համայնքի բյուջեն հայտնվել է արգելանքի տակ: Իսկ գործող համայնքապետը դատական հայց է ներկայացրել Կարապետյաններից պատկառելի չափերի հասնող հողի վարձավճարը գանձելու նպատակով: Ահա այսպիսի ամիսներ տեւող հոգեմաշ քաշքշուկներ, որոնց արդյունքում տուժում է համայնքի բնակիչը:
Ազատը, մարզի շատ ու շատ այլ համայնքների նման, ապառքներ ունի: Ինչպես նշեց Ազատի բնակիչներից Ավետիք Գրիգորյանը, համայնքի բյուջեն 3 մլն դրամ է, սակայն ապառքները շարունակում են կուտակվել:
Ազատն ունի 175 հաշվառված բնակիչ, սակայն համայնքում փաստացի բնակվում է 70-80-ը: Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին համայնքի բնակիչների թիվը մեծանում է, իսկ ձմռան ամիսներին տեղափոխվում են Վարդենիս:
2007 թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստում քննարկվել են համայնքների բյուջեների 2007 թ. առաջին կիսամյակի կատարման արդյունքները, ըստ որոնց՝ կիսամյակային համամասնությամբ բյուջեի կատարման եկամտային մասը մարզի կտրվածքով թերակատարվել է 20,6%-ով: Ինչպես մարզխորհրդի նիստում նշել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Սահակյանը, թերակատարման հիմնական պատճառը 1-10 — 10-20%-ի հասնող եկամուտներ հավաքագրած 62 համայնքների ցուցանիշներն են` պայմանավորված հենց համայնքների ղեկավարների ու ավագանիների անգործությամբ: Այդպիսի համայնքների թվում նշվել են Գեղամասարը` 1,5%, Գեղաքարը` 3%, Ակունքը` 2,3%, Փոքր Մասրիկը` 0,3%, Ախպրաձորը` 3,9%, Ազատը` 4,9%, Լուսակունքը` 4,6%, Լճավանը` 7,9%, Կախակնը` 9,1%, Կարճաղբյուրը` 3,9%, Նորակերտը` 6,3%, Կոււտականը` 1,8% եւ այլն:
62 համայնքների քանակը չի կարող մտահոգող չլինել. սակայն տարիներ շարունակ նույն տեմպերով եւ նույն աշխատաոճով գործող համայնքի ղեկավարներն իրենց «անբավարար» գնահատականները, լավագույն դեպքում, ստանում են մարզխորհրդի նիստերի ժամանակ, բայց իրավիճակն անփոփոխ է մնում: Այս համայնքապետարանները համապետական ընտրությունների ժամանակ «արթնանում» են քնից, դրսեւորում են իշխանություններին ծառայելու պատրաստակամություն եւ ջանում են որդեգրել նվիրյալների կեցվածք` «ժողովրդի հետ, ժողովրդի համար»: Ընտրություններից հետո ժողովուրդը դառնում է «բնակիչ», գյուղապետարանի դռներն անհույս փակվում են, իսկ «բնակիչները» զայրանում են ու լռում:
Ինչպես նշվեց արդեն, այդ անգործությունը բացատրվում է նաեւ նրանով, որ համայնքներում փաստացի ամենամեծ հողօգտագործողները համայնքների ղեկավարներն են, ովքեր մտնում են ընտրապայքարի մեջ հենց հարկեր չվճարելու հեռանկարով: Անշուշտ, կգտնվեն օրենքին տեղյակ համայնքապետեր եւ կհակադրվեն` մեր անունով հող չկա: Սակայն ի՞նչ նշանակություն ունի, թե հողն ում անունով է, երբ ցանկացած համայնքում գիտեն, թե ում են պատկանում համայնքի բարեբեր եւ աշխարհագրական առումով ամենալավ գոտում գտնվող հողերը:
Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով մարզպետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ: Չանդրադառնալով այս դրույթի հակասականությանը` ընդգծենք, որ անգործությամբ հայտնի եւ համայնքների զարգացումը տարիներ շարունակ ձախողած համայնքապետերը շարունակում են պաշտոնավարել նույն տեմպերով եւ նույն ոգով: Մարզում տարիներ շարունակ բյուջեն թերակատարվում է նույն համայնքների ղեկավարների պատճառով, մինչդեռ վերջին 3-4 տարում որեւէ մարզպետ այդ հիմքով անվստահություն չի ներկայացրել նման համայնքի ղեկավարի: Թերեւս այն պատճառով, որ անվստահության չարժանացած համայնքապետը հնարավորություն ունի մարզպետի լավությունը փոխադարձելու՝ ընտրությունների ժամանակ ձայներ հավաքագրելու իր ջանադիր ու համառ աշխատանքով:
Գեղարքունիք
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել