Նշվեց Հայաստանի Ազգային գրադարանի օրը
Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային գրադարանում նշվեց արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանի օրը:
Հանդիսավոր բացման ժամանակ գրադարանավարներին և մտավորականությանը շնորհավորեց ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը: Նա նաև նշեց, որ Ազգային գրադարանը մեծ դերակատարություն ունի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված և Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու առթիվ նախատեսվող տոնակատարությունների շրջանակում:
Տոնի խորհրդի և պատմության մասին հանգամանորեն խոսեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Շնորհավորանքի խոսքեր ասացին ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը, Մշակույթի նախարարության փոխնախարար Արև Սամուելյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Վերջինս խոսեց Ազգային գրադարանի հետ համագործակցության մասին, մասնավորապես շեշտեց Դ.Սարգսյանի նախաձեռնությամբ Շրջիկ գրադարանով կատարած այցերը, որի ժամանակ նոր գրականությամբ են համալրվել մարզային, գյուղական գրադարաններ:
Ազգային գրադարանի օրվա խորհուրդը կարևորեցին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Լևոն Բլբուլյանը, արձակագիր Վանուշ Շերմազանյանը: Լիանա Զուրաբյանը տոնը շնորհավորեց ասմունքով: Ազգային գրադարանի և Մշակույթի նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀԱԳ երկարամյա աշխատակիցներ:
Տոնի առթիվ գրադարանը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ, որոնցից ուշագրավ էին Նոտաների և խազերի, նոր ստացված պատկերագրքերի, ոչ գրքային հրատարակությունների` բացիկների, օրացույցների ցուցադրությունները, առանձին ցուցափեղկով ներկայացված էին կոնդակներ:
«Հեղինակները մեր ընթերցողներն են»,-այսպիսի խորագիր էր կրում ցուցափեղկերից մեկը, որտեղ ցուցադրված էին այն գրքերը, որոնք գրվել են Ազգային գրադարանի ընթերցասրահներում, և որոնք կրում էին հեղինակների ընծայագրերը: Ցուցահանդեսներից մեկն էլ կրում էր «Շրջակա միջավայր և բնապահպանություն» խորագիրը:
Տոնի առթիվ Ազգային գրադարանում անցկացվեց մասնագիտական մամուլի տեսություն, ցուցադրվեցին Ազգային գրադարանի պատմությունը, անցյալը և ներկան ներկայացնող տեսանյութեր:
Հայաստանի Ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: Ազգային գրադարանի օրը նշվում է 1999 թվականից: Այս մասին հայտնում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել