
Ինչ էին խնդրում բնակիչները Լոռու մարզպետից
Ալավերդու քաղաքապետարանում երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր: Ինչպես միշտ, այս անգամ էլ ալավերդցիները մարզպետից սոցիալական օգնություն և աշխատանք էին խնդրում:
Ալավերդցի Գուրգեն Նալբանդյանը մարզպետին խնդրում էր աջակցել խորհրդային ավանդի վերադարձման հարցում. «Ես Նովոռոսիսյկում տղա ունեմ բանտարկված, նեուժելի հնարավո՞ր չէ՝ ինչ-որ մի բանով օգնենք»:
Մարզպետը քաղաքացուն հարցուփորձ արեց հայ երիտասարդի բանտարկության վերաբերյալ. «Այս պահին չեմ կարող օգնել, բայց մի քանի օր հետո ինձ հանդիպեք, առանձին կզրուցենք»:
Էնգելս թաղամասի բնակիչ Մարինե Հովհաննիսյանը մարզպետին տեղեկացրեց, որ երկու ծանր վիրահատություն է տարել, ոչ մի հարազատ չունի, ծնողները և երկու եղբայրները մահացել են, իրեն խնամելու պատճառով աղջիկը կիսատ է թողել երաժշտական կրթությունը, ընտանիքում ոչ մեկը չեն աշխատում, նպաստ ու թոշակ էլ չեն ստանում. «Մեր տունը 10 դրամ էլ չի մտնում»,- հուզված ասաց Մարինեն:
Արթուր Նալբանդյանը հանձնարարեց Ալավերդու սոցիալական ծառայության պետ Արմեն Գևորգյանին Մարինեին ընդգրկել նպաստառուների ցուցակում, իսկ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հանձնարարեց Մարինե Հովհաննիսյանի դստերը տեղավորել աշխատանքի:
Դեբեդ թաղամասի բնակիչ Ռուզաննա Մաթոսյանն ասաց, որ «հազիվ 20 տոկոս տեսողություն» ունի: Բուժման խիստ կարիք է զգում. «Երևանի Մալայանի անվան աչքի կլինիկայում առանց փողի ոչ մի բուժում չեն անում, բժիշկները աչքերս բուժելուց հետո առաջարկում են աչքերիս լինզաներ դնել»: Ռուզաննան մարզպետից խնդրեց օգնել գոնե լինզաներ ձեռք բերելու հարցում. «Մի՞թե հնարավոր չէ հաշմանդամներիս հարմար այնպիսի աշխատատեղ ստեղծել, որ ամեն անգամ ղեկավարներից փող չուզենք. 23 հազար դրամ թոշակի մեջ չեմ տեղավորվում»:
Աթուր Նալբանդյանը պատասխանեց, որ աշխատանքով չի կարող օգնել, բայց լինզաների համար օգնություն բնակչուհին կստանա:
Կալանավայրից օրերս վերադարձած ալավերդցի, 62-ամյա Հայկ Վարդումյանը Ռուսաստան չգնալու համար մարզպետից աշխատանք էր խնդրում: Արթուր Նալբանդյանը խոստացավ օգնել նաև Հայկ Վարդումյանին: Կենսաթոշակառու Մարտին Էվոյանը կնոջ աչքերի բուժման համար մարզպետից նույնպես օգնություն էր խնդրում. «Մեզ ինչ ունեինք, չունեինք՝ Մալայանի անվան հիվանդանոցում մերկացրին, խնդրում եմ օգնեք մեզ կրկին հայտնվենք Մալայանի հիվանդանոցում»,- ասաց թոշակառուն: Մարզպետը խոստացավ օգնել: Արթուր Նալբանդյանը բավարարեց նաև օգնություն խնդրող մյուս ալավերդցիների խնդրանքը:
Ընդունելության ընթացքում «Հետքը» մարզպետին հարցրեց Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի բնակելի շենքերի բնակիչներին խմելու համար ոչ պիտանի ջուր մատակարարելու խնդրի վերաբերյալ:
«Ես կարդացել եմ «Հետքի» նյութը և անմիջապես զանգահարել եմ «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասի պետին: Ինձ ասել են, որ ջուրը մաքուր չէ ընդամենը Ս.Սարահարթ թաղամասի 2/26 շենքի մեկ բնակարանում»,- ասաց մարզպետը: Ներկաներից մարզպետին տեղեկացրին, որ «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասից ճիշտ տեղեկատվություն չեն հաղորդել. պղտոր և կասկածելի բաղադրությամբ ջուր է մատակարարվում 2-րդ զանգված 2/26 շենքի հարևան այլ շենքերին եւս: Ավելին՝ արձանագրվել են դեպքեր, երբ ջուրն օգտագործելու հետեւանքով բնակիչների մոտ փորացավ է սկսվել: Արթուր Նալբանդյանը խոստացավ խնդրով զբաղվել անձամբ:
Մարզպետը պատասխանեց նաեւ «Հետքի» հարցերին:
Ի՞նչ մասշտաբի վնասներ է կարկուտը պատճառել Լոռու մարզին:
Մեր մարզին կարկուտը շատ մեծ վնասներ հասցրեց, հատկապես՝ Լեջան, Ագարակ, Ամրակից համայնքերին: Առաջին կարկտահարության դեպքերից հետո մենք հաշվարկեցինք վնասները: Ցավոք, պետբյուջեն ի վիճակի չեղավ հատուցել գյուղացիների վնասը: Մենք դիմեցինք «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարեն Կարապետյանին: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ կարկտահարված դաշտերում կատարվեցին ուսումնասիրություններ:
Կարկտահարությունից տուժած գյուղացիների հողի հարկը կվճարի հիմնադրամը: Կարկտահարված կարտոֆիլի դաշտերի տեր գյուղացիների առաջարկությամբ նրանց կտրամադրվի անճար պարարտանյութ: Այս դեպքում գյուղացիները վստահեցնում են, որ կարկտահարված դաշտերում կարտոֆիլի բերքի 70 տոկոսը կվերականգնվի:
Գյուղացիների կրած վնասի քանի՞ տոկոսը կփոխհատուցվի:
Ցորենի դաշտերի վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Մասնագետները հայտնեցին, որ մարզի կարկտահարված դաշտերի ցորենն արդեն անասնակեր է դարձել: Տարբեր ֆերմերների մոտ վնասի չափը տարբեր է:
Գումարային տեսքով մարզում որքա՞ն է կազմում կարկուտի պատճառած վնասը:
Ցավոք, կարկուտը միայն Ագարակ, Լեջան եւ Ամրակից գյուղերով չբավարարվեց: Մի քանի օր առաջ կարկուտ տեղաց նաև Յաղդան, Կողես և Ստեփանավան համայնքներում: Վնասի չափերն այս պահին վերջնական չեն հաշվարկվել, բայց միայն Լեջան, Ամրակից և Ագարակ գյուղերում կարկտահարվել են շուրջ 640 հա դաշտեր:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել