«Դատական համակարգի նկատմամբ դժգոհություն արտահայտելու որոշ ակցիաներ, մեծ հաշվով, չեն կարող իրավաչափ ու արդյունավետ համարվել»
Վճռաբեկ դատարանի գործելաոճից դժգոհ 100-ից ավել փաստաբաններ հունիսի 10-11-ին հայտարարված դատադուլով բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Վճռաբեկ դատարանի` որպես դատական համակարգում առկա անորոշության, անկանխատեսելիության, հակասական իրավակիրառ պրակտիկայի հիմնական պատասխանատուի: Նմանատիպ բողոքի ակցիա անցկացվեց նաև ուղիղ մեկ տարի առաջ, սակայն այսօրվա դատադուլի մասնակից փաստաբանները կարծում են, որ առաջընթաց չկա, եւ եղած խնդիրներն էլ ավելի են խորացել:
Այս թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Պարոն Դանիելյան, արդյոք հնարավո՞ր չէր մեկ տարվա ընթացքում շտկել իրավիճակը, որպեսզի փաստաբանները նման ծայրահեղ քայլի չգնային:
Գուցե իմ տեսակետն այս հարցում այնքան էլ ավանդական չէ, սակայն համոզված եմ, որ վաղ, թե ուշ դատաիրավական բարեփոխումների հիմքում կդրվեն ոչ թե իրավիճակային, այլ առավել խորքային լուծումներ: Ի՞նչ է նշանակում «հնարավոր չէր մեկ տարվա ընթացքում»: Դա կախված է նրանից, թե ինչ բնույթի ու ուղղվածության խնդիրներ պետք է լուծվեն: Եթե խոսքը վերաբերում է սոսկ այնպիսի ընթացակարգերի, որոնք կնպաստեն, որպեսզի բացառապես գործող դատավարական համակարգի շրջանակներում հստակեցվեն բողոքարկման հիմքերը, հստակեցվեն դատական ակտը պատճառաբանելու հիմքերը, շրջանակը և այլն, ապա մեկ տարին անգամ շատ էլ է:
Նկատենք, որ բողոքները վարույթ ընդունելու ցուցանիշները հիմնականում պատճառաբանվում են մեծ ծանրաբեռնվածությամբ: Այն, որ Վճռաբեկ դատարանը, իրոք, ծանրաբեռնված է, անվիճելի է, այն, որ դա մասամբ պայմանավորված է նախկինի համեմատ, վարույթ առավել մեծ թվով բողոքներ ընդունելով, ևս անվիճելի է: Մի քանի տարի առաջ, որպես իրավիճակային լուծում, նկատելիորեն ավելացվեց դատավորների թվաքանակը: Ի դեպ, դատավորների թվաքանակի ավելացման միտումները, ցավոք, բնորոշ են նաև միջազգային դատական ատյաններին:
Տարիներ առաջ իմ և ՄԻԵԴ-ի նախագահ պարոն Կոստայի միջև կայացած պաշտոնական հանդիպմանը վերջինս արտահայտվեց ՄԻԵԴ-ի դատավորների թիվը կրկնապատկելու օգտին՝ ակնկալելով այդ հարցում անդամ-պետությունների աջակցությունը: Ընդ որում՝ ՄԻԵԴ-ը ևս կանգնած է նմանաբնույթ խնդիրների և դրանց համարժեք լուծման անհրաժեշտության առաջ. այդ պահին արդեն մուտք եղած գանգատների թիվը կազմում էր 118.000:
Իմ դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը. դատավորների թվաքանակի ավելացումը սոսկ իրավիճակային լուծում է, այն ի զորու է մի ինչ-որ աստիճանով նվազեցնելու ծանրաբեռնվածությունը և բարելավելու վիճակը, ոչ ավելին: Լավ, ընդունենք, այդ 118.000 դիմումները դարձան կիսով չափ պակաս, դա ի՞նչ կտա, չենք կարող չէ՞ անվերջ մեծացնել դատավորների թվաքանակը` միայն այդ եղանակով ակնկալելով արդյունավետ արդարադատություն:
Խնդրի լուծումը, թերևս, նախադեպի արդիականացումն ու դատարաններին իրենց ոչ բնորոշ գործառույթներից ձերբազատելն է: Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ, թե իրավական ինչ կարևոր խնդիր է լուծում «կատարողական թերթի» ինստիտուտը, ինչու պետք է դատարանները ծանրաբեռնված լինեն տասնյակ հազարների հասնող վճարման կարգադրություններ արձակելով, ինչպիսի հիմնավորմամբ պետք է ոչ թե քննեն, այլ, ըստ էության, իրականացնեն վարչական իրավախախտման վարույթ, ինչու պետք է դատարանները զբաղված լինեն մասնագիտական գործունեություն իրականացնող որոշ անձանց, տվյալ դեպքում նոտարներին աշխատանքից ազատելու հայցի քննարկմամբ և այլն:
Իմ խորին համոզմամբ՝ նախադեպը անհարկի սահմանափակումներով և անհարկի ավանդական կանոններով է գործում նաև ՄԻԵԴ-ում: Որքանո՞վ է ողջամիտ, երբ միջազգային դատական ատյանում ներգրավված արհեստավարժ դատավորներն իրենց ինտելեկտուալ ունակությունները սոսկ ուղղում են նրան, որ «վերհիշեն», թե նույնաբնույթ էլ ինչ գործեր են քննել, կատարեն բազում մեջբերումներ այդ գործերից և հավաստեն, որ մնում են նույն իրավական դիրքորոշմանը: Հարց է ծագում, եթե հանգել եք այն եզրահանգմանը, որ Ձեր իսկ կողմից նախկինում ընդունված որոշումը վերանայելու հիմքեր չկան, ի՞նչ իմաստ ունի այն բազմաթիվ անգամ կրկնելը` արդեն այլ գործերով, արդյո՞ք դա չի վերածվում կիսատեխնիկական բնույթի գործունեության, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է անհարկի մեծ ծանրաբեռնվածություն:
Կարծում եմ՝ ՄԻԵԴ-ը սոսկ պետք է փաստի, որ տվյալ գանգատի առնչությամբ կիրառելի է նախադեպային կոնկրետ որոշումը` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Իհարկե, հարկ կլինի նոր մոտեցումներով կանոնակարգել նաև «իրավական հետևանքները»: Կարիք էլ չկա յուրաքանչյուր դեպքում փոխհատուցման չափ որոշելը, քանզի դա զգալի աշխատատար խնդիր է: Մեծամասամբ այդ խնդրի լուծումը՝ նախապես հստակեցված չափանիշներով, կարող է դրվել ազգային կառույցների վրա:
Նշված դատողությունները կարո՞ղ են կիրառելի լինել ազգային դատական համակարգում:
Այո: Մեծամասամբ հարյուրավոր բողոքները կարող են խմբավորվել, ընտրվել եզակի բողոքներ և կազմակերպվել համակողմանի ու խորը քննարկումներ: Ընդ որում, հստակ պետք է վերապահում արվի, որ քննարկման չընդունված յորաքանչյուր բողոքի համար իրավական հիմք են ճանաչվելու ընտրված այս կամ այն բողոքի քննարկման արդյունքները: Սա մի կողմից հնարավորություն կտա, որպեսզի ըստ էության լուծվեն նաև վարույթ չընդունված բողոքները, մյուս կողմից առավել մեծ չափով կերաշխավորվի օրենքի միատեսակ կիրառությունը:
Իհարկե, այս տեսակետի հակառակորդները կարող են բերել միանգամայն այլ օրինակներ միջազգային փորձից, վստահեցնել, որ առանձին երկրներում, օրինակ, Գերմանիայում անգամ ստեղծված են մի քանի պալատներ և այլն: Մյուս կողմից, մենք էլ կարող ենք բերել ԱՄՆ-ի օրինակը, երբ այդ գերհզոր երկրում Գերագույն դատարանն իր սահմանափակ թվաքանակ ունեցող կազմով ոչ միայն կարողանում է հանդես գալ որպես դաշնային կառուցվածք ունեցող երկրի վճռաբեկ ատյան, այլև իրականացնել սահմանադական արդարադատություն: Միաժամանակ, հազիվ թե բերվի գոնե մեկ երկրի օրինակ, որտեղ դասական լուծումներն արդյունավետ են եղել և չեն առաջացնում այդ երկրների տեսաբանների, պրակտիկների ու պարզապես մասնավոր անձանց հիմնավորված դժգոհությունները` կապված գործերը երկարատև քննելու հետ:
Իհարկե, այս տեսակետը չի ենթադրում պարզունակ ու ճեպընթաց լուծումներ` այն էլ այս պահին գործող դատավարական կանոնների պահպանմամբ, այն ենթադրում է համակողմանի պատրաստվածություն և համապատասխան իրավական մշակույթի ձևավորում: Բարձրացված հարցի առնչությամբ առկա է հիմնախնդիր, որն այս կամ այն չափով անհանգստացնող է համարվում ցանկացած երկրում, սակայն դրա լուծմանը խոչընդոտում են ավանդական պատկերացումները:
Այսպիսով փորձ արեցի միայն ընդհանուր գծերով ներկայացնել տեսակետս: Ինչ խոսք, առկա են բազմաթիվ հարցադրումներ, որոնց սպառիչ ու համարժեք անդրադառնալու համար, ցավոք, սույն հարցազրույցը լավագույն միջոցը չէ, ուստի ակնկալում եմ, որպեսզի ոչ թե պարզունակ մեթոդաբանությամբ հակադրվեն, այլ փորձեն ընկալել ու գիտագործնական պատշաճ հիմքերով արձագանքեն:
Վտանգավոր միտում չէ՞, երբ արդարադատությունը դատարանում գտնելու փոխարեն փաստաբաններն այն փնտրում են փողոցում:
Գուցե այնքան էլ հարմար առիթ չէ համեմատությունների համար, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ սոցիալական լարվածությունն ու դրանց դրսևորման աննախադեպ ցցուն օրինակներն արդեն անհարկի սովորական են դարձել անգամ ժողովրդավարական կայուն ցուցանիշներ ունեցող երկրներում: Մյուս կողմից կտրականապես դեմ եմ սոսկ ընդհանուր համեմատություններով բացատրել այսօրինակ երևույթները, մասնավորապես չափազանց պարզունակ են այն դատողությունները, ըստ որոնց` բա գիտեք դժգոհությունները բնորոշ են նաև աշխարհի բոլոր այլ երկրներին, իբր բոլոր երկրներում էլ փաստաբանները զբաղված չեն դատական համակարգի գովաբանմամբ և այլն: Այս երևույթները սոսկ ձևով են նման, իսկ բովանդակությամբ ու ակունքներով չափազանց տարբեր են:
Անդրադառնալով բուն հարցադրմանը՝ նպատակահարմար եմ համարում նկատել, որ այո, դատական համակարգի նկատմամբ դժգոհություն արտահայտելու որոշ ակցիաներ, մեծ հաշվով, չեն կարող իրավաչափ ու նաև արդյունավետ համարվել: Մնում է նաև հուսալ, որ դրանք ուղղորդված չեն, այլ բացառապես բխում են փաստաբանների կողմից կոնկրետ իրավիճակի վերլուծության արդյունքներից և միջոցներ ձեռնարկելու սուբյեկտիվ պատկերացումներից:
Ինչևէ, առավել արդյունավետ կլիներ, եթե կոնկրետ ու հստակ ձևակերպված խնդիրները դառնային համարժեք քննարկման ու համընդհանուր հավանության արժանացած նյութ, ինչն ի զորու են իրականացնելու դատական իշխանության ինքնակառավարման մարմիններն ու փաստաբանական պալատը: Համոզված եմ, հնարավորությունները դեռևս սպառված չեն:
Այս տեսանկյունից, իրավաչափ եմ համարում նաև այն փաստաբանների դիրքորոշումը, որ միայն օրենսդրական բարեփոխումներով, որոնց արդյունքներն երբեմն այնքան էլ միանշանակ չեն, ունակ են ամբողջովին լուծելու կուտակված խնդիրները: Եթե իրավակիրառ պրակտիկան կարող է որոշ դեպքերում ճանաչվել անգամ Սահմանադրությանը հակասող, ապա դա կարող է վկայել միայն այն իրավիճակի մասին, որ թեպետ գործում են Սահմանադրությանը անվերապահորեն համապատասխան օրենսդրական ակտեր, սակայն դատական պրակտիկայում դրանք երբեմն ընկալվում ու կիրառվում են Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Այլ կերպ ասած միայն օրենսդրության որակը չէ խնդիրը:
Իրավակիրառ պրակտիկայի խութերը հաղթահարելուն, կարծում եմ, իրենց նկատելի նպաստը կարող են բերել Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց հիմքում դրված են իրավունքի գերակայության սկզբունքի հրամայականով թելադրված խորն ու լայնածավալ հետազոտություններ և ուսումնասիրություններ:
Փաստաբանների հիմնականում դժգոհում են, որ դատարանները շարունակում են կիրառել երկակի ստանդարտներ, հաճախ դատական ակտերը հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ բերված վճռաբեկ բողոքները շաբլոնային կամ առանց պատճառաբանության վերադարձվում են: Մի՞թե օրենքի միատեսակ կիրառությունը հենց Վճռաբեկ դատարանի հիմնական լիազորությունը չէ:
Վճռաբեկ դատարանի կողմից օրենսդրության ոչ միատեսակ կիրառման փաստեր արձանագրվել են նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում: Ինչ խոսք, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելը Սահմանադրությամբ ամրագրված է որպես Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակի բաղադրիչ: Մյուս կողմից՝ փաստաբանների կողմից դատական ակտերի առնչությամբ երկակի չափանիշներ կիրառելու դատողությունները ևս միանշանակ հիմնավորված չեն: Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է նաև բողոքը վարույթ չընդունելու որոշումներում հստակ, որոշակի ու սպառիչ պատճառաբանություններին, ուստի դրանց չանդրադառնամ:
Ընդհանրապես միևնույն խնդրի լուծման առնչությամբ տարբերակված մոտեցումն ընդհանուր ոչինչ չունի հայեցողական լիազորության հետ: Նույնը վերաբերում է նաև վարչարարության ոլորտին: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով այդպիսի երևույթը կոչվում է ոչ ավել, ոչ պակաս` «կամայականություն»:
Ի դեպ, օրենքի միատեսակ կիրառումն աղերսներ չունի միայն ոչ իրավաչափ դատական ակտերի հետ, գործնականում Վճռաբեկ դատարանն իրավամբ վարույթ է ընդունում նաև այնպիսի բողոքներ, որոնք, թեև մերժվում են, սակայն դրանց արդյունքները պիտանի են լինում օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար:
Իսկ այս հարցում փաստաբանների կողմից թերացում կամ բացթողում նկատու՞մ եք:
Նախ նկատենք, որ «փաստաբաններ» հավաքական եզրույթն այնքան էլ տեղին չէ: Ցավոք, մեզանում հաճախ է ընդունված ընդհանրացված դատողություններ անելը` հիմքում դնելով բացառապես ոչ այնքան հաջող փաստաբանի կերպարը: Հիրավի արհեստավարժ փաստաբանները, որպիսիք ներկայումս այնքան էլ սակավաթիվ չեն, ունակ են էապես ազդելու ինչպես դատաիրավական պրակտիկայի, այնպես էլ օրենսդրական զարգացումների վրա: Ի՞նչն է նրանց խոչընդոտում. կարծում եմ, անհրաժեշտ ներուժի պակասը:
Ծանրաբեռնված փաստաբանն ի վիճակի չէ նույն հաջողությամբ արձագանքել հարափոփոխ օրինագծերին, նախաձեռնել օրինագծերի մշակում, սոսկ իր վաստակած միջոցներով հիմնել անհրաժեշտ ֆինանսավորում պահանջող աշխատանքային խմբեր և այլն: Անհրաժեշտ է արհեստավարժ ու համարժեք վարձատրվող աշխատակազմ, որից, ըստ էության, զրկված են վերջիններս:
Այս համատեքստում ցավալի է, երբ փաստաբանների հասցեին հնչում են հետևյալ «կանխակալ» հարցադրումները, օրինակ` իսկ ո՞ւր էին նրանք, երբ օրինագիծը դրված էր շրջանառության մեջ, ինչո՞ւ իրենք չեն ներկայացնում իրենց մշակած օրինագծերը և այլ: Ցավոք, փաստաբանները ժամանակ և հնարավորություն են գտնում արձագանքելու միայն այն օրինագծերին, կամ դրանց առավել առանցքային հարցադրումներին, որոնցում իրենք էական խնդիրներ են տեսնում: Ինքս տևական ժամանակով ղեկավարել եմ կոնկրետ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված փաստաբանները աչքի են ընկել գործնական ուղղվածության արհեստավարժությամբ և, որքան էլ զարմանալի թվա, անաչառությամբ: Սակավաթիվ դեպքերում եմ նկատել, որ նրանք տարվեն իրավական լուծումները միակողմանի ընկալելու և ամեն գնով դրանք ձախողելու փորձերով:
Միաժամանակ մտահոգող է, երբ պատասխանատու գործերով հանդես են գալիս ակնհայտ թատերական ձիրք, սակայն անհրաժեշտ գիտելիքների պակաս ունեցող փաստաբաններ, որոնք փորձում են բարդագույն խնդիրների լուծման անհրաժեշտությանը հակադրել դատավորների, դատախազների կամ ցանկացած այլ համակարգի նկատմամբ անթաքույց արհամարհական, վիրավորական ու, ցավոք, իրավական տեսանկյունից խիստ կաղացող հայտարարություններ:
Գուցե միջակությունների համար դա հաղթարշավ ընկալվի, սակայն կայացած փաստաբանների համար այն չարիք է, անբուժելի խոց: Ի դեպ, իր մասնագիտական պարտքը կամ պաշտոնեական լիազորությունները կատարող ցանկացած անձի նկատմամբ հիշյալ բնույթի վերաբերմունքն առավել անթույլատրելի է նաև բոլոր այն դեպքերում, երբ դրանց հեղինակներն արդեն դատավորներն ու դատախազներն են: Սրանք բնավ մանրուքներ չեն, սրանք մեր երկրում ցանկացած, այդ թվում՝ արդարադատության ոլորտում կանխատեսելի ու քաղաքակիրթ մթնոլորտի ձևավորման պարզագույն երաշխիքներն են:
Հ.Գ. ՍԴ-Վճռաբեկ «հակամարտության» մասին Գևորգ Դանիելյանի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
Լուսանկարը՝ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել