Միգրացիան մարդկությանն ուղեկցող բնական երեւույթ է
Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ
Հայաստանում եւ Ադրբեջանում միգրացիայի աստիճանի եւ երկու երկրների վրա արտահոսքի ազդեցության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ
Ինչպե՞ս եք գնահատում երկրում այս պահին միգրացիոն իրավիճակը, ինչպիսի՞ն է միգրացիոն հոսքերի դինամիկան վերջին տարիների ընթացքում:
Հայաստանում միգրացիոն իրավիճակը եւ դինամիկան գնահատելու համար պետք է դիտարկենք վերջին 20 տարիների միգրացիոն հոսքերը: Առաջին փուլը (1992-1994 թթ.) ինտենսիվ արտահոսքի ժամանակաշրջան էր. ղարաբաղյան պատերազմի, շրջափակման, կաթվածահար տնտեսության հետեւանքով երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացավ 400-450 հազար մարդ: Հաջորդ տարիների առանձնահատկությունն այն էր, որ արտագաղթի դինամիկան կայունացավ. եթե նախկինում մեկ տարվա ընթացքում մեկնել էր մոտ 250 հազար մարդ, ապա երկրորդ փուլում (1995-2001 թթ.) մեկնողների թիվը կայուն էր` 40-60 հազար մարդ տարեկան:
2002 թ. մինչ այժմ ձգվող փուլը բնորոշվում է որպես ելք ու մուտքի, մեկնելու եւ վերադառնալու շրջան: Ուղեւորահոսքերի ծավալներն աճեցին 20-33%-ով: Բայց պետք է հասկանալ, որ ամեն միգրանտ առաջին հերթին ուղեւոր է, բայց ամեն մի ուղեւոր չէ, որ միգրանտ է: Հետեւաբար, ուղեւորահոսքերի մեծացումը չի կարելի ուղղակի պայմանավորել արտագաղթի ծավալների աճով: Այս փուլում, ըստ տարբեր հետազոտությունների, Հայաստանից տարեկան մեկնում է մոտ 2-3 հազար մարդ, ինչը չի կարելի համարել զանգվածային արտագաղթ:
Նշեմ նաեւ, որ հիմա մարդիկ ավելի են տեղեկացված աշխատանքային միգրացիայի խնդիրների եւ օրինական աշխատանք գտնելու հնարավորությունների մասին:
Որո՞նք են միգրացիայի հիմնական պատճառները: Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են առավել շատ մեկնում Հայաստանից եւ ու՞ր:
Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից 3 մարդուց 2-ի արտագաղթելու հիմնական դրդապատճառները սոցիալ-տնտեսական են` մի դեպքում աշխատանք չունենալը, մյուս դեպքում բարձր վարձատրվող կամ էլ մասնագիտական աշխատատեղերի բացակայությունն է, գործարարությամբ զբաղվելու բարդությունները: Անշուշտ, ուրիշ պատճառներ էլ կան, օրինակ` բարոյահոգեբանական մթնոլորտ, երկրի կայունություն, կրթություն, բայց դրանք շատ փոքր մաս են կազմում: Ուսումնական միգրացիան նշել է հարցվածների մոտ 2%-ը, իսկ սոցիալ-տնտեսական պատճառը` 65-70%-ը:
Արտագաղթի աշխարհագրությունը վերջին 20 տարիների ընթացքում առանձնակի փոփոխությունների չի ենթարկվել: Միգրանտների գրեթե 70%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, ընդ որում` գերակշիռ մասը` Ռուսաստանի Դաշնությանը (մինչեւ 65%), քանի որ չկան վիզայի հետ կապված բարդություններ, եւ կան մշակութային ընդհանրություններ. ռուսերենին հայերը քիչ թե շատ տիրապետում են: Մոտ 10%-ը մեկնում է եվրոպական երկրներ, մոտավորապես այդքան էլ` ԱՄՆ, 5-7%-ը մեկնում է Ավստրալիա, Նոր Զելանդիա, Իսրայել եւ այլ երկրներ:
Ռուսաստանում Հայաստանից մեկնածների զբաղվածությունը շինարարության ոլորտն է` 57%, վերամշակման արտադրությունները` 11%, առեւտրի ոլորտը` 10%:
Ես երբեւէ հետազոտություններում չեմ հանդիպել, որ մասնագիտությունների դասակարգիչ լինի, բայց մի բան հստակ է, որ մինչեւ 2002 թ. խոսում էին «ուղեղների արտահոսքի» մասին, հետո արդեն ավելի շատ առկա էր աշխատանքային միգրացիան:
Ի՞նչ է անում կառավարությունը միգրացիոն գործընթացների բացասական հետեւանքները նվազեցնելու համար: Կարո՞ղ է, արդյոք, Արեւելյան գործընկերության ծրագիրն ազդել Հայաստանում միգրացիոն իրավիճակի բարելավման վրա: Որքա՞ն ուժեղ են միգրացիոն գործընթացներն ազդում երկրի ժողովրդագրական վիճակի վրա:
Կասեցնել արտագաղթը` նշանակում է վերացնել այն ծնող պատճառները: Կառավարության ողջ գործունեությունն ուղղված է հենց սոցիալ-տնտեսական ուղղությունների բարելավմանը: Մենք փորձում ենք տարբեր ծրագրերի միջոցով առավել կառավարելի դարձնել միգրացիոն հոսքերը:
Արեւելյան գործընկերության շրջանակներում անցած տարվա դեկտեմբերին կառավարությունը հաստատեց միգրացիայի կարգավորման քաղաքականության հայեցակարգ: Այս հայեցակարգի շրջանակներում մենք սահմանել ենք միգրացիայի հետ առնչություն ունեցող 14 ոլորտ, եւ յուրաքանչյուր ոլորտում պետությունը հետամուտ է լինելու որոշակի նպատակի իրականացմանը:
Օրինակ` Ադրբեջանից բռնագաղթածների պարագայում սահմանել ենք, որ մեր նպատակն է նրանց լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ, կամ սահմանային հսկողության ոլորտում մեր նպատակը միջազգայնորեն ճանաչում ունեցող սահմանային վերահսկողության համալիրի կառուցումն է, աշխատանքային միգրացիայի դեպքում մեր նպատակը մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունն է եւ այլն: Մենք հիմա զբաղված ենք գործողությունների ազգային ծրագրի մշակմամբ: Նպատակները վերածում ենք քայլերի` ով, ինչ, երբ եւ ինչպես պետք է իրականացնի:
Արեւելյան գործընկերությունը նաեւ նոր հեռանկարներ է բացում: Մենք այս տարի հույս ունենք, որ Եվրամիության հետ կկնքենք շարժունակության եւ գործընկերության մասին համաձայնագիր, ինչը հնարավորություն է տալիս ավելի ինտենսիվ համագործակցել այլ երկրների հետ միգրացիայի ոլորտում:
Օրինակ` հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին իրենց կրթությունը շարունակելու համար աշխատանքային փորձառություն ձեռք բերել ուրիշ երկրում, հնարավորություն է տալիս պահպանելով ժամանակավոր բնակության իրավունքը` գործունեություն ծավալել ուրիշ երկրում: Մենք հույս ունենք նաեւ, որ այս տարի կստորագրենք վիզաների ստացման գործընթացը դյուրացնելուն ուղղված փաստաթուղթ:
Ուղղակի կապ կա երկրից արտագաղթի եւ երկրում դեմոգրաֆիկ վիճակի միջեւ: 80-ական թվականների վերջերին մեզ մոտ ծնունդների թիվը տարեկան մինչեւ 90 հազարի էր հասնում, 2002-2003 թթ. նվազեց մինչեւ 25-28 հազարը: Բայց մենք արդեն անցել ենք ամենացածր կետը, հիմա կա տարեկան 40 հազար եւ ավելի ծնունդ, եւ դինամիկան աճում է:
Ինչպիսի՞ն է պաշտոնական եւ հասարակական վերաբերմունքը միգրացիայի` որպես երեւույթի եւ միգրանտների հանդեպ: Կա՞, արդյոք, ինչ-որ փոփոխություն վերաբերմունքի առումով վերջինտարիների ընթացքում:
Հասարակության կողմից վերաբերմունքը գոնե նախկինում շատ բացասական էր: Առաջին տարիներին ասում էին, որ մեկնողները լքեցին Հայաստանը, նույնիսկ դավաճանության նման մի բան էին համարում: Դա էլ իր բացատրությունն ունի. մենք խորհրդային տարիներին երկար ժամանակ ապրել ենք փակ հասարակությունում, որին բնորոշ չէին տեղաշարժերը:
Ես համարում եմ, որ միգրացիան մարդկությանն ուղեկցող բնական երեւույթ է, եւ նույնիսկ Իսպանիան, Իռլանդիան, Հունաստանը համարվում են արտագաղթի երկրներ: Մեզանում այն հայտնի անեկդոտը, որում ասվում է, որ օդանավակայանից վերջին մեկնողը թող չմոռանա հանգցնել երկրի լույսերը, հայկական ծագում չունի, սա նորզելանդական անեկդոտ է:
Ես չեմ կարծում, որ արտագաղթը հայկական երեւույթ է, բայց նաեւ պետք է խոստովանեմ, որ հայի էթնոսը ավելի շատ է հակված իր կենսապահովման բարելավումը կապել ճամփորդության հետ:
Եթե դիտարկենք Արարատյան դաշտավայրի հայ գյուղացուն, տափաստանային տարածաշրջանի ռուս գյուղացուն եւ միջինասիական լեռնային վայրերում ապրող գյուղացուն եւ փորձենք համեմատել նրանց կենսամակարդակները, ապա երեւի Արարատյան դաշտավայրի բնակչի վիճակն ավելի լավը կլինի: Բայց նաեւ մեկնելու ավելի մեծ տրամադրվածություն հենց հայի մոտ կգտնենք:
Հիմա մեկնողների եւ առհասարակ միգրացիայի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. հիմա գոնե չեն ասում, որ գնում են «հանձնվելու»: Կարծես մենք պատերազմի մեջ ենք եվրոպական երկրների հետ, եւ բոլորը հանձնվում են նրանց: Հիմա, ինչպես արդեն նշեցի, ինտենսիվ տեղափոխությունների շրջան է, մարդիկ մեկնում են, բայց նաեւ վերադառնում: Երեք տարի առաջ մեր գործակալությունում ստեղծեցինք մի նոր ծառայություն, որի նպատակը Հայաստան մշտական բնակության եկողներին` մեր նախկին քաղաքացիներին, խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն է: Տարիների ընթացքում, քանի նրանք դրսում էին ապրում, այստեղ շատ ջրեր են հոսել, եւ վերադարձից հետո մարդն իրեն որպես իր հայրենիքում, հարազատ միջավայրում չի հայտնաբերում:
Պարզ է, որ ոչ բոլոր վերադարձողներն են խնդիրներ ունեցել, որ ոչ բոլորն են իմացել մեր ծառայության մասին կամ` վստահել մեզ, բայց 3000 հոգի արդեն դիմել է մեզ: Սփյուռքահայերի դեպքում շատացել է երկրորդ քաղաքացիություն ձեռք բերողների թիվը: Իրաքի պատերազմի ժամանակ մենք իրաքցի հայերից ստացել ենք ապաստան խնդրելու ավելի քան 1000 դիմում: 2005 թ. իսրայել-լիբանանյան կոնֆլիկտի ժամանակ երկու հակամարտող կողմերից էլ 4-5 հարյուր մարդ եկավ Հայաստան: Ապաստան խնդրողների դիմումները շատ էին նաեւ 2008 թ. վրաց-օսական հակամարտության ժամանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել