Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է Իսպանիայի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև 2010թ. Մադրիդում ՀՀ դեսպանության գործունեությունը:
Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ իսպանական կապիտալի և ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել