
Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը չի ընդունվի
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրաժարականի դիմումը: Այս մասին Տավուշի մարզում հունիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց նախարարն ինքը:
Հիշեցնենք, որ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը վիճաբանությունից ու փոխադարձ հայհոյանքներից հետո կրակել էր նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ: Վերջինը հրազենային վիրավորումից հիվանդանոցում, դժբախտաբար, մահացել էր:
Սեյրան Օհանյանը պետի հրաժարականի դիմումը չընդունելու մտադրությունը պատճառաբանեց նրանով, որ Մարտին Կարապետյանը պատերազմով անցած և զինվորական կրթություն ստացած, ակադեմիաներում վերապատրաստված մասնագետ է, ով ռազմական ինստիտուտի պետ է նշանակվել հենց ինստիտուտում աշխատանքներն ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար:
«Իհարկե, շատ վատ վիճակում էր ինստիտուտի պետը: Դեպքից հետո անմիջապես ես եղել եմ տեղում: Վրդովված էր, համապատասխան պաշտոնատար անձանց աշխատանքից դժգոհ... Դա ներքին ստորաբաժանման, գումարտակի և մարտկոցի հրամանատարական կազմի աշխատանքի արդյունք է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել