HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ և հրեա համայնքներ.համագործակցության հնարավոր միտումներ

Խորհրդային վարչակարգի փլուզումից հետո և նոր դարաշրջանի նախամուտով, պայմանավորված համաշխարհային աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական արագընթաց վերափոխումներով, հնարավոր հեռանկարներ են նկատվում հայ և հրեա համայնքների միջև խորքային քաղաքական-գաղափարական հակասությունների հարթեցման համար։

Երկկողմ երկխոսության զարգացման հարցում մասամբ զգալի են եղել նաև Իսրայել-հրեական համայնքներ փոխհարաբերություններում շոշափելի փոփոխությունները, այդ համայնքների ներսում գոյացած սոցիալ-տնտեսական, քաղաքական ու գաղափարական տեղաշարժերը, ինչպես նաև՝ խորհրդային կարգերի վերացմամբ նորանկախ Հայաստանի հռչակումը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարության հստակեցումը։ Ստեղծված իրադրության արդյունքում հայ և հրեա համայնքների միջև երկխոսության հաստատումը լուրջ ներդրում կլինի Հայաստան-Իսրայել միջպետական, դիվանագիտական հարաբերությունների ձևավորման, երկու ազգերի միջև բազմակողմանի կապերի ընդլայնման համար ընդհանրապես։ Համաշխարհային հրեականության հետ հայ սփյուռքի համագործակցության զարգացումը, նախևառաջ հաշվի առնելով նրա զգալի դերն ու հեղինակությունը միջազգային հարաբերություններում, մեծ նշանակություն կունենա Հայաստանի, համայն հայության համար այնպիսի կարևորագույն հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում, ինչպիսիք են 1915թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ-թուրքական համալիր հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և այլն։

Տեղաշարժեր հրեական համայնքներում

Վերջին 15 տարիների ընթացքում հրեական համայնքների ներսում աստիճանաբար տեղի են ունենում նոր տեղաշարժեր, որոնք, պայմանավորված մի շարք հիմնախնդիրներով, ունեն գործընթացի ակտիվացման և ընդլայնման միտումներ։ Համաշխարհային հրեականության նորագույն պատմության մեջ այդ շոշափելի տեղաշարժերն իրենց հիմքում կրում են ինչպես սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գաղափարական շարժառիթներ։ Մասնավորապես վերջին 10 տարիների կտրվածքով, ի հաշիվ հիմնականում Միացյալ Նահանգների, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի հրեական համայնքների, ինչու չէ՝ նաև Իսրայելի հրեա բնակչության, ընթանում է համաշխարհային հրեականության մի զգալի հատվածի տնտեսական, քաղաքական ու գաղափարական կապիտալի (ռեսուրսներ) կենտրոնացում արևելյան, հարավարևելյան Ասիայում։ Դա է վկայում վերջին ժամանակներս ասիական մայրցամաքի տարբեր հատվածներում հրեական խոշորագույն նոր կազմակերպությունների, կենտրոնների հիմնադրման իրողությունը։ Հարցի կապակցությամբ, սակայն, հարկ է հստակեցնել մեկ կարևորագույն առանձնահատկություն. համաշխարհային հրեականության այն ստվար հատվածը, որ մտադիր է իր ապագան կապել ասիական մայրցամաքի հետ, մեծ հեռանկարներ է տեսնում առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ այդ համայնքների համագործակցության խորացման գործում։ Ավելին, ինչպես հաստատում են արևմտյան և ոչ միայն արևմտյան լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունները, Ռուսաստանը պոտենցիալ ռեսուրսներ ունի առաջիկա տարիներին վերածվելու Իսրայելի սահմաններից դուրս համաշխարհային հրեականության խոշորագույն կենտրոններից մեկը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում արագ քայլեր ձեռնարկվեցին Ռուսաստանի Դաշնությունում հրեական հոգևոր և աշխարհիկ խոշորագույն կենտրոնների հիմնադրման, համաշխարհային հրեական կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման ուղղությամբ։ Այսպես, դեռևս 1993 թ. փետրվարին ռուսաստանյան հրեական հոգևոր համայնքների միավորման ու կենսագործունեության պայմանների բարելավման նպատակներով հիմնադրվեց «Ռուսաստանի հրեական կրոնական համայնքների ու կազմակերպությունների կոնգրես»-ը (ՌՀԿՀԿԿ)։ Ներկայումս Կոնգրեսը միավորում է ՌԴ-ի տարբեր քաղաքների 33 հրեական համայնքներ։ Նկատենք, որ կազմակերպությունը չունի վարչական իշխանություն, այլ իրականացնում է զուտ խորհրդատվական-կոորդինացիոն, ինչպես նաև՝ ներկայացուցչական գործառույթներ։ ՌՀԿՀԿԿ-ն հիմնականում զբաղվում է տարածաշրջանային գիտաժողովների կազմակերպման, հրեական համայնքներում գործունեություն ծավալելու նպատակով կադրերի վերապատրաստման և այլ աշխատանքներով։ Կոնգրեսը ղեկավարում է Ռուսաստանի հրեաների գլխավոր ռաբբին՝ Ադոլֆ Շաևիչը։ Իսկ 1996 թ. մի խումբ հրեա խոշոր գործարարների, հրեական համաշխարհային կազմակերպությունների ղեկավարության և հայտնի հոգևոր հրեա գործիչների նախաձեռնությամբ ու աջակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում հրեական համայնքների սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի ակտիվացման նպատակներով հիմնադրվեց «Ռուսաստանի հրեական կոնգրես»-ը (ՌՀԿ)։ ՌՀԿ-ն մի կառույց է, որը կարճ ժամանակամիջոցում կարողացավ իր շուրջը միավորել Ռուսաստանում նախորդ դարի 90-ականներին գործող և միևնույն ժամանակ միմյանցից անկախ ու անտեղյակ բազմաթիվ հրեական կենտրոններին ու կազմակերպություններին, որոնք ներկայացնում էին ռուսաստանյան հրեական համայնքների հոգևոր, մշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարական շերտերը («Ռուսաստանի հրեական կոնգրես»-ի առաջին նախագահը եղել է Վլադիմիր Գուսինսկին (1996-2001 թթ.), որին հաջորդել են Լեոնիդ Նեվզլինը (2001), Եվգենի Սատանովսկին (2001-2004 թթ.) և Վլադիմիր Սլուցկերը (2004-2005 թթ.)։ 2005 թ. նոյեմբերի 10-ին ՌՀԿ նախագահ է ընտրվել ռուսաստանյան հայտնի գործարար Վյաչեսլավ Կանտորը)։  

1998 թ. նոյեմբերին ետխորհրդային տարածքում բնակվող հրեա հոգևոր և աշխարհիկ համայնքների առաջնորդների աջակցությամբ հիմնադրվեց «ԱՊՀ հրեական համայնքների դաշնությունը», որի առաքելությունը խորհրդային վարչակարգի փլուզմամբ նորանկախ հանրապետություններում գործող հրեաների ու հրեական համայնքների սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային գործունակության զարգացումն ու այդ համայնքների միջև կապերի ամրապնդումն էր։ «ԱՊՀ հրեական համայնքների դաշնությունը» ֆինանսավորում են ինչպես տարբեր հասարակական կազմակերպություններ (օր.՝ «Խաբադ-Լյուբավիչ շարժումը», «Ջոյնթը», «Բոստոնի հրեական բարեգործություն կազմակերպությունը»), անհատ գործարարներ ու մասնավոր հիմնադրամներ (Լազար և Պերլա Ժիլսինսկիները/Ֆլորիդա, «Նյուտոնի և Ռոշել Բեկերի հիմնադրամը»), այնպես էլ պետական կառույցներ (Իսրայելի կրթության և կրոնի հարցերով նախարարությունները)։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ներկայացուցչություն ունի նաև Միացյալ Նահանգներում։    

«ԱՊՀ հրեական համայնքների դաշնության» ստեղծումից կարճ ժամանակ անց՝ 1999 թ. Ռուսաստանում իր գործունեությունը սկսեց «Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը» (ՌՀՀԴ), որն իրենից ներկայացնում էր համառուսաստանյան հրեական կամավոր կրոնական կազմակերպությունների միություն։ Այն ներառում է ՌԴ-ում մշտական հիմունքներով բնակվող և հուդայական կրոնի հետնորդ հանդիսացող քաղաքացիներին։ Նշենք, որ կազմակերպության հիմնական նպատակն է Ռուսաստանի հրեաների կրոնական, ազգային-մշակութային կյանքի բարելավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ ՌՀՀԴ-ն կարևորում է նաև ԱՊՀ տարածքում և այլ տարածաշրջաններում բնակվող հրեական կրոնական կազմակերպությունների հետ կապերի զարգացումը։ 
Գործունեության առավել լայն շրջանակներ է ընդգրկում մասնավորապես Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող ռուսալեզու հրեաների համախմբման նպատակով 2002 թ. հիմնադրված «Ռուսալեզու հրեականության համաշխարհային կոնգրես»-ը (ՌՀՀԿ)։ ՌՀՀԿ-ն կարողացավ միավորել ռուսալեզու հրեական համայնքներին, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում էին շուրջ 27 երկիր (Իսրայել, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, ԱՊՀ և ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններ)։ Կազմակերպության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում ետխորհրդային տարածքում բնակվող հրեական համայնքների միավորման ու նրանց սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի բարելավման խնդիրները։ ՌՀՀԿ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ներկայումս աշխարհում բնակվում է ավելի քան 3 մլն ռուսալեզու հրեա, որը կազմում է ողջ հրեա բնակչության շուրջ 25%-ը։ Նշենք նաև, որ ս/թ նոյեմբերի 5-ին Մոսկվայում կայացած ՌՀՀԿ մայրցամաքային ներկայացուցչությունների խորհրդի նիստում կոնգրեսի նախագահի պաշտոնում ռուսաստանյան ներկայացուցչի՝ Բորիս Շպիգելի ընտրությունը, ինչպես նկատում է վերլուծաբանների զգալի մասը, նոր լիցք կհաղորդի ինչպես Ռուսաստանի հետ ռուսալեզու հրեական համայնքների կապերի ամրապնդմանն ու խորացմանը, այնպես էլ կնպաստի Ռուսաստանի և Իսրայելի միջև համագործակցության ընդլայնմանը։ Ի դեպ, վերջերս Միացյալ Նահանգներում ստեղծվեց ՌՀՀԿ Ամերիկյան ֆորումը, որը լուրջ գործունեություն է սկսել ծավալել ռուսալեզու հրեական համայնքների շահերի պաշտպանության ուղղությամբ՝ միավորելով տեղի շուրջ 87 ռուսալեզու հրեական կազմակերպություններին։ Կոնգրեսը լուրջ աշխատանքներ է իրականացնում նաև Գերմանիայի հրեա բնակչության շահերի պաշտպանության առումով՝ ոլորտում սերտորեն համագործակցելով «Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի» հետ, որի ղեկավարն ունի պետնախարարի կարգավիճակ։ 

Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող հրեական հոգևոր կամ աշխարհիկ կենտրոնների ցուցակը չի սահմանափակվում վերը հիշատակված կազմակերպություններով, սակայն սույն վերլուծությունում խնդիրը զուտ դրանք ներկայացնելը չէ։ Առավել կարևոր է ծավալվել այն հիմնական դրդապատճառների ու միտումների շուրջ, որոնք հիմք հանդիսացան վերջին 15 տարիներին Ռուսաստանում հրեական քաղաքական-տնտեսական, գաղափարական կապիտալի կենտրոնացման համար: Այսպես՝

  • խորհրդային կարգերի փլուզումը և Ռուսաստանի Դաշնության հռչակումը, որի արդյունքում նոր հորիզոններ բացվեցին Ռուսաստանում և ետխորհրդային մնացած տարածքում հրեական համայնքների ազգային, հոգևոր-մշակութային կյանքի բարելավման ուղղությամբ,
  • Ռուսաստանում հրեական համայնքների ենթակառուցվածքների ձևավորումն ու զարգացումը,
  • ԽՍՀՄ փլուզումից հետո և հատկապես վերջին կես տասնամյակում Ռուսաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը և երկրի քաղաքական կայունությունը կարևորագույն երաշխիք են ՌԴ-ում հրեական տնտեսական կապիտալի ակտիվացման գործում,
  • ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունները Մերձավոր Արևելքում (նավթագազային գործոն, ԱՄՆ-արաբական աշխարհ, ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքար և այլն) դանդաղ, սակայն զգալի բացասական ազդեցություն են թողնում տեղի հրեա բնակչության տնտեսական, քաղաքական կապիտալի պահպանման վրա (նկատի առնելով նաև վերջինիս ապահովագրության երաշխիքի հարցը),
  • ըստ որոշ մասնագետների՝ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությունը՝ փոխկապակցված արտաքին մարտահրավերներով, ամերիկյան հասարակությունում ընթացող խորքային սոցիալ-տնտեսական փոփոխությունները նույնպես դրական հեռանկարներ չեն կանխատեսում տեղի հրեաների բարեկեցության ապահովման համար,
  • ԱՄՆ հանրապետական վարչակարգի տարիներին Միացյալ Նահանգների տնտեսությունում, ինչպես հաստատում են բազմաթիվ մասնագետներ, նկատվում է հրեական ֆինանսական կապիտալի ազդեցության ու դերի աստիճանական նվազում,
  • որոշ տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելյան հիմնախնդրի չկարգավորվածության, ժամանակ առ ժամանակ ընթացող ռազմական բախումների, ահաբեկչությունների հետևանքով Իսրայելի բնակչության մի մասը և հատկապես խորհրդային հայրենադարձներն անվտանգ ու բարեկեցիկ կենսապայմանների ակնկալիքով գերադասում են արտագաղթել Ռուսաստան,
  • Իսրայելում խորհրդային և ետխորհրդային հայրենադարձների մի մասը շարունակում է կապեր պահպանել ռուսաստանյան ազգականների հետ և դեռևս կրում է ՌԴ քաղաքացիություն,
  • Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում հրեական համայնքների զարգացման հարցում շահագրգռված է նաև Իսրայելի պետությունը՝ ԱՄՆ հրեականությանն այլընտրանքային հրեական կենտրոնների ձևավորման, աշխարհաքաղաքական նոր տրասնֆորմացիաներին համարժեք արձագանքման նպատակներով (օր.՝ Չինաստանի գործոնը),
  • Եվրոպայում և մասնավորապես Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Բելգիայում հակահրեականության միտումների ուժեղացմամբ տեղի հրեաների մեծ մասը գերադասում է տեղափոխվել հիմնականում ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան և Իսրայել։

Այն, որ Ռուսաստանը պոտենցիալ հնարավորություններ ունի դառնալ համաշխարհային հրեականության խոշորագույն կենտրոններից մեկը, հաստատում են նաև հրեական խոշոր կազմակերպությունների ներսում վերջին զարգացումներն ու իրադարձությունները։ Նախ առանձնացնենք այն, որ 1986 թ. հիմնադրված «Եվրոպական հրեական կոնգրես»-ի (ԵՀԿ) նախագահի պաշտոնում ս/թ հունիսին Կոնգրեսի պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց ռուսաստանյան ներկայացուցիչ, «Ռուսաստանի հրեական կոնգրես»-ի նախագահ Վյաչեսլավ Կանտորը՝ թեժ մրցակցության արդյունքում հաղթանակ տանելով Կոնգրեսի նախկին նախագահ, ազգությամբ ֆրանսիացի Պիեր Բեսնայնուի նկատմամբ։ ԵՀԿ նախագահի պաշտոնում ռուսաստանյան ներկայացուցչի առաջադրումը և արդյունքում հաղթանակը խորհրդանշում են երեք իրողություն։ Նախ այն, որ վերջին ժամանակներս համաշխարհային հրեականությունը սկսել է է՛լ ավելի կարևորել Ռուսաստանի դերն ու նշանակությունը հրեական համայնքների զարգացման հեռանկաների առումով, երկրորդ՝ Ռուսաստանը, պայմանավորված երկրի տնտեսական աճի բարձր տեմպերով ու քաղաքական կայունությամբ, բարեկեցիկ կենսապայմաններ է խոստանում տարբեր աշխարհամասերից ու երկրներից դեպի Ռուսաստան հրեաների արտագաղթի համար։ Եվ երրորդ՝ Ռուսաստանը հետագայում պոտենցիալ հնարավորություններ է ձեռք բերում՝ մեծացնելու դերակատարումը եվրոպական հրեական համայնքային կյանքում և դառնալու նրանց առաջատարը։ Նշենք, որ ԵՀԿ-ն, որի գլխավոր գրասենյակը տեղակայվում է Փարիզում, միավորում է Եվրոպայի շուրջ 42 հրեական համայնքներ՝ ընդհանուր առմամբ 2.5 մլն բնակչությամբ։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ նախքան ԵՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելը, 2006 թ. փետրվարին Վ. Կանտորի նախաձեռնությամբ ու նախագահությամբ հիմնադրվեց «Եվրոպական հրեական հիմնադրամ»-ը (ԵՀՀ)՝ Եվրոպայում հրեական համայնքների կենսապայմանների բարելավման, հակահրեականության վերացման ու հրեական ազգային-մշակութային ինքնագիտակցության բարձրացման, հրեականության առջև կանգնած միջազգային սպառնալիքների (ահաբեկչություն, միջուկային զենքի տարածում) դեմ պայքարի նպատակներով։ Ի դեպ, Վ. Կանտորը 2002 թ. նշանակվել էր վերջերս ստեղծված, սակայն արդեն միջազգային բարձր հեղինակություն ունեցող «Եվրասիական հրեական կոնգրես»-ի փոխնախագահ՝ հարավարևելյան Ասիայի երկրների ու Չինաստանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի հետ մշակութային և այլ փոխհարաբերությունների կոորդինացման հարցերով։ 

Եվս մեկ կարևոր ցուցիչ. 2005 թ. Լեհաստանում կայացած «Կյա՛նք իմ ժողովրդին» (Let my people live!) առաջին միջազգային ֆորումում Իսրայելի, Լեհաստանի և Ռուսաստանի ղեկավար-ներկայացուցիչները հանդես եկան «Հոլոքոսթի հիշողության համաշխարհային ֆորում» հիմնադրամի ստեղծման մասին հայտարարությամբ։ Հիմնադրամի հռչակագրի համաձայն՝ նորաստեղծ կառույցն իր առջև դնում էր երկու հիմնական առաքելություն՝ Հոլոքոսթի հիշողության կանոնավոր միջազգային ֆորումների կազմակերպում և «Յադ-Վաշեմ» Հոլոքոսթի հիշողության ուսուցման միջազգային դպրոցի ու «Եվրոպական հրեական կոնգրես»-ի համատեղ նախաձեռնությանը պատկանող «Հոլոքոսթի հիշողության եվրոպական կրթական ծրագրի» իրագործում։ Հիմնադրամը, որի հիմնադիրն է համարվում կրկին Վ. Կանտորը, ներկայումս ներկայացուցչություններ ունի Մոսկվայում, Ժնևում և Երուսաղեմում։

Ռուսաստանի հայությունը. համագործակցության հեռանկարներ

Վերջին տարիներին ասիական մայրցամաքում և առաջին հերթին Ռուսաստանում ու ԱՊՀ տարածքում հրեական համայնքների ակտիվացման միտումներին գրեթե զուգահեռ նոր տրասնֆորմացիոն գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստան-հայկական համայնքներ հարաբերություններում ու Ռուսաստանի հայության ներհամայնքային կյանքում։ Առանձնահատուկ պետք է անդրադառնալ Հայաստանի սահմաններից դուրս հայկական սփյուռքի հասարակական-քաղաքական, սոցիալական ու մշակութային կյանքում Ռուսաստանի հայության դերի մեծացման միտումներին, որի համար կարելի է առանձնացնել մի քանի հիմնական նախադրյալներ.

  • Հայաստանի Հանրապետությունից գերազանցապես սոցիալական դրդապատճառներով աշխատուժի զանգվածային կանոնավոր արտահոսքը դեպի Ռուսաստանի Դաշնություն,
  • հայ-ռուսական քաղաքական, տնտեսական բարիդրացիական հարաբերությունները, և ամենակարևորը՝ երկու ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային ընդհանրությունները (ի տարբերություն ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի),
  • ԱՊՀ տարածքում բնակվող, այդ թվում և Վրաստանի հայության, ջավախահայության, աբխազահայության, ինչպես նաև՝ ԼՂՀ մի ստվար հատված իր սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովումը տեսնում է նախևառաջ Ռուսաստանում, ոմանք էլ գերադասում են հայրենադարձվել հայրենիք,
  • և վերջապես, հատկապես վերջին տարիներին Ռուսաստանի հայությունը ներկայանում է ոչ թե սոցիալականացված մի կառույց, ինչպես նախկինում էր, այլ ձեռք է բերել համայնքային կազմակերպվածության բավականին բարձր մակարդակ։

Վերջին շրջանում Ռուսաստանի հայության համայնքային կյանքում տեղի ունեցած պատմական իրադարձություններից առաջին հերթին պետք է նշել 2000 թ. ռուսաստանյան խոշոր հայ գործարար Արա Աբրահամյանի նախագահությամբ «Ռուսաստանի հայերի միության» (ՌՀՄ)՝ որպես համառուսաստանյան հասարակական կազմակերպության ձևավորումը։ Առավել կարևոր և միևնույն ժամանակ խորհրդանշական առաքելություն պետք է վերապահել 2003 թ. հոկտեմբերին կրկին վերջինիս ղեկավարությամբ, միջազգային կարգավիճակ ունեցող «Համաշխարհային հայկական կոնգրես»-ի (ՀՀԿ) հիմնադրմանը։ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարության նախաձեռնությամբ «Համաշխարհային հայկական կոնգրես»-ի հիմնադրումը Մոսկվայում հաստատում է այն տեսակետը, որի համաձայն՝ Ռուսաստանի հայությունն այսօր լուրջ հայտ է ներկայացնում դառնալու Հայաստանի սահմաններից դուրս համայն հայության խոշորագույն կենտրոններից մեկը, իսկ հեռանկարում, դատելով նորաստեղծ կազմակերպության խորագրից, հայության խոշորագույն ներկայացուցիչ-մարմինը։ Տեղին է նշել նաև, որ ՀՀԿ օրակարգում է հայկական համայնքներով բնակեցված տարբեր երկրներում և առաջին հերթին Միացյալ Նահանգներում Կոնգրեսի ներկայացուցչությունների բացման հարցը։ ՀՀԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական, առողջապահական ու կրթական ոլորտներում, ակտիվացրել է իր մասնակցությունը 1915 թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Կոնգրեսն իր առջև խնդիր է դրել նաև ակտիվ մասնակցություն ունենալ և աջակցել Արևմտյան Հայաստանի հայության հետնորդների Երրորդ համագումարի կազմակերպման ու անցկացման գործին՝ արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինների ստեղծման նպատակով։ Վերջին ժամանակներս Ռուսաստանի հայ համայնքում, որն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 2.5 մլն բնակչություն, տեղի ունեցած այս և այլ արմատական տեղաշարժերը վկայում են, որ վերջինս պոտենցիալ ռեսուրսներ ունի մոտ ապագայում առավել համակարգային գործունեություն ծավալելու, միջազգային հարաբերություններում իր ազդեցության ու կշռի բարձրացման ուղղությամբ։   

Անդրադառնալով վերլուծության բուն նպատակին՝ հարկ ենք համարում հաստատել, որ մի կողմից ասիական մայրցամաքում և առաջին հերթին Ռուսաստանում ու ԱՊՀ տարածքում հրեականության ռեսուրսների կենտրոնացումը, Ռուսաստանի հայության համայնքային կյանքի կտրուկ ակտիվացումը և միջազգային դերի բարձրացումը, մյուս կողմից՝ վերոնշյալ երկու միտումների կարևորումը Ռուսաստանի ղեկավարության կողմից առաջնակարգ նպաստավոր նախադրյալներ կարող են հանդիսանալ երկու համայնքների միջև համագործակցության ակտիվացման համար։ Մյուս կարևորագույն նախապայմաններից մեկն էլ այն է, որ հարցում շահագրգռվածություն են ցուցաբերում թե՛ Իսրայելի, և թե՛ Հայաստանի պետական բարձր շրջանակները՝ իրենց առջև ունենալով թերևս այլ խնդիրներ ու շահեր։ Սակայն կողմերի միջև երկխոսության կայացման հարցում ձևավորվում է կարևորագույն մի գործոն, որի առկայությունը կարող է ապահովել կողմերի միջև ընդհանրական շահերի դաշտ։ Ինչպես արդեն նշվեց, վերջին ժամանակներս ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը բացասական հետևանքներ է թողնում ԱՄՆ հրեականության քաղաքական, ֆինանսական կապիտալի ազդեցության վրա՝ ուղեկցվելով լուրջ գաղափարական տարակարծություններով։ Ավելին, ԱՄՆ-ի հանրապետականները, կրկին պայմանավորված Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերով, լուրջ ճնշումներ են բանեցնում իշխանության դեմոկրատական ճամբարի վրա, որը և ներկայացնում է Միացյալ Նահանգների հրեականության առավել համախմբված ֆինանսական վերնախավը։ Արդյունքում, ինչպես նկատում է ամերիկյան վերլուծաբանների մի զգալի մասը, արմատական, կարելի է ասել՝ նույնիսկ հակադիր տրանսֆորմացիաների են ենթարկվում նաև այդ իսկ ընտրանու գաղափարական, աշխարհաքաղաքական դիրքորոշումներն ու շահերը։ Մյուս կողմից՝ նման տեղաշարժերն, իհարկե, չեն կարող չանդրադառնալ Իսրայելի պետության արտաքին քաղաքականության և ընդհանրապես պետական շահերի վրա։

Կարեն Վերանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter