HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե աշխատանքները առաջիկա օրերին չդադարեցվեն, մենք չենք սպասի նույնիսկ վարչապետի պատասխանին»

ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

Մեծարգո պարոն վարչապետ.

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների և բնապահպանների շրջանում:

Մենք կարծում ենք, որ անառարկելի է միևնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման անհամատեղելիությունը, որը կարծեք անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը, կառավարությունը առնվազը  պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության  զարգացումը տարածաշրջանի բնակչության և պետության համար առհասարակ:

Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները և շահագործումը իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր և խոշոր գյուղատնտեսներին, այլ նաև Հայաստանում և արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին:

Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց, մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու, տեղաբնակների` միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը և ազգային ժողովին ներկայացնելու նպատակով «Կայուն զարգացում» ՀԿ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցները իրենց դիրքորոշումը արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի և մասնակիցների 99 %-ից ավելին դեմ են արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը:

Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները, պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու տարածաշրջանում  հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման  աշխատանքները և կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը:

Կից ներկայացնում ենք ստորագրահավաքի արդյունքները /100 թերթ/:

Հարգանքով՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան

Հ.Գ. Ստորագրահավաքի արդյունքները կներկայացվի վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ-ի արձակուրդը ավարտելուց անմիջապես հետո: Ստորագրահավաքին մասնակցել է 2398 քաղաքացի, որին աջակցել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի Մեղրու կենտրոնը: Ստորագրահավաքի մասնակիցներից 2382 քաղաքացի դեմ են արտահայտվել, 5 քաղաքացի` կողմ, 11 քաղաքացի` ձեռնպահ, Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը: Տարածաշրջանում ինտենսիվ երկրաբանահետախուզական և արդյունահանման աշխատանքներ են իրականացվում և, եթե աշխատանքները առաջիկա օրերին չդադարեցվեն, մենք չենք սպասի նույնիսկ վարչապետի պատասխանին: Առաջիկայում կհայտարարենք մեր ծրագրերի մասին:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Ըհը կարծես թե վերջապես սառույցը հալվեց ու Մեղրեցիները տեղներից շարժվեցին: Բռավո, շատ գովելիյա, լավ է ուշ քան երբեք: Կազմակերպիչները եթե մի քիչ ավելի ժամանակակից մեթոդներով շարժվեն ստորագրողների թիվն էլ կքառապատկվի: Կարելիյա օրինակ նույն նամակը էլեկտրոնային տարբերակով բոլոր լրատվամիջոցներին ուղարկել և ցանկացողները կստորագրեն ու թիվն էլ կքառապատկվի: Նամակը իմ կարծիքով պետք է նաև հավելել մի պարզ ճշմարտությամբ, ստիպել և պահանջել որ իրենց բացած անցքերը փակեն ու հետքերնել ջնջեն ենպես որ կարծես թե ոչ մի “ծակ էլ չէին ծակել” էդ անկուշտները: Մեղրեցիները պետք է պահանջեն նաև որ եդ սրիկաները փոխհատուցեն իրենց հասցրած բոլոր վնասների համար ու փասա փուսեքը հավաքեն ու հեռանան էդ գեղատեսիլ վայրերից: Եթե արդեն կան մարդիկ (իսկ ես գիտեմ որ կան) որոնք արդեն իսկ որոշակի հիվանդություններ են ձեռք բերել դրանց “ծակերի” պատճառով, պետք է դրանց ուռած գրպանների հաշվին գնան իրենց առած կղզիներում հանգստանալու և բուժվելու: Դրանք նաև պետք է պատասխան տան և փոխհատուցեն հազարավոր աշխարհի ամենահամեղ ծիրանենիների չորացման և գրեթե ոչնչացման եզրին կանգնեցնելու համար: Քանի սկսել էք լավել առիթա, միանգամից բնական գազ տրամադրելու հարցնել բարձրացրեք ու որպես մի 10% փոխհատուցում թող յուրաքանչյուր Մեղրեցու ապահովեն բնական գազով: Ամոթա ամոթ, 21րդ դարում ենք ապրում ու մի հատել քաղաքի կոչում էք տվել եդ գյուղին ու մինչև հիմա խեղճերին գազովել չեն ապահովել: Չնայած գազը հիմա ենքան թանկացրեցին որ կարողա էլ արդեն Մեղրեցիներնել հրաժարվեն դրա հաճույքը վայելելուց…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter