
Սյունիքի աղաղակող դեմոկրատական դեֆիցիտը, կամ` թիկունքից կրակոցները սպանում են հենց կրակողին
Ամբողջ ազգին ցնցած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած դաժան սպանությունը պարզ ու վերջնական ձևով եկավ ապացուցելու արդեն վաղուց հայտնին. որ այս ռեժիմի կողմից երկրի կառավարումը ուղղակի փլուզված է ու իրենց վերջն էլ արդեն յոթ սարի հետևում չէ:
Սպանության միջադեպը նկարահանած այս տխուր ու սարսափելի տեսանյութում ամենացնցողն այն է, որ կես ժամից ավելի տևած այս միջադեպում ո՛չ մի շտապօգնության և/կամ ոստիկանության մեքենա չերևաց: Այսինքն` ցանկացած պետության քաղաքացու անձի ֆիզիկական ամբողջականությունը պահպանող-պաշտպանող այս առանցքային 2 պետական կառույցները տվյալ դեպքում ԼՐԻՎ բացակա էին: Եթե ձեզ թվում է, թե տեղյակ չէին, ապա միամի՜ տ եք: Կամ եթե նույնիսկ տեղյակ չէին՝ այդ ինչպե՞ս եղավ:
Դեռ մի պահ մի կողմ թողնենք այն, որ այս միջադեպի բոլոր ներկաները պիտի հետապնդվեն ՀՀ քրեական օրենսգրքի 128(3) հոդվածի հիման վրա (վտանգի մեջ թողնելը, որն առաջացրել է մահ՝ առավելագույնը 3 տարվա ազատազրկում):
Արդյունքում` թիկունքից դաժանաբար սպանված ազնիվ սյունեցի Ավետիք Բուդաղյանը մենակ ու անօգնական նայեց մահվան աչքերին ու ...: Եթե այս ՑՆՑՈՂ փաստից հետո կարդալ դեռ ցանկանում եք, շարունակեմ. այսինքն` Սյունիքում, պարզվում է, կան տարածքներ, որտեղ նույնիսկ շտապօգնությունը և ոստիկանությունը իրավունք չունեն մտնելու: Հիմա ես խնդրում եմ մի պահ փակեք ձեր աչքերը և մտածեք, թե սա ինչ է նշանակում:
Սյունեցին պարզ, աշխատասեր, բարի, հպարտ ազգ է: Նա չէ կրիմինալը. կրիմինալը ԴՈՒՔ եք. դո՛ւք` ռեժիմի դրածոներդ:
Որտե՞ղ է Սյունիքի կառավարման դեմոկրատական հիմք հանդիսացող trias politica-ն. այսինքն` կառավարման իրար հսկող 3 ճյուղերը` օրենսդիր, գործադիր և իրավական: Մինչև ե՞րբ պիտի վերևից դրածո, չընտրված մարզպետները ամեն գնով հաճոյանան այդ նույն վերևի մի քանի մարդուն` պաշտոնը պահելու համար:
Սիրելի սյունեցի,
Մի՞թե դու արժանի չես ունենալու ՔՈ կողմից ընտրված մարզպետ:
Մի՞թե դու արժանի չես ունենալու ՔՈ կողմից ընտրված «Մարզային ժողով», որը կլուծի ՔՈ խնդիրները:
Մի՞թե դու արժանի չես ունենալու ՔՈ անկախ մարզային բյուջեն, որը կհոգա ՔՈ կարիքները:
Մի՞թե դու արժանի չես ունենալու ժողովրդական հանրաքվեով այս կամ այն մարզպետից կամ քաղաքապետից ազատվելու իրավունք:
Մի՞թե դու շվեյցարացուց կամ փլան-փստանեցուց պակաս մարդ ես:
Մի՞թե ՔՈ՛ՆԸ չէ այդ փառահեղ-հերոսական պատմությունը:
Մի՞թե առանց քե՛զ Նժդեհ կանմահանար:
Մի՞թե առանց քեզ այսօր Հայաստան կլիներ:
Միգուցե Հայ Աստվածները պիտի տանեին ազնիվ սյունեցուն, որպեսզի դու նորից (կամ ավելի ճիշտ` կրկին) բացեիր քո աչքերն ու հպարտ հոգին:
Հ.Գ. «... վերջում մի կրակոց լսվեց: Կրակողը չերևաց. բայց ինչ-որ մեկը գլորվեց Գորիսի ձորը...»:
Վարազ Սյունի
Ամստերդամ
10.06.2013
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել