HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամառային ճամբարներ՝ երևանյան բակերում

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու և կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012թ.-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, և այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ տարի, մենք այս տարի պետք է կրկնապատկենք: Մայրաքաղաքի բոլոր հնարավոր վայրերում պետք է ստեղծենք անտառ-պուրակներ: Հետևողական և ամենօրյա աշխատանք պետք է տարվի նաև ծաղկապատման ու ձևավորման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով շարունակվում է կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողների աշխատանքի ընդունման գործընթացը:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդների, ինչպես նաև սանմաքրման ձեռնարկություններում նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը: 

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ:

Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ հսկողություն սահմանելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեկ անգամ ևս հանձնարարվել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները և անհրաժեշտության դեպքում նորացնել դրանք: Հանձնարարվել է նաև բարեկարգված փողոցներում շարունակել   լուսաանդրադարձիչների տեղադրման աշխատանքները:

Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2013 թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2012 թ.-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը:

Մշտական հսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով: Հանձնարարվել է խախտումներ թույլ տվող և համայնքային գույքը վնասող  կազմակերպությունների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված տույժեր:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից բացի, առաջիկայում կներկայացվեն նաև մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով  բաց մրցույթները:

«Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է քննարկել այգու վերակառուցման ներդրումային առաջակը, ուսումնասիրել «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն ու գույքագրում կատարել:

Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է բակային տարածքներում կազմակերպել ամառային ճամբարներ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter