
«Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս հայերենի իմացությամբ մնալ Ջավախքում, աշխատել, ապրել, արարել»
«Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանն ասում է, որ այսօր Ջավախքի հիմնախնդիրների լուծման մակարդակը 0 տոկոս է, հսկայական խնդիրներ կան, որոնք առաջադրվել են դեռեւս 1990-ականներից, սակայն մինչ օրս մնացել են թղթի վրա: Հիմնական խնդիրը հայապահպանությունն է` պահպանել հայոց լեզուն, մշակույթը, եկեղեցին, դրա հետ համատեղ պետք է լուծել նաեւ սոցիալ-տնտեսական հարցերը:
«Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանն էլ հավելում է, որ չնայած որոշ սոցիալ-տնտեսական խնդիրներ գուցե լուծումներ ստացել են, օրինակ, ճանապարհաշինությունը, սակայն, ըստ նրա, դա չի արվում զուտ ջավախահայերի համար: «Այդ տարածաշրջանը պարզապես կարեւորվում է խոշոր տերությունների կողմից, միջազգային դոնոր երկրները շահագրգռվածություն ունեն եւ զբաղվում են դրանով. այդ պրոյեկտների ֆինանսավորումը գալիս է հիմնականում ԱՄՆ-ից եւ Եվրոպայից»,- ասում է Ռստակյանն ու նշում, որ թերեւս միայն վերջերս հայոց եկեղեցուն կարգավիճակ տալը կարելի է համարել լուծված հարց:
Վրաստանում չգրանցված կուսակցության ղեկավարը շեշտում է, որ վրաց իշխանությունները տարիներ շարունակ ուզում են Ջավախքի ժողովրդագրական կազմը փոխել ի օգուտ վրացիների, ինչը շատ վտանգավոր պրոցես է: Այժմ Ախալքալաքի կենտրոնում կառուցվում է մեծ վրացական դպրոց: «Սա խոսում է այն մասին, որ ծրագրեր կան, որ հետագայում հայ երեխաներ հաճախեն այդ դպրոց, ինչպես որ ժամանակին հաճախել են ռուսական դպրոց»,- ասում է Ռստակյանը:
Վերջին օրենսդրական փոփոխությամբ էլ մտցվել է բիլինգվալ` երկլեզու ուսուցում. ազգային փոքրամասնություններ ունեցող դպրոցներում առարկաների 30 տոկոսը պետք է երկլեզու ուսուցանվի. դասի կեսը հայերեն, մյուս կեսը` վրացերեն: Սա իրագործվելու է գալիք սեպտեմբերից:
«Մի երկու տարի առաջ մենք հանդիպեցինք ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գծով գերագույն կոմիսար Կնուտ Վոլեբեկի հետ, որին ասացինք, որ դեմ ենք այդ երկլեզու ուսուցմանը: Փաստորեն, ջավախահայության ընդվզումները հաշվի չեն առնվում,- նշում է Դ. Ռստակյանը,- տնօրեններն էլ մտավախություն են հայտնում առանձնազրույցներում, բայց վախենում են արտահայտվել հրապարակավ»:
Բանախոսները նշում են, որ եթե Ջավախքում հայերենը վրացերենի հետ կիրառվեր որպես ռեգիոնալ լեզու, այսինքն` իրականություն դառնային միջազգային կոնվենցիայի դրույթները, որոնց տակ ստորագրել է նաեւ Վրաստանը, ապա հայությունն ավելի ակտիվ կլիներ հասարակական գործընթացներում, թերեւս հնարավոր կլիներ տեղում պահել հայ երիտասարդությունը:
«Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս հայերենի իմացությամբ մնալ Ջավախքում, աշխատել, ապրել, արարել: 1991-ին մենք էլ կողմ քվեարկեցինք Վրաստանի անկախությանը: Հանրաքվեն տեղի ունեցավ 1921-ի վրացական սահմանադրության հենքի վրա, որտեղ մի քանի կետով հստակ երաշխավորվում է ջավախահայության մշակութային ինքնավարությունը: Սակայն այժմյան օրենքները հակասում են դրան»,- եզրափակում է Դավիթ Ռստակյանը:
Մեկնաբանել