HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բանակի քննչական ծառայությունն «առավելագույնն է անում», իսկ մահացած զինծառայողների ծնողները շարունակում են դժգոհել

Հանցագործությունների և արտակարգ պատահարների հանգեցրած «անհետևողական աշխատանքի» պատճառով վերջին 5 տարվա ընթացքում զինված ուժերի ղեկավար կազմից շուրջ 25 մարդ պատժվել է` աշխատանքից ազատվելով, այլ պաշտոնների տեղափոխվելով կամ տարբեր աստիճանի տույժերի ենթարկվելով: Այս մասին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7-ին Տավուշի մարզում կազմակերպված մամուլի ասուլիսում:

Զորամիավորումների և զորամասերի շուրջ 40 հրամանատար ազատվել է աշխատանքից, տեղափոխվել շտաբային կամ անձնակազմի հետ կապ չունեցող այլ աշխատանքների:

«Զինված ուժերում տեղի ունեցող յուրաքանչյուր պատահարից հետո համապատասխան աշխատանքներ իրականացնում են և հրամանատարությունը ծառայողական քննության արդյունքում, և նաև իրավապահ մարմինները քրեական գործի հարուցման շրջանակներում, և ոչ մի անպատիժ մարդ չի մնում... Յուրաքանչյուր պատահարի համար և պատահարից հետո մենք լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկում` դրանց դեմ պայքարելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Լրագրողներից մեկն արձագանքեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ դժգոհ են բանակում տեղի ունեցած ողբերգական պատահարներով քրեական գործերի ընթացքից, վստահություն չունեն քննչական ծառայության նկատմամբ, և խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը կառավարության դիմաց պարբերաբար ցույցեր են անում:

Սեյրան Օհանյանի խոսքով` զինծառայողների ծնողների այդ անվստահությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառները նրանք են, որ մինչև քրեական գործը մինչև վերջ հասցվի, անցկացվում են համապատասխան փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, որոնց մի մասը գաղտնի է և ունի իր ժամկետերը, հերթականությունը:

Նախարարի կարծիքով` սուբյեկտիվ պատճառներից են նրանք, որ զոհված յուրաքանչյուր զինծառայողի ծնող ուզում է, որ առավելագույնը լինի:

«Այսօրվա զինվորական դատախազը և այսօրվա բանակի քննչական ծառայությունը, ռազմական ոստիկանության աշխատակիցները մաքսիմալն են անում: Եթե նույնիսկ որոշ բացթողումներ ընթացքում լինում ենք, եղել են դեպքեր նաև, որ ծնողների հուշմամբ տարբեր տեղեկություններով այդ քրեական գործի ընթացքը լրացվել է, և ինչ-որ մի վերջնական եզրի հասել են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

«Ինչո՞ւ են բողոքում այդ դեպքում»,- լրագրողի հարցին նա պատասխանեց. «Իրենցից պետք է հարցնել` ինչու են բողոքում»: Երբ լրագրողն ասաց, որ բողոքում են ոչ արդար դատավարությունից, մեղավորներին չպատժելուց, անմեղներին պատժելուց, Սեյրան Օհանյանը չարձագանքեց և անցավ մյուս հարցին:

Նախարարի խոսքով` զինված ուժերի պատմության մեջ կարգապահության առումով 2011 թվականը եղել է ամենալավ տարին: 2012 թվականին մի քիչ բարելավումով պահպանվել է նախորդ տարվա մակարդակը:

«2013 թվականի նշված ժամանակահատվածի վերլուծությունն էլ թույլ է տալիս ասելու, որ գրեթե նորից, ինչպես եղել է 2008-2011 թվականներին, 37 տոկոսով բարելավել եք կարգապահության ցուցանիշները, այս ժամանակահատվածի համար անցած տարվա համեմատ գրեթե 40 տոկոսով մենք բարելավել ենք մեր ցուցանիշները»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա բանակում մարդկանց կորուստների երկու պատճառ մատնանշեց: Առաջինը սահմանված անվտանգության և զենքի օգտագործման կանոնների խախտումն է: Ամեն օր զենքին է առնչվում ՀՀ զինված ուժերի 1/3-ը, որի կեսը գտնվում են դիրքում, մարտական հերթապահություն իրականացնում, պաշտպանում Հայաստանի սահմանները: Մյուս կեսը զբաղվում է մարտական պատրաստությամբ` ուսումնական գործընթացով:

Բանակում մարդկանց կորուստների հանգեցնող երկրորդ պատճառը, Սեյրան Օհանյանի խոսքով, միջանձնային հարաբերություններն են: Շատ դժվար է միանգամից կտրուկ բարելավել միջանձնային հարաբերությունների մակարդակը մանավանդ այն կառույցներում, որտեղ մեծամասնությունը տղամարդիկ են, երիտասարդներ, որոնք ունեն ինքնահաստատման խնդիր, ըմբոստ կեցվածք, ազգային որոշակի հատկանիշներ:

«Կոնֆլիկտները տղամարդկանց միջև և նաև քաղաքացիական ազատ կյանքում անխուսափելի են: Պարզապես մենք պետք է և հասարակության մեջ, և ընտանիքում, և քաղաքացիների մոտ, և նաև բանակում փորձենք այնպես անել, որ կոնֆլիկտների արդյունքում զենք չկիրառվի: Բոլորս էլ եղել ենք երիտասարդներ, և բոլորս էլ մասնակցել ենք վեճերի, կռիվների, բայց մեր ժամանակում այդպիսի ելք չի եղել, որ գործը հասնի զենքի կիրառման: Հիմա փոքր իսկ դրդապատճառներից ելնելով` մեկը մյուսի հետ վիճելուց հետո զենք է օգտագործում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` հենց զենքի նման օգտագործման հետևանքով մեկական զոհ եղավ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում և հունիսի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Նախարարը նշեց, որ վերջին տարիներին իրենք մեծ ծրագրեր են կազմել, որոնք ուղղված են զինվորների դաստիարակչական աշխատանքները բարելավելուն, հրամանատարների աշխարհայացքը, գիտելիքները ձևավորելուն: Բոլոր զորամասերում ստեղծել են անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև ինքնախեղումների դեմ պայքարի հանձնաժողովներ:

«Մենք մեր պետության ներսում, բայց այնուամենայնիվ, պետք է մեր բանակը համարենք մեր տունը, մեր ամրոցը, և մեր ամրոցում պետք է մարդիկ ապրեն մեր ամրոցի կանոնադրական պահանջներով: Ովքեր մեր ամրոցի կանոնադրական պահանջներով չեն ապրում, նրանք գնում են այլ ամրոց` ասենք բերդ, այսպես ասած»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանություններ (2)

վ. Առաքելյան
Ոչ թե՝ ,,Զինված ուժերում տեղի ունեցող յուրաքանչյուր պատահարից հետո համապատասխան աշխատանքներ,, այլ խելքը գլխին մարդը նախորոք էր պարտավոր միջոցներ ձոռնարկել: Եթե այսքան տարիների ընթացքում չի կռահել ապա դժվար էլ հասկանա: Իսկ յուրաքանչյուր պատահարից հետո պատահարի հետքերը կոծկելը ոչ թե աշխատանք է կոչվում այլ հանցագործություն:
Վ. Առաքելյան
Մեր երկիրը զավթողների մասին դիտեք՝ http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=cx1GLSFPOYo#!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter