HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լեւոն Զուրաբյանի եւ վարչապետի բանավեճը` «օֆշորային» թեմայով

Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով վարչապետի անունով գրանցված «օֆշորային» կազմակերպության մասին «Հետքի» հրապարակած հոդվածին, վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկեց իր բարի անունը պաշտպանելու համար ընդդիմության մասնակցությամբ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` «սկանդալն ուսումնասիրելու» եւ վարչապետի «անարատ անունը անհիմն մեղադրանքներից մաքրելու» համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ ԶԼՄ-ները այնքան հնարամիտ են, որ եթե ընդունվի պատգամավորի առաջարկը, ապա նա ԱԺ-ում կզբաղվի ոչ թե օրինաստեղծ գործունեությամբ, այլ գիշեր-ցերեկ հետաքննություն պետք է անի:

«ԶԼՄ-ներում այնպիսի պատմություններ կարող են հայտնվել, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հետ, ուղղակի ժամանակ չեք ունենալու ուրիշ ոչնչով զբաղվել»,- հավելեց վարչապետը: Ըստ վարչապետի՝ ինչպես միջազգային պրակտիկայում է լինում, ինքը նույնպես դիմել է իրավապահ մարմիններին, քանի որ առնչություն չունի որեւէ «օֆշորային» ընկերության հետ:

«Տիգրան Սարգսյանն իր անվան շոււրջ ծագած սկանդալը որակեց «շինծու պատմություն»:

Լեւոն Զուրաբյանն էլ հակադարձեց, որ վարչապետը կարող է «մանտրայի» պես անընդհատ կրկնել, որ առնչություն չունի այդ պատմության հետ եւ «օֆշորային գոտու» որեւէ ընկերության հետ կապ չունի, բայց խնդիրն այն է, որ մեծամասնությունը չի հավատում վարչապետի խոսքին: Պատգամավորն ասաց, որ Տիգրան Սարգսյանն իրենց ժամանակի մասին թող չմտահոգվի, քանի որ պատրաստ են «ձեռքները քշտել եւ մտնել այս կեղտոտ գործի մեջ»:

«Բազմաթիվ մեղադրանքներ կարող եմ հնչեցնել Ձեր հասցեին, նմանաոճ, նմանատիպ գնահատականներով, այն, ինչ որ Դուք պարբերաբար եւ հետեւողական անում եք այս դահլիճում, եւ մեծամասնությունն այս դահլիճում ձանձրացել է Ձեր նախադասություններից, միատոն մեղադրանքներից: Բոլորի համար հասկանալի է ենթատեքստը, հասկացանք, շարունակեք Ձեր այդ ոճը, եթե գտնում եք, որ այդ ոճը Ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչ էլ շատ լավ հասկանում է, թե Դուք ինչ նպատակ եք հետապնդում՝ այս հարցերը բարձրացնելով»,- Լեւոն Զուրաբյանին պատասխանեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter