
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
Երեկ կեսօրին Շվեյցարիայից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող սպիտակ մի ավտոբուս կանգ առավ Ալավերդու Թումանյան փողոցին հարող քարե կամրջի դիմացի կանգառում: Մոտ 30 զբոսաշրջիկ դուրս եկան ավտոբուսից և գրեթե վազքով հատեցին մայրուղին` միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գեղեցիկ կոթողներից մեկը` Սանահինի քարե կամուրջը տեսնելու համար:
Կամուրջը 12-րդ դարի վերջին տասնամյակում Դեբեդ գետի վրա կառուցել է Զաքարե և Իվանե եղբայրների քույր Վանենի թագուհին իր ամուսնու`վաղամեռիկ Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին:
«Բազալտակուռ կամուրջը իր ակնհաճո ուրվագծով, հորինվածքային ձևերով, քարատեսակով ու գույնով ձուլվում է գեղատեսիլ միջավայրին`կազմելով նրա անքակտելի զարդը»,- իր «Լոռի. պատմության քարակերտ էջերը» գրքում հայտնում է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը:
Հիրավի, անհնար է չհիանալ կամրջի ինժեներական լուծումներով և միջավայրի հետ կառույցի ներդաշնակությամբ: Այսուհանդերձ, միջնադարյան կամրջի բազալտե քարերի արանքներում բուսած մոլախոտերի փնջերը վաղուց սպառնալիք են դարձել կամրջի անվտանգության համար: Վերջինս, սակայն չխանգարեց, որ զբոսաշրջիկները հմայված` տարբեր կողմերից լուսանկարեն կամուրջը և վերջինիս վրայից հիացմունքով հետևեն հորդառատ Դեբեդի խելահեղ ընթացքին:
Զբոսաշրջիկների ուշադրությանը չարժանացավ միջնադարյան կառույցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրված մեկ այլ պատմամշակութային հուշարձան` 1970 թ. Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի առթիվ կառուցված հեղափոխականների հուշակոթողը: Հուշակոթողի հեղինակը ալավերդցի ճարտարապետ Գառնիկ Շախկյանն է: Հուշարձանի սալահատակ հարթակի վրա վեր է խոյանում բազալտակերտ սլացիկ կոթողը: Դիմային լայն ճակատի վրա տեղադրված է հեղափոխական մարտիկների պայքարը խորհրդանշող ալյումինե հարթաքանդակը: Հուշակոթողի վրա փորագրված են 10 անվանի հայ հեղափոխականների, այդ թվում՝ Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Ասքանազ Մռավյանի, Մելիք Մելիքյանի, Ասատուր Կախոյանի, Դանուշ Շահվերդյանի, Սիմոն Էվոյանի, Արամայիս Երզնկյանի, Մարտիրոս Թանդիլյանի և Սերգո Փիրուզյանի անունները: Կոթողի ետին պլանում տեղադրված է կարմիր տուֆակերտ հուշապատը:
Հուշակոթողի պահպանության նպատակով սահմանված գոտին զբաղեցնում է 0,04 հա հողատարածք: Կոթողի և նրա միջավայրի ներդաշնակությունը ապահովելու փոխարեն քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը իր 25.09.2012թ.-ի N 224 Ա որոշմամբ թույլատրել է քաղաքի Թումանյան փողոցի 75/1 հասցեում գտնվող հուշակոթողի տարածքի 150,0 քմ մակերեսով հողամասը 165 000 դրամով վաճառել համայնքի ավագանի Մերուժան Աբելյանին` հասարակական օբյեկտ կառուցելու համար:
Հիշեցնենք, որ հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային, ունի այդ հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ: Այդ տարածքներում հողահատկացումները անթույլատրելի են գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքների համար: Ավագանի Մերուժան Աբելյանը, ով նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի պետն է, հուշակոթողի 150,0քմ հողամասը քաղաքապետարանից գնել է 165 000 դրամով: Նա ավտոտրանսպորտային միջոցներով գերբեռնված մայրուղու հարևանությամբ գտնվող կենտրոնական հուշակոթողի տարածքում կառուցում է մանկական սրճարան:
Հեղափոխության հուշակոթողի հեղինակ, ճարտարապետ Գառնիկ Շախկյանը անթույլատրելի համարեց հուշակոթողի տարածքում հասարակական օբյեկտ կառուցելը:
«Նկատել եմ և շատ-շատ վատ եմ վերաբերվում այդ որոշմանը, այդ մանկական սրճարանը համալիր ձևով ազդում է նաև միջնադարյան քարե կամրջի վրա»,- ասաց Գառնիկ Շախկյանը: Վերջինս հայտնեց, որ քաղաքապետի այդ որոշումը վերացնելու համար բողոք է ներկայացնելու ՀՀ կառավարությանը և ՀՀ ճարտարապետների միությանը:
Արտավազդ Վարոսյանի մեկ այլ՝ 2012թ. ապրիլի 28-ի N 13 որոշմամբ թույլատրվել է հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով 150 000 դրամով` աճուրդային եղանակով, վաճառել նաև միջնադարյան քարե կամրջի հյուսիսային մասը: Հիշեցնենք, որ քարե կամրջի աջ և ձախ կողմերում տեղադրված են ևս 2 սրճարաններ: Քաղաքապետը 2012թ. հունիսի 7-ի N18 որոշմամբ Ալավերդու Թումանյան փողոցի շուկայամերձ հրապարակում խանութի սրահի շինարարության թույլտվություն է տվել Ալավերդի քաղաքի բնակիչ Մերուժան Մակինյանին: Վերջինիս արդեն կիսակառույց երկհարկանի հսկա խանութի սրահը ոչ միայն ներդաշնակ չէ միջավայրի հետ, այլև նախկին շուկայի կողմից ուղղակի փակել է Դեբեդի վրա գտնվող ճոճվող կամուրջը, Դեբեդ գետը, մարզադաշտն ու վերջինիս հարող կանաչապատ լեռնալանջը, որն առանձին հմայք է հաղորդում Թումանյան փողոցին:
Մեկնաբանություններ (59)
Մեկնաբանել