
«Դիլիջանի միջազգային դպրոցի» հարցով պատգամավորները «նեղում» են ֆինանսների փոխնախարարին
Ազգային ժողովը քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:
Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն դոլար, որից 150 մլն դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ շուրջ 400 մլն դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ:
Փոխնախարարի ասելով` ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն դոլար, եւ դպրոցը շահագործվելուց հետո տարածաշրջանում լինելու է առաջինը:
Կառավարության ներկայացուցչի ասելով՝ խնդիրն այն է, որ հարկային եւ մաքսային արտոնությունների բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի ծրագրի իրականացման համար նախատեսված` նվիրաբերություններից գոյացած միջոցները ամբողջությամբ ծախսվեն ծրագրի իրականացման համար, ինչից ելնելով էլ հանդես են եկել արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծով:
Դպրոցը նախատեսված է 600 երեխայի համար, որոնք պետք է լինեն բարձր գիտելիքներ ունեցողները: Նրանք լինելու են հիմնականում հայաստանցիները, սակայն սովորողներ կլինեն նաեւ արտերկրից: Ուսուցումը լինելու է վճարովի եւ մեկ երեխայի հաշվով նախատեսված է 30 հազար դոլարին համարժեք դրամ, սակայն լավագուն ունակություններ ունեցող եւ անվճարունակ երեխաների ուսման վարձը կվճարի հիմնադրամը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե արդյոք ունեն հայեցակարգ եւ դպրոցի հիմնումը ինչ դրական հետեւանքներ կարող է թողնել մեր տնտեսության վրա: «Միգուցե կրթում ենք քաղաքացիներ, որոնք լքելու են երկիրը»,- մտահոգվեց պատգամավորը:
Սուրեն Կարայանն էլ պատասխանեց, որ զգալի ներդրումներ են արվելու Երեւանից դուրս մի տարածքում, որը ենթակառուցվածքների զարգացում է ապահովելու, բացի այդ՝ բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն են ունենալու բազմաթիվ երեխաներ:
ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ կառավարության ներկայացուցչից պահանջեց հրապարակել ներդրողների ցանկը, բացի այդ՝ ինչու՞ պետությունը չէր կարող համապատասխան բաժնեմաս ունենալ այդ դպրոցում:
Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ ներդրողների ամբողջական ցուցակը այս պահին չի կարող տրամադրել, սակայն թվարկեց միայն հիմնադրամի անունը եւ բավարարվեց «բազմաթիվ բարերարներ» ձեւակերպումով: Իսկ թե ինչու պետությունը բաժնեմաս չունի, ըստ Ս. Կարայանի` «առանձին քննարկման թեմա է»:
Փոխնախարարը չպատասխանեց նաեւ Լ. Զուրաբյանի այն հարցին, թե որքան է լինելու տարեկան հարկային բեռը, ինչից ազատվելու է դպրոցը:
Պատգամավորները դժգոհում էին, որ Սուրեն Կարայանը կամ խուսափում է հարցերին կոնկրետ պատասխանելուց, կամ մանրամասներին չի տիրապետում:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման հանձնման աշխատանքներին: Բացի այդ` կրթահամալիրի ստեղծումը իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգամանը:
Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12 տոկոսով: Իսկ մինչեւ 2020 թվական տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12 տոկոս, աղքատության մակարդակը` մինչեւ 11 տոկոս, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչեւ 35 հազ. մարդ:
Նշենք, որ նախագծով, ծրագրի իրականացման շրջանակներում`
1) կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից,
2) կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից,
3) կազմակերպությունների զուտ շահույթը մինչեւ հարկումը (կամ դրա մի մասը) ազատվում է շահութահարկով հարկումից, եթե այն (կամ դրա մի մասը) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում,
4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից,
5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտներն ազատվում եկամտային հարկով հարկումից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել