
Հայ ժամանակակից մանկագրության մասին
«Երեխաների համար անակնկալ էր տեսնել կենդանի գրողի, որը գրքի մեջ չէ, գրքից դուրս է: Նրանք կարոտ էին գրքին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, խոսելով մանկագիրների կատարած մարզային այցելության մասին, ասաց մանկագիր Սաթենիկ Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ ժամանակակից մանկագրության հիմնական խնդիրներից մեկը ընթերցողին անծանոթ լինելն է՝ չնայած իրենք պարբերաբար հանդիպումներ ունենում են երեխաների հետ:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը նշեց, որ իրենք գոհ են պետական աջակցությունից, սակայն ավելի լավ կլիներ, եթե մանկական որոշ թերթեր ու ամսագրեր հնարավորություն ունենային դպրոց մտնել: Հիշեցնենք, որ վերջերս արգելվել էր դպրոցներում ցանկացած տեսակի ապրանքատեսակ ներկայացնելն ու վաճառելը, և այդ արգելքը վերաբերում է նաև մանկական գրականությանը:
Խոսելով 2012 թվականին Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու մասին՝ Անուշ Վարդանյանը նշեց, որ դեպի կենդանի գրողը ուղղվածությունը շատ պասիվ էր, գրքի շնորհանդես անգամ չեղավ:
«Իմ գիրքը, օրինակ, նախանցած տարի Գրողների միության կողմից ստացել էր տարվա լավագույն գիրք մրցանակը, բայց իմ անուն-ազգանունը, որպես գրող, համոզված եմ, դուք չգիտեք»,- ասաց մանկագիրը: Ըստ նրա՝ Հայաստանում երեխաները մինչև 7-րդ, 8-րդ դասարան հաճույքով ընթերցում են, այնուհետեև գրքի հետ կապը կտրուկ խզվում է:
Անդրադառնալով երեխաների այլ հետաքրքրություններին ևս՝ Սաթենիկ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ երեխային համակարգչից պետք չէ ընդհանրապես կտրել, այն հնարավոր չէ արգելել, պարզապես պետք է հեքիաթն ու համակարգիչը գոնե հավասար դիրքերում լինեն: Այդ հարցում, ըստ մանկագրի, մեծ է ծնողների դերը:
Լուս.՝ ձախից Անուշ Վարդանյան, Սաթենիկ Ղազարյան
Մեկնաբանել