HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սահմանադրական դատարանի որոշումները չկատարելը նույնն է, ինչ սահմանադրության պահանջները չկատարելը

«Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումները գրեթե նույն արժեքն ունեն, ինչ Սահմանադրությունը, երբ դատարանը, չինովնիկը կամ ցանկացած պետական մարմին չի կատարում ՍԴ-ի որոշումը, դա նույնն է, որ սահմանադրության պահանջները չի կատարում»,- հայտնեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հունիսի 12-ին Պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Փաստաբանը հիշեց Գերմանիայի սահմանադրության դրույթներից մեկը, ըստ որի` եթե ՍԴ նորմերը չեն կատարվում, բոլոր գերմանացիներն ապստամբելու իրավունք ունեն:  

Այս առումով «հակամարտությունը» լիովին հասունացել է  Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի (ՎԴ) միջեւ, որովհետեւ արդեն երկրորդ անգամ ՍԴ-ն որոշում է ընդունում, որ դատական ակտերը նոր հանգամանքերի հիմքով վերանայման ենթակա են, իսկ ՎԴ-ն, սեփական նպատակահարմարության տեսանկյունից մեկնաբանելով ՍԴ-ի որոշումները, կրկին մերժում է բողոքների քննությունը :

ՎԴ-ի այս մեկնաբանությունը հարուցեց ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանի վրդովմունքը, եւ նա, օրեր առաջ անդրադառնալով հարցին, հայտարարեց. «Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը և, կներեք արտահայտությանս համար, այսպես կոչված այս մարմինը գտնում են, որ դատարանը նույնիսկ իրավունք ունի նոր հանգամանքի հիմքով դատական ակտը չվերանայել...»:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը լրագրողներին ներկայացրեց իր նախաձեռնած ռազմավարական դատավարություններից մեկի նախապատմությունը` Արդարադատության խորհրդի (ԱԽ) դեմ վարչական դատարան ներկայացրած դիմումի քննությունը, որը նշված իրավական վեճը սրելու հիմք հանդիսացավ: Փաստաբանը խնդրել էր պարտավորեցնել ԱԽ-ին` պատճառաբանված պատասխանել դատավորի դեմ կարգապահական վարույթ չհարուցելու դիմումներին: Դատական բոլոր ատյաններում մերժվելուց հետո փաստաբանը սահմանադրականության հարց էր բարձրացրել ՍԴ-ում՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել վիճարկվող օրենքը: ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական չճանաչեց, բայց բացատրեց դրա իրավական բովանդակությունը, մասնավորապես նշելով, որ մերժումը պետք է լինի իրավաչափ եւ պատշաճ հիմնավորումներով:

Միաժամանակ,  ՍԴ-ն իր կայացրած թիվ 56 որոշումով մեկնաբանել է, որ ՀՀ ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում, ողջամիտ ժամկետում, իր պատասխանում հիմնավորել դատավորի նկատմամբ վարույթ չհարուցելու պատճառները: ՍԴ-ն իր որոշման մեջ նշել է, որ դիմող Գ. Գյոզալյանի գործով կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման:

Սակայն, 2013թ. մայիսի 7-ին կայացրած որոշումով Վճռաբեկ դատարանը կրկին մերժել է փաստաբանի` նոր հանգամանքների հիմքով ընդդեմ ԱԽ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը գրել է, որ Սահմանադրական դատարանը ԱԽ-ի որոշումները դատական կարգով բողոքարկելու արգելքը համարել է իրավաչափ եւ Կարգապահական հանձնաժողովի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննարկելու հետ կապված գործունեությունը ենթակա չէ դատական վերահսկողության:

Փաստաբանը ասվածը խայտառակություն է համարում իրեն իրավական ճանապարհով ընթացող պետություն հռչակած Հայաստանի համար:  «Սա թույլ է տալիս փաստելու, որ ԱԽ-ի կարագապահական հանձնաժողովը գտնվում է օրենքից դուրս եւ այսօր ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովի որոշումները վիճարկելու որեւէ արդյունավետ միջոց չկա»,- հայտնեց նա: Այս մտահոգությամբ փաստաբանը դիմել է ՀՀ նախագահին եւ խնդրել, որ իր լիազորություններից օգտվելով ՀՀ-ում ապահովի դատական իշխանության բնականոն գործունեությունը:

Գեւորգ Գյոզալյանը նշեց, որ դեռեւս 2007 թ.-ին ՍԴ-ն իր մի շարք որոշումներով հստակ չափանիշներ գծեց ՎԴ-ի համար, նշելով, որ ՎԴ-ն պետք է իրականացնի տեսանելի արդարադատություն: Մասնավորապես այս համատեքստում ՍԴ-ն որոշեց, որ անձանց բողոքները վերադարձնելու ՎԴ-ի որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Այս որոշման հիման վրա օրենդրական փափոխություններ կատարվեցին եւ ամրագրվեց, որ պետք է պատճառաբանվեն ՎԴ-ի վերադարձնելու մասին որոշումները, սակայն այն շարունակվում է չկատարվել:

Նույնն է վիճակը դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումների դեպքում: Մինդեռ անձանց մոտ պետք է հարցեր չմնան, թե ինչու մի դատավորի նկատմամբ վարույթ հարուցվեց, մյուսի նկատմամբ` ոչ: Այստեղ, փաստաբանի ասելով ԱԽ-ն քաղաքական որոշումներ է կայացնում: Նա ներկայացրեց մի քանի օրինակներ, որոցից մեկն ակնհայտորեն ընդգծում է հարցին ԱԽ-ի ցուցաբերած սյուբեկտիվ մոտեցումը: Փաստաբան Անի Թորոսյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացրել եւ ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովն այն մերժել էր վարույթ հարուցելու հիմքեր չլինելու պատճառաբանությամբ: Այնուհետեւ նույն փաստաբանն այդ գրությամբ դիմել էր Արդարադատության նախարարին, եւ վերջինս փաստաբանի դիմումը հիմք ընդունելով ինքն էր նույն պահանջը ներկայացրել ԱԽ-ին եւ այս դեպքում 3  դատավոր պատասխանատվութան են ենթարկվել:

«Իրավունք զարգացնելու մասին ՎԴ-ի  պատճառաբանություններն իրականությանը չեն համապատասխանում: Իրավունք մեր երկրում զարգացնում է ՍԴ-ն, սակայն դա ՎԴ-ի համար ոչ մի նշանակություն չի ունենում»,- շեշտեց Գ. Գյոզալյանը: Մեկ տարի առաջ տեղի ունեցած փաստաբանների համընդհանուր գործադուլից հետո, ըստ բանախոսի, մի բան է փոխվել՝ «կողմը խախտելով այսինչ հոդվածը բերել է վճռաբեկ բողոք», ՎԴ-ի նախկինում գործածած արտահայտությունը փոխարինվել է «չի հիմնավորվել» արտահայտությամբ, իսկ բողոքները վերադարձնելը պատճառաբանելու առումով ոչինչ չի փոխվել:    

Մեկնաբանություններ (1)

Dard-aneli
իսկ ինչ է մտածում անել Մեծն Իշխանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter