HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ընդհատված մանկություն». ֆիլմ ադրբեջանցի կնոջ և հայ աղջնակի մասին

«Ֆիլմի արտադրությունը Հայաստանում բարդ պրոցես է, բայց կարևոր է այժմ չխոսել տեխնիկական բարդությունների մասին: Կարևորն այն է, որ ռեժիսորն ունենա համախոհներ: Իմ առաջին համախոհը տիկին Կարինեն էր: Եթե նա չմտներ այս պատմության մեջ և չկարողանար հենց այսպես սցենարը պատկերել, տալ ինձ, ես չէի կարողանա անել այն, ինչ որ տեսնում էի»,- հունիսի 13-ին Մոսկվա կինոթատրոնում «Ընդհատված մանկություն» ֆիլմի կայանալիք պրեմիերայից առաջ ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

45 րոպե 45 վայրկյան տևողությամբ ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա: Այն պատմում է պատերազմի ժամանակ ադրբեջանցի ծեր կնոջ և հանգամանքների բերումով նրա մոտ հայտնված հայ աղջնակի մասին: Մարդկային այդ պատմությունը ներկայացվում է Մարաղայի ջարդերի ֆոնի ներքո:

«Ինձ համար շատ կարևոր է, որ հանդիսատեսը դուրս գա դահլիճից` ատելով պատերազմը»,- ասաց ֆիլմի սցենարիստ Կարինե Խոդիկյանը: Նրա կարծիքով՝ պատերազմն այս դեպքում դարձել էր միջոց մարդու ճակատագիր բացահայտելու համար: Ըստ սցենարիստի, այս թեման գրողին ազատություն տալու հետ մեկտեղ բերում է ճշմարտացիության դաշտ:

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչու է ֆիլմի երկու առանցքային հերոսներից մեկը` ադրբեջանցի կինը, ներկայացվել ոչ բացասական, ինչ-որ առումով նույնիսկ դրական կերպարով, ռեժիսորը և սցենարիստն ասացին, որ այս ֆիլմն առաջին հերթին մարդկային հարաբերությունների մասին է, երկու կնոջ, երկու թշնամու կնոջ հարաբերությունների մասին պատերազմական իրավիճակում:

Կարինե Խոդիկյանը նշեց նաև, որ ֆիլմի սցենարը գրելիս ինքը լուրջ մտահոգվելու առիթ է ունեցել այն առումով, որ միգուցե այդպիսով անտեղի ռևերանս է արվում ի օգուտ ադրբեջանցիների, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, հրադադարը հրամայական բան չէ: Սակայն, ըստ նրա, պատերազմները մի օր, վերջապես, ավարտվում են, և եթե մարդկային, հատկապես մայրական բարությունը  չլինի, դա կլինի աշխարհի իրական վերջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter