
Արա Սանջյան. «Պետք են պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կղեկավարեն հումանիտար ու հասարակագիտական ոլորտի արդիականացման գործընթացը»
Հայաստանում գիտությունը պետք է խթանվի. այս համոզմունքն ունի ծագումով լիբանանահայ, ԱՄՆ-ի Դիրբորն քաղաքում գտնվող Միչիգանի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Արա Սանջյանը, որի հետ մեր զրույցը Հայաստանում գիտության վիճակի ու բարելավման ուղիներ փնտրելու մասին էր։
Նրա համոզմամբ՝ եթե մեր պետությունը ճիշտ հարկային քաղաքականություն որդեգրի, ուղղորդի բիզնեսմենին դեպի գիտություն, ապա գիտությանը հատկացված գումարները նկատելիորեն կավելանան` ի համեմատ այժմյան ծիծաղելիորեն ցածր՝ ՀՆԱ–ի 0.24 տոկոսի։ Եվ քանի որ մեր պետությունը սուղ միջոցներ ունի, ապա այսօր երևան եկած նորահարուստների միջոցները գիտության խթանման գործում ներգրավելը կարևորագույն նշանկություն ունի։
Ըստ պարոն Սանջյանի՝ բարեգործությունը վերջիվերջո հասարակական հարգանք վայելելու ձգտում է նաև։ Բոլոր հարկատուներն էլ քրիստոնեության ընդունումից հետո, և գուցե նաև առաջ, երբ որ ինչ–որ նվիրատվություն են արել, թաքուն և երբեմն էլ՝ բացահայտ, նման ակնկալիքներ ունեցել են։ Իհարկե, նաև պիտի գործի գիտակցությունը՝ գիտության կարևորության և նրանում ներդրումներ կատարելու անհրաժեշտության։ Այստեղ ցավալի մի փաստ կա, որ Հայաստանի այժմյան նորահարուստ դասակարգն առաջին սերունդն է, և նա հիմնականում լավ կրթություն չունի: Եթե նրանց զավակները, որ պիտի ժառանգեն նրանց բիզնեսները, օգտվելով իրենց հնարավորություններից, ավելի լավ կրթություն ստանան, տիրապետեն լեզուների և սովորեն աշխարհի առաջատար բուհերում, ապա երկրորդ սերունդն ավելի կիրթ կլինի։
Այդ ժամանակ կարող ենք ակնկալել, որ հարուստ դասակարգն ապագայում կարող է գիտակցաբար մասնակից դառնալ գիտության ֆինանսավորման ու զարգացման գործին։ Այժմ ևեթ տնտեսության մասնավոր հատվածի աջակցությունը գիտությանը՝ կառավարությունը պիտի քաջալերի և ձև գտնի՝ նրանց անուղղակի և ուղղակիորեն համապատասխան հարկային դաշտ ուղղորդելու։
-Պար՛ոն Սանջյան, Հայաստանում տնտեսության մասնավոր հատվածն ինչպե՞ս կարող է նպաստել կրթության ու գիտության հումանիտար ու հասարակագիտական ոլորտի առաջընթացին։
-Շատ չտարածվելու համար, թույլ տվեք, որ պատասխանումս կենտրոնանամ իմ մասնագիտության` պատմության վրա, թեև իմ շատ ասելիքներ նույնպես կարող են վերաբերվել մի շարք այլ հումանիտար ու հասարակագիտական գիտակարգերի (դիսցիպլինների)։
Հայագիր պատմագրությունը միջազգային չափանիշերի հասցնելու համար իմ տեսակետը նախապես, մի քանի առիթներով, հայտնել եմ հայաստանյան տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցներիս ժամանակ։ Այստեղ դարձյալ պիտի փորձեմ ամփոփել մտքերս` ի սկզբանե շեշտելով, որ առաջարկվող ծրագրի ֆինանսավորման համար շատ ցանկալի կլիներ Հայաստանի պետության, տնտեսության մասնավոր հատվածի, սփյուռքահայ բարեգործական միությունների և անհատ բարերարների համագործակցությունը։
Իմ կարծիքով, ժամանակի ոգուն համահունչ պատմագետ կադրեր պատրաստելու գլխավոր մարտահրավերն այսօր, ի սկզբանե, նրանց` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան քաղաքակրթության մեջ հումանիտար ու հասարակագիտական ոլորտներից այս բնագավառ մուտք գործած գիտական նոր տեսություններին ու մոտեցումներին հաղորդակից դարձնելն է, որպեսզի այդ երիտասարդ մասնագետներն իրենց գիտական տեսակետներն ու հետազոտությունների արդյունքները Հայաստանից դուրս ներկայացնելու պարագայում լավագույնս կատարեն իրենց առաքելությունը, որևէ խոչընդոտի չհանդիպեն, կարողանան Հայաստանն ու հայկականը համադրել տարածաշրջանային և միջազգային համատեքստերի մեջ, ինչպես նաև, հետագայում դառնան ուսանողական հաջորդ սերունդների արժանավոր դաստիարակներ։
Այս նպատակին հասնելու համար պետք է զուգահեռաբար ձեռնարկել երկու աշխատանք։ Առաջին` իրականացնել հետևողական ծրագիր, որ ժամանակակից հայերենը մեկ անգամ ևս արդիականանա և հնարավոր դառնա արևմտաեվրոպական նոր տեսություններն ու գաղափարներն արատահայտել մայրենիով։ Այդ ամենին հասնելու համար պետք է ունենալ այս նոր դասականների (Էդուարդ Պալմեր Թոմսոն, Կլիֆֆորդ Գիրց, Էդուարդ Սաիդ, Միշել Ֆուկո, Ժան Ֆրանսուա Լյոթար և այլն) առնվազն հիմնական գործերի հայերեն բարձրորակ թարգմանությունները:
Երկրորդ`պետք է շեշտակիորեն բարելավել արևմտաեվրոպական լեզուների ուսուցումը Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որպեսզի անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լավ իմանալը չհամարվի մասնագիտություն, և հումանիտար ու հասարակագիտական առարկաների դասախոսներն ու ուսանողները բակալավրիատի ու մագիստրատուրայի ընթացքում կարողանան ռուսերենի հետ մեկտեղ օգտվել նաև առնվազն անգլերեն գրականությունից, ինչպես նաև հայկական շրջանակից դուրս հանգիստ հաղորդակցվեն իրենց օտարազգի գործընկերների հետ։
Եթե այս զուգահեռ աշխատանքները հաջողությամբ իրականացվեն, ապա կունենանք հայաստանաբնակ հայագետների նոր սերունդ, որն իրեն հավասարապես ազատ կզգա և՛ հայագիր հայագիտության, և՛ միջազգային հումանիտար ու հասարակագիտական ոլորտներում։
Այս մակարդակին հասնելու համար պետք է ուսումնասիրել ո՛չ թե եվրոպական մեծաթիվ` տասնյակ միլիոնանոց ժողովուրդների, այլ եվրոպական ավելի փոքրաթիվ ժողովուրդների (օրինակ` Բուլղարիա, Ֆինլանդիա, Սլովակիա, Դանիա, մերձբալթյան երկրներ) փորձը, որոնք իրենց ազգային մշակույթը պահպանելու նույնանման մարտահրավերների են դիմագրավում։
-Իսկ եթե մանրամասնե՞նք այս աշխատանքները…
-Իհարկե, առաջին քայլը այն պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն է, որ պիտի ղեկավարեն հումանիտար ու հասարակագիտական ոլորտի թարմացման ու արդիականացման գործընթացը։ Այստեղ ևս տարվելիք աշխատանք կա՝ և՛ Հայաստանում և՛ արտասահմանում` հայաստանյան կադրերի որակավորման բարձրացման ուղղությամբ։
Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր, բազմաթիվ հայաստանաբնակ երիտասարդ-երիտասարդուհիներ իրենց ուսումը շարունակել են Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում` դառնալով մագիստրոսներ ու դոկտորներ։ Բացառությամբ «Լույս» հիմնադրամի կողմից տրամադրված և մի քանի այլ հայկական ծագում ունեցող դրամաշնորհներից, այս ուսանողներն արտասահմանում ուսում են ստանում գերազանցապես օտարերկյա միջոցներով` առանց հայաստանյան գիտա-ուսումնական կենտրոնների հետ լուրջ համագործակցության։ Առավել ևս, ո՛չ բոլոր մասնագիտություններն են ունեցել հավասար հնարավորություններ։
Իմ տպավորությունն այն է, որ հայագիտության ավանդականորեն հիմնարար երեք ճյուղերի` պատմության, լեզվաբանության ու բանասիրության կամ գրականագիտության մեջ խորացող ուսանողները շատ քիչ են օգտվում արտասահմանյան դրամաշնորհներից` ի տարբերություն հասարակագիտական այլ մասնագիտությունների։ Անհիմն չեմ համարում ինձ հասած այն տեղեկությունը, թե պատմության հայաստանաբնակ ուսանողներին ամերիկյան կրթական դրամաշնորհներ չեն տալիս, որովհետև Վաշինգտոնում գոյացել է կարծրատիպ, թե հայերը պետք եղածից ավելի են «մխրճվել» իրենց պատմության մեջ, և ամերիկյան կառավարական շրջանակներն այդ «մխրճվածությունն» օգտակար չեն համարում։ Պատմության, իբրև մասնագիտության, անօգտակար լինելու մասին նույնանման մոտեցման ես անձնապես հանդիպել եմ, շուրջ տասը տարի առաջ, ամերիկյան մեկ մասնավոր հիմնադրամի մոտ, այս անգամ՝ Լիբանանում։
Կարծում եմ թե այնտեղ, որտեղ չկա արտասահմանյան օժանդակություն ստանալու հնարավորություն, ապա այդտեղ առկա բացը պետք է փակեն հայկական կառույցները։ Եթե Հայաստանում կատարվի վիճակագրական լուրջ ուսումնասիրություն, թե վերջին 20 տարիներին ինչքան ուսանող է իր ուսումն ստացել արտասահմանում, ինչ մասնագիտություններով, ով է հոգացել ուսման ծախսերը, նրանցից քանիսն են այսօր իրենց մասնագիտությամբ աշխատում Հայաստանում և այլն, և եթե պարզվի, ինչպես ենթադրում եմ, թե կան անհրաժեշտ մասնագիտություններ, որոնք խորթ զավակի իրավիճակում են հայտնվել, ապա արտասահմանում հայաստանյան կադրեր պատրաստելու համար ծախսվող հայկական նյութական միջոցները պետք է անպայմանորեն նկատի ունենան այս բացթողումը և փորձեն մեղմել դրա պատճառած վնասը։
- Իսկ այդ կադրերի գիտական ներուժի արդյունավետ կիրառման խնդի՞րը:
-Այո, սա նույնիսկ նախորդից ավելի կարևոր խնդիր է։ Պետք է մշակվի ծրագիր, թե Հայաստանն ինչպես լավագույնս պիտի օգտվի արտասահմանում որակաորված այս կադրերի ձեռք բերած գիտելիքներից ու հմտություններից, երբ նրանք վերադառնան։ Այն մեկնաբանությունը, թե նունիսկ Հայաստանի պետական բյուջեից կրթաթոշակ ստացած ուսանողը նույնքան օգտակար կարող է լինել Հայաստանի համար, եթե վկայական ստանալուց հետո աշխատի արտասահմանում, ես «այրված սրտի մխիթարանք» եմ համարում։ Հայության տրամադրության տակ եղող սահմանափակ նյութական միջոցները պետք է առաջին հերթին ուղղվեն նրանց, ովքեր պատրաստակամ են՝ անմիջականորեն մասնակից դառնալու Հայաստանում գիտության ու կրթության առաջընթացին։ Իսկ եթե, նյութականից բացի, կան այլ խոչընդոտներ, որոնք չեն քաջալում տվյալ մագիստրոսի կամ դոկտորի վերադարձն իր հայրենիք և ծննդավայր, ապա այդ խոչընդոտները վերացնելը նույնքան անհրաժեշտ է, որքան կրթաթոշակ կամ վերադարձից անմիջապես հետո որոշ ժամանակ աշխատավարձի կողքին խրախուսավճար տրամադրելը։
Մանե Հակոբյան
Մեկնաբանել