HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արմավիան» պարտք է 5.4 մլրդ դրամի «օդի» գումար. կառավարությունը դատի է տվել ընկերությանը

ՕԵԿ խմբակցությունը գրավոր հարցապնդում է ներկայացրել կառավարությանը, որը վերաբերում է «Արմավիրա» ավիաընկերությանը: Հարցապնդումը ԱԺ ամբիոնից հնչեցրեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Առաջին հարցը վերաբերում էր  կառավարության 2009 թ. այն որոշմանը, ըստ որի՝ «օդի փողը» ներառվում է ավիատոմսի արժեքի մեջ: ՕԵԿ-ին հետաքրքրում էր` 2009-ից մինչ օրս «Արմավիայի» կողմից գանձված «օդի փողը» որքա՞ն է եղել, արդյո՞ք մուտքագրվել են այդ միջոցները պետբյուջե, եթե այո, ապա ի՞նչ ուղղությամբ են ծախսվել:

Կառավարությունից խմբակցությանը պատասխանել էին, որ 2009 թ. մարտի 29-ից մինչեւ 2013 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանցից ելքի համար գանձվել եւ պետբյուջե մուտքագրվել է 24 մլրդ 336 մլն դրամի «օդի» տուրք: Ինչ վերաբերում է «Արմավիրային», ապա ընկերությունը նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձանցից գանձել է 9 մլրդ 561 մլն դրամ: Կառավարության պատասխանում նշված չէր, թե արդյոք «Արմավիան» գանձած գումարները մուտքագրել է պետբյուջե, ուստի Հովհաննես Մարգարյանը խնդրեց, որ կառավարությունը պարզաբանի:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ «Արմավիան», ըստ հաշվետվությունների, 2009 թ. մարտի 31-ից մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը ուղեւորներից գանձել է 9.5 մլրդ դրամի տուրք:

«Ընկերության «օդի» տուրքի գծով պարտավորությունը պետության հանդեպ կազմում է 5 մլրդ 400 մլն դրամ, որը չի վճարվել պետական բյուջե: Բնական է, այդ գումարի նկատմամբ հաշվարկվել է եւ հաշվարկվում են օրենքով սահմանված բոլոր տույժ-տուգանքները: Այս պահի դրությամբ պետությունը դատական հայցով դիմել է դատարան` ընկերությունից նշված գումարը եւ տույժ-տուգանքները գանձելու համար»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ըստ Դավիթ Սարգսյանի` գոյություն ունի վեճ ինչպես պետական տուրքի մայր գումարի, այնպես էլ հաշվարկված տույժ-տուգանքների գծով, ինչն իր լուծումը կստանա դատարանում:

Մեկնաբանություններ (2)

Բաղդասար
Արմավիա - ն պարտք Է ամեն կողմ - մոտավորապես 90 մլն դոլար (եթե ճիշտ եմ հիշում): Լավ, այդ պարտքը հո 1-2 օրվա մեջ չառաջացավ, հանկարծակի, իրենք էլ գլխի չնկան: Դրանց տոմսերն ու բեռի արժեքներն ամենաթանկն էին ուրիշների համեմատ: Մրցակից բան էլ չունեին՝ չէր թույլատրվում: Ուրեմն ինչ հառամություն են արել, որ այդպես քար ու քանդ են արել: Այստեղից կարելի է ենթադրել որ ուղղակի դատարկել են ու մի կողմ քաշվել՝ վստահ լինելով որ հանգիստ պիտի մարսեն: Ուր է ստուգող - քննող հանձնաժողովների թափանցիկ արդյունքները? Ինչպիսի ունեցվածք ու բիզնեսներ ունեն դրա նախկին տերերը? Միթե դժվար է հասկանալ որ ձվերը մի ամանից մյուսի մեջ կարելի էր դնել ու դատարկը մի կողմ շպրտել! Բայց քանի կոպեկի արժեք ունեն այսպիսի հարցերը նրանց համար, ում համար որ պիտի ունենային? Խնդիրն այս է: Մտքներին տեղ լինի, կաշիները կպոկեն ու երկու Արմավիա կհանեն դրանցից:
Հովհաննես Վարդանյան, լրագրող
Ինձ ուղղակի հետաքրքրում է. Արմավիան որտեղից է այսքան պարտք կուտակել, միթ՞ե վերահսկողություն չի կատարվել: Այն հարցին թե, արդյոք մենք ազգային փոխադրող ուզո՞ւմ ենք, թե՝ ոչ. կարծում եմ անտեղի է նույնիսկ առաջարկ ներկայացնել: Հայելու առաջ ամենը պարզ է, նույնիսկ ավելին՝ բացահայտ հանրության առջև: Հիշում եմ, ասուլիսներից մեկի ժամանակ համապատասխան աշխատակիցը նշեց, որ պետության աջակցության դեպքում հնարավոր է հաշվեհամար բացիվի, որի միջոցով աշխատողները կստանան իրենց աշխատավարձները: Ո՞ւմ է պետք, թող համապատասխան մարդիկ իրենց քայլերի տակից դուրս գան, այլ ոչ թե ակնկալեն հանրության ու պետության աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter