
«Վրաստանում կան հայ մարդիկ, որոնք կարող են շատ լուրջ վնասել հայկական շահը»
«Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանն ասում է, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով դպրոցներ այսօր դե-յուրե չկան: Դե-ֆակտո կան. օրինակ` Ջավախքում հիմնականում հայերեն է ուսուցումը: Սակայն դա օրենսդրորեն արգելվում է: «Այսինքն` եթե դուք որեւէ հայ մանկավարժի դեմ բողոքեք, որ նա աշխարհագրությունը հայերեն է դասավանդում, ապա դատը կշահեք: Սա կատաստրոֆա է: Այն պնդումները, թե Վրաստանում հայկական դպրոց կա, սուտ են, չկան նաեւ ադրբեջանական դպրոցներ, Վրաստանում կան միայն վրացալեզու հանրային դպրոցներ»,- նշում է Ռստակյանը:
Հարցին, թե ինչու են ջավախքցիները բողոքում վրացերենի չիմացության պատճառով խնդիրների առաջ կանգնելուց, եթե կարող են վրացերեն սովորել, «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանն ասում է. «Մենք մտավախություն ունենք կորցնել մեր լեզուն: Մենք մտածում ենք նախեւառաջ մեր լեզուն պահպանել, հետո նոր սովորել վրացերեն: Մի քանի տարի առաջ Քութայիսում վրացական ինստիտուտ բացվեց: Ջավախքից մեծ թվով երիտասարդներ ընդունվեցին: 4 տարի սովորելուց հետո նրանք վերադարձան Ջավախք, սակայն 1 տոկոսն էլ այսօր աշխատանք չունի: Այսինքն` հայերի վրացերեն սովորելը ընդամենը քող է»:
Բանախոսները միակարծիք են, որ ՀՀ-ն Ջավախքի առումով ակտիվ քաղաքականություն էր վարում մի քանի տարի առաջ: «Վերջին տարիներին սփյուռքի պես են ավելի շատ մեզ նայում, բայց մենք սփյուռք չենք»,- շեշտում է Դ. Ռստակյանն ու հավելում, որ ժամանակին ՀՀ-ում կառույցներ կային Ջավախքով զբաղվող, քաղաքականությունը կենտրոնացվում էր մի տեղ: «Եվ շատ մարդիկ էլ ազատ չէին զգում իրենց հուդայական գործերի մեջ: Հիմա կարծես թե այդ հուդայականության ձեռքերն ավելի ազատ են, մարդիկ իրենց արարքների համար մտածում են, որ պատասխան չեն տալու: Վրաստանում կան հայ մարդիկ, որոնք կարող են շատ լուրջ վնասել հայկական շահը, բայց համագործակցել վրացական այն համակարգերի հետ, որոնք չեն ուզում ջավախքցի հային չտեսնել Ջավախքում»,- ասում է Ռստակյանը` չցանկանալով կոնկրետ անուններ նշել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել