
Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու հատուկ նիստում ստանձնել է քաղաքապետի պաշտոնը
Հունիսի 11-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը։
Երդմնակալության արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի նախկին քաղաքապետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ։
Երևանի 54-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Այնուհետ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է Տարոն Մարգարյանին։
Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Ս.Սարգսյանի, նախորդ երկու տարվա ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ նա նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել:
Իբրև օրինակ, Ս.Սարգսյանը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը:
90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի:
Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, ապագա չորս տարվա ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է. Երևանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, պետության կողմից տրվող միջոցներն ավելանալու են, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել:
«Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանել