
Անցանկալի սեռ. որոշ հնդիկ ընտանիքներ սպանում են իրենց աղջիկներին, հենց նրանք ծնվում են
Ըստ Հնդկաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալների` երկում սեռերի համամասնության զգալի խախտում կա. աղջիկների համեմատ` ծնվող տղաներն ավելի մեծ թիվ են կազմում: Որոշ վայրերում այս համամասնությունն այնքան խախտված է, որ 1000 տղա երեխային բաժին է ընկնում միայն մոտ 780 աղջիկ երեխա:
Այս վիճակագրության պատճառն այն է, որ Հնդկաստանի որոշ գյուղերում ընտանիքները սպանում են իրենց աղջիկ երեխաներին, հենց նրանք ծնվում են:
«Ես մի քանի ընկերներ ունեմ, որոնք ծնվել են հյուսիս-արևմտյան Ռաջաստան նահանգում, որը սահմանակից է Պակիստանին: Այդ նահանգում կան գյուղեր, որոնք հայտնի են նրանով, որ ընդհանրապես չունեն ոչ մի աղջիկ, և այդ գյուղերում միայն տղա երեխաներ են: Ամեն տարի Ռաջաստանից բազմաթիվ հաղորդումներ են լինում այն մասին, որ աղջիկ երեխային սպանել են ծնվելուց անմիջապես հետո»,- «Հետքին» ասաց դելիաբնակ փաստաբան Դռուվ Սանգվին:
Նա բացատրեց, որ ավանդաբար Հնդկաստանում, հատկապես հինդու ընտանիքներում աղջիկ երեխան համարվում է բեռ` ընտանիքի վրա, և ինչ-որ մեկի հարստությունը, որը եկել է քո տուն: Այդ պատճառով ընտանիքները չեն ցանկանում աղջիկ ունենալ:
Թեև, այսպես կոչված, «հարսի համար վճարվող գինը» շատ տասնամյակներ առաջ վերացվել է օրենքով, սակայն գործնականում այն բավականին տարածված է Հնդկաստանում. երբ աղջիկն ամուսնանում է, նրա ընտանիքը պետք է փեսայի ընտանիքին վճարի մեծ գումար կամ նվիրի տուն, ավտոմեքենա և այլ թանկարժեք իրեր, որպեսզի տղամարդն ամուսնանա նրա հետ:
Դռուվ Սանգվին ասում է, որ «հարսի համար վճարվող գնի» մեկ այլ բացասական կողմն այն է, որ շատ են լինում «պարտքի» դեպքեր: Երբ հարսի ընտանիքն ի վիճակի չի լինում վճարել փեսայի ընտանիքի պահանջած գումարը, ամուսնու ընտանիքն անընդհատ «հիշեցնում է» կնոջն այդ մասին: Երբեմն ամուսնու և նրա ընտանիքի կողմից խոշտանգումները և հոգեբանական, և ֆիզիկական են: Շատ դեպքերում սա հանգեցնում է նրան, որ կանայք ինքնասպանություն են գործում:
Թեև հղիության ընթացում երեխայի սեռը պարզելու համար անցկացվող թեստերը Հնդկաստանում արգելված են օրենքով, սակայն Դռուվ Սանգվին ասում է, որ հարուստ ընտանիքները շարունակում են ապօրինի կերպով նման թեստեր անցկացնել: Եթե պտուղը իգական սեռի է, շատ դեպքերում արվում է հղիության հարկադիր կամ ապօրինի ընդհատում: Ինչ վերաբերում է հնդկական գյուղերին, որտեղ երեխայի սեռը որոշող թեստերը հիմնականում մատչելի չեն, ապա այստեղ տարածված է աղջիկների մանկասպանությունը:
«Սրանք եզակի դեպքեր չեն: Չեմ կարծում, որ երբ ունես գյուղեր, որտեղ միայն տղամարդիկ ու տղաներ են, սա կարելի է եզակի անվանել: Իհարկե, եթե նայես Հնդկաստանի ողջ բնակչությանը, նման քիչ դեպքեր կան, որ հայտնի են դառնում: Սակայն այս դեպքերն իսկապես ցույց են տալիս, որ նման գործելակերպը դեռ տարածված է: Իհարկե, այս դեպքերը մեծամասնություն չեն: Բայց այն փաստը, որ նման բան իսկապես դեռ գործնականում պատահում է որոշ գյուղական վայրերում, իսկապես սարսափազդու է»,- ասում է Դռուվ Սանգվին:
Աղջիկների մանկասպանության որոշ դեպքեր լուսաբանվում են հնդկական մամուլում: Այն հարցին, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ մարդասպաններն արդարադատության են կանչվել ու պատժվել` Դռուվ Սանվգին պատասխանեց, որ Հնդկաստանի դատական համակարգի խնդիրներից մեկն էլ այն է, որ այն չափազանց դանդաղ է աշխատում, և բազմաթիվ գործեր կան, որոնց քննությունը տևում է տասնամյակներ:
«Սակայն, այո, ես կարծում եմ, որ ամեն անգամ, երբ այս դեպքերը հայտնի են դառնում և դատարանի առաջ կանգնում, նրանց նկատմամբ արդարադատություն է իրականացվում: Իհարկե, դատական համակարգի նկատմամբ շատ ձեռնածություններ կարող են կատարվել ևս, սակայն մեր դատական համակարգը միանշանակ ուժեղ ու անկախ է և իսկապես քայլեր ձեռնարկում է, երբ հնարավոր է»,- հավելում է նա:
Հնդկաստանում սեռերի միջև համամասնության խախտման հետևանքով` երիտասարդները դժվարություններ են ունենում ամուսնանալիս: Հիմնականում աղջկան գնում են մեկ այլ գյուղից, և աղջիկը միաժամանակ ամուսնանում է 4 կամ 5 տղամարդու հետ: Հնդկաստանում օրենքով արգելված է, որ կինը մի քանի ամուսին ունենա: Սակայն հնդիկ փաստաբանն ասում է, որ իրականում երկրում օրենքները ոչ միշտ է, որ գործում են, և գործնականում ամեն ինչ այլ է:
«Աղջիկ երեխան ենթարկվում է ամեն տեսակի խտրականության, օրինակ` իմ ընկերուհիներից շատերը ստիպված են եղել սովորել կերակուրներ պատրաստել շատ փոքր հասակում: Աղջիկների կրթությանը երկրորդական կարևորություն է տրվում, քանի որ նրանց առաջնային առաքելությունը ավանդաբար համարվում է ամուսնու համար եփել-թափելը, տունը մաքրելը և նման բաները: Ես սա նկատել եմ ոչ միայն իմ ընկերների շրջանում, այլև իմ սեփական ընտանիքում, որը շատ առաջավոր է»,- ասում է Դռուվ Սանգվին:
2002թ. Հնդկաստանի Սահմանադրության 86-րդ բարեփոխումը հիմնարար իրավունք է ճանաչել 6-ից 14 տարեկան և աղջիկների, և տղաների անվճար ու պարտադիր միջնակարգ կրթությունը: Հնդկաստանում նոր ձևավորվող միջին դասը, որը, Դռուվ Սանգվիի խոսքով, տարբերում է Եվրոպայի և ԱՄՆ-ի միջին դասից, ցանկանում է կրթություն տալ իր երեխաներին: Այնուամենայնիվ, օրինակները շատ են, երբ աղջիկներին դպրոց չեմ ուղարկում:
Պատճառներից մեկն այն է, որ շատ հնդիկ ընտանիքները շարունակում են մտածել. «Ինչո՞ւ պետք է ռեսուրսներս ծախսեմ նրան կրթելու վրա, երբ նրա միակ աշխատանքը երեխա ունենալը և ամուսնու համար ճաշ եփելն է»:
Մյուս պատճառն այն է, որ Հնդկաստանում երեխաները համարվում են սոցիալական տեսանկյունից օգնող ձեռք իրենց ընտանիքներին: Ուստի, ընտանիքի համար նախընտրելի է, որ նրանք աշխատեն դաշտերում:
«Սոցիալապես խոցելի մարդիկ խորապես հավատացած են, որ որքան շատ երեխա ունենաս, այնքան շատ փող կարող ես վաստակել: Իհարկե, նրանք չեն հասկանում, որ դու նաև պատասխանատվություն ես կրում երեխաների և նրանց մանկության համար»,- ասում է հնդիկ փաստաբանը:
Որքան աղքատ է ընտանիքը, այնքան փոքր է աղջկան դպրոց ուղարկելու մղումը: Ըստ պաշտոնական տվյալների` Հնդկաստանի 1.2 մլրդ բնակչության 37%-ն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
«Այնուամենայնիվ, սա ևս միակ ճշմարտությունը չէ Հնդկաստանի մասին: Հնդկաստանն այնքան բազմազան է, որ նրա մասին ասված ցանկացած բանի լրիվ հակառակը նույնպես ճշմարիտ է: Հնդիկների գրեթե 40 %-ը շատ-շատ աղքատ է, բայց միաժամանակ աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց 40 %-ը հնդիկ է»,- ասում է Դռուվ Սանգվին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել