HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Խաչատրյան. «Գիտնականը իր գործից բացի այլ գործով չպետք է զբաղվի»

Երիտասարդ գիտնականի ամբիոն 

 

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Խաչատուր Խաչատրյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, դոկտորական ատենախոսությունը` վերտառված «Կրիտիկական դեպքում ոչ կոմպակտ օպերատորներով որոշ ոչ գծային ինտեգրալ և ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների լուծելիության հարցեր», պաշտպանել է 2011 թ.-ին` Ա.01.02-դիֆերենցիալ հավասարումներ մասնագիտությամբ:

Գիտության մեջ Խաչատուրին ձգում է դրա անսահման և անեզր լինելը: Գիտությունն այն  բնագավառն է, որ իր առավել գեղեցիկ և հետաքրքիր դեմքը պահում է խորքում, և  ոտք դնելով գիտության զարմանահրաշ աշխարհ` կանգ առնել այլևս հնարավոր չէ:

...Նախասիրությունների շարքում առաջին տեղում է ֆուտբոլը, երկրպագում է  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, միշտ հաճախում է մարզադաշտ: Բարձր է գնահատում Ա. Էյնշտեյնի հայտնի ասույթը. «Որքան էլ մեծ ու ազնիվ է նպատակը՝ չի արդարացնում նրան հասնելու անազնիվ միջոցները»: Կյանքի ամենաշրջադարձային իրադարձություններն է համարում` 2006 թ. փետրվարի 7-ին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, 2006 թ. օգոստոսի 16-ին  դստեր`Անահիտի և 2008 թ. հոկտեմբերի 15-ին որդու` Աղավարդի ծնունդը, նաև 2011 թ. հունիսի 21-ին դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Դեպի մաթեմատիկա իր առաջին քայլերին նպաստել է ընտանիքում տիրող մթնոլորտը. ծնվել է 1982 թ. Երևանում, մտավորականի ընտանիքում. հայրը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը` մաթեմատիկայի ուսուցչուհի, քույրը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

1998 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա.Լ. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը: Դպրոցական տարիներին բազմաթիվ անգամներ մասնակցել և հաղթել է հանրապետական օլիմպիադաներում: Նույն տարում ընդունվել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ և 2004 թ.-ին գերազանցությամբ ավարտել` ստանալով մաթեմատիկայի մագիստրոսի որակավորում: 2004 թ.-ին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա և մինչև 2006 թվականը զբաղվել գծային ինտեգրալ և ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների լուծելիության հարցերով: Նշված բնագավառին էլ նվիրված էր իր թեկնածուական ատենախոսությունը:

2006 թվականից մինչև այժմ զբաղվում է ոչ գծային ինտեգրալ և ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների լուծելիության, լուծման հատկությունների ուսումնասիրման հարցերով: Այդ թեմային է նվիրված 2011 թ.-ին պաշտպանած դոկտորական ատենախոսությունը:

Հեղինակ է ավելի քան 55 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը (38-ը) տպագրվել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Մոլդովայի, Չեխիայի, Հնդկաստանի, Ղազախստանի միջազգային հեղինակավոր ամսագրերում, որոնք ունեն ազդեցության գործակից: Զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում` Մոսկվա, Կրասնոյարսկ, Սամարա, Մինսկ, Հրոդնո և հեղինակ է 19 տպագրված գիտական թեզիսների:

2006 թվականից գիտական խումբը, որում ընդգրկված է Խաչատուրը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի մաթ. ֆիզ. մեթոդների բաժինը) սերտորեն համագործակցում է ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի մեխ. մաթ. ֆակուլտետի, ՌԴ Սիբիրյան դաշնային համալսարանի հետ: 2006թ.-ից երկու տարին մեկ անգամ անցկացվում են  «Մաթեմատիկական ֆիզիկա,  կոմպլեքս անալիզ և հարակից հարցեր» թեմայով ռուս-հայկական համատեղ միջազգային գիտաժողովներ, որտեղ նա գործուն մասնակցություն է ունեցել` հանդես գալով զեկուցումներով:

2008-2011 թվականներին բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի սեմինարներում, Սիբիրյան դաշնային համալսարանում, Բելառուսի պետական համալսարանում: 2012 թ.-ին  հրավիրված  զեկուցող է եղել «Մաթեմատիկական ֆիզիկայի» III  միջազգային խոշոր գիտաժողովում, որն անցկացվում էր ՌԴ Սամարա քաղաքում:

Նշված գիտական համագործակցությունների արդյունքը եղավ այն, որ 2011 թ.-ին, երբ Խաչատուրը պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը, որպես առաջատար կազմակերպություն հանդես եկավ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, իսկ արտերկրից պաշտոնական ընդդիմախոսներն էին աշխարհահռչակ գիտնական, Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր Պ.Պ. Զաբրեյկոն, և Ուֆայի մաթեմատիկական ինստիտուտի բաժնի վարիչ պրոֆ.Ա.Ս. Կրիվոշեևը:

Խոսելով Հայաստանում գործող գիտնականների ներքին համագործակցության մակարդակի մասին, Խաչատուրը նշում է, որ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում պրոֆեսոր Ն.Բ. Ենգիբարյանի ղեկավարությամբ պարբերաբար (յուրաքանչյուր շաբաթը մեկ) գործում է գիտական սեմինար, որին մշտապես մասնակցում են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 6 դոկտորներ, մի շարք գիտության թեկնածուներ, և հաճախ զեկուցումներով հանդես են գալիս հրավիրված գիտնականներ: Ինքն, անշուշտ, 2001 թվականից առ այսօր  մշտապես գործուն մասնակցություն ունի այդ սեմինարներում:

2011 թվականից գործում է նաև իր կողմից առանձին կազմակերպված սեմինար, որը ևս պարբերաբար (շաբաթը մեկ անգամ) գործող սեմինար է: Նշենք, որ այս պահին գիտական խումբը ներկայացրել է նախագիծ ռուս-հայկական դրամաշնորհային ծրագրին, որի արդյունքները քննարկման փուլում են:  

2003-2004 թվականններին Խաչատուրն արժանացել է մագիստրոսների և ասպիրանտների համար նախատեսված «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամի մրցանակին, 2011 թ.-ին` երիտասարդ գիտնականների համար նախատեսված ազդեցության գործակից ունեցող ամսագրում տպագրված գիտական աշխատանքների համար դրամական մրցանակի:

Վերջերս արժանացավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության` մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ոլորտում Սերգեյ Մերգելյանի անվան մրցանակին (1-ին կարգ)։ Շնորհավորո՛ւմ ենք։ 

 

Խաչատուրի գիտական աշխատանքների մի մասը կատարվել է ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Խ. Խաչատրյանի հետ համահեղինակությամբ: Կան գիտական աշխատանքներ նաև  ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածուներ Ա.Ն. Աֆյանի, Է.Ա. Խաչատրյանի, Ց.Է. Թերջյանի հետ, որոնք կատարվել են իր գիտական ղեկավարությամբ, այսինքն՝ դիտարկված խնդիրների դրվածքը, լուծման տանող ուղիները, ստացված թեորեմների ձևակերպումները կատարվել են իր կողմից: Կան նաև աշխատանքներ հայցորդներ Մ.Ֆ. Բրոյանի, Մ.Գ. Կոստանյանի, Ս.Ա. Գրիգորյանի հետ, որոնց գիտական ղեկավարը կրկին Խաչատուրն է, և առաջիկա մեկ տարվա ընթացքում Մ.Ֆ. Բրոյանը և Մ.Գ. Կոստանյանը պատրաստվում են ներկայացնել պաշտպանության իրենց թեկնածուական ատենախոսությունները:

Խաչատուրի հետ զրուցեցինք Հայաստանում գիտության կազմակերպման հարցերի, առկա խնդիրների մասին։ Ահա իր տեսակետը` շարադրված մաթեմատիկոսին հատուկ հստակությամբ ու լակոնիկությամբ։

Գիտության ոլորտի թերֆինանսավորման պատճառներն են, իմ կարծիքով, անկախության տարիներին արժեհամակարգի խեղումը և, բացի այդ, պետական համակարգի ոչ լուրջ վերաբերմունքը գիտության նկատմամբ: Նշեմ, որ տեսական բնույթի հետազոտություններն իրենց նշանակալից արդյունքը կարող են տալ տարիներ հետո: Համեմատության համար հիշենք նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը 20 տարի առաջ և հիմա:

Թե ինչպե՞ս վիճակը շտկել, այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի ի՛ր գործով:  

Մրցանակաբաշխություններն, իհարկե, ոգևորում և խրախուսում են գործող գիտնականներին, բայց դրանք լրջորեն չեն կարող փոխել իրավիճակը:

Չափորոշիչների վերաբերյալ կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտական մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս  կարևոր է և՛ միջազգային ազդեցության գործակիցը, և՛ հեղինակի աշխատանքների վրա հղումների թիվը: Ի դեպ, դրանք միմյանց հետ սերտորեն կապված են:

Համահեղինակների թվի վերաբերյալ ասեմ, որ յուրաքանչյուրը գիտի իր կատարած աշխատանքի չափաբաժինը և իր դերն այդ գործում: Եթե խմբում առաջանում են տարաձայնություններ, ապա այդ խմբի  համատեղ աշխատանքները երկար կյանք չեն ունենա:

Ազդեցության գործակցի սահմանումն, ընդհանրապես ասած, իր մեջ պարունակում է մի շարք թերություններ: Խոշոր երկրներում (օրինակ Չինաստանում) կան ամսագրեր, որտեղ տպագրվում են հիմնականում չինացի գիտնականները և հղումներ կատարում միմյանց, ինչի հետևանքով տվյալ ամսագրի ազդեցության գործակիցը կարող է լինել շատ բարձր` համեմատած օրինակ ՌԴ մի շարք կենտրոնական հեղինակավոր ամսագրերի ազդեցության գործակցին: Ի դեպ, նշեմ, որ ՌԴ հեղինակավոր որոշ ամսագրերում տպագրելու համար գրախոսական պրոցեսը բավականին խիստ է, կարող է տևել մինչև 3 տարի, ընդ որում, հոդվածն այդ ամսագրերում կարող է ուղարկվել գրախոսության միաժամանակ մի քանի փորձագետի:

Փորձարարների ու տեսաբանների համար մրցանակաբաշխություները, իմ կարծիքով, պետք է տրոհել. պետք է մասնակցեն առանձին-առանձին:

Երիտասարդ գիտնականների հիմնական խնդիրներից մեկը, իմ կարծիքով,  տարեց, իրենց  գիտական փառքին հասած և գիտությամբ այլևս չզբաղվող գիտնականների անարդար վերաբերմունքն է երիտասարդ սերնդի նկատմամբ:

Գիտնականը, բացի իր գործից, այլ գործով չի կարող զբաղվել, հակառակ դեպքում նրա կատարած աշխատանքը կլինի թերի: Իսկական գիտնականը բոլոր ժամանակներում երբեք չի մտածել իր գործով վաստակելու մասին:

Դրական միտումներ գիտության կազմակերպման հարցում չեմ տեսնում:

Կոռուպցիան իմ գիտական բնագավառում (մաթեմատիկա) իսպառ բացակայում է: Ինձ նման հարցադրումը բավականին խորթ և նույնիսկ մի քիչ զարմանալի է:

Արտասահմանում չեմ աշխատել:

Գիտական աշխարհում գենդերային խնդիր չկա, այդ ժամանակները վաղուց պատմության գիրկն են անցել:

PostDoc-ական համակարգին դրական եմ վերաբերվում:

Ապագաս արտասահմանո՞ւմ, թե՞ Հայաստանում... եթե այսպես երկար շարունակվի, ապա արտասահմանում:

Գիտական հանրությանը մաղթում եմ ստեղծագործական խոշոր նվաճումներ, բարեկեցիկ կյանք և անամպ երկինք:  

 

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter