
Սերոբ Տեր-Պողոսյանի հետ միասին պետք է պատժվեն նաեւ նրա հովանավորները
Երեկ Վանաձոր քաղաքում սկսվեց սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով) վերաորակվել է, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս. Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում, իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար, Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար, նրանց անհատույց տվել է մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ»: Սա ընդամենը մի հատված է մեղադրական եզրակացությունից:
Ուշադրություն դարձրեք` վեց տարի այս գործարարը Ախթալա անունով փոքրիկ քաղաքում անչափահասների հետ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ ոստիկանությունը ոչինչ «չի նկատել»: Այդ տարիների ընթացքում նա անընդհատ առաջ է գնացել, հասցրել է լուսանկարվել Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաների հետ, ստանալ զանազան պարգեւներ: Զանազան պաշտոնյաների փողեր բաժանելով է նա հասել բարձունքների. նաեւ սա պետք է դառնար նախաքննական մարմնի քննության առարկան:
Քննություն իրականացրած մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը, վստահաբար պարզել է այս ամենը, սակայն այդ մասին դատարան ուղարկած նյութերի մեջ ոչինչ չկա: Տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեության մասին տեղեկություններ ունենալով` Ալավերդու ոստիկանությունը ոչինչ չի արել:
Չի արել, որովհետեւ ոստիկանությանը Սերոբ Տեր-Պողոսյանը պարբերաբար վճարել է: Երկու ամիս առաջ մեր ձեռքի տակ հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ Ալավերդու ոստիկանապետն իր զրուցակիցներին ասում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տասնհինգ հազար դոլար է տվել ոստիկանության շենքը վերանորոգելու համար:
Այդ փողը որեւէ տեղ չի գրանցվել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր մի քանի հարցազրույցներում ասել է, որ նա բարեգործական նպատակներով փող է տվել ոստիկանությանը: Պետք է պարզել, թե որքան փող է տվել գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը ոստիկանապետին` ոստիկանության հասարակական խորհրդի անդամ լինելու համար:
Պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե ինչպես է նա դարձել ոստիկանության հասարակական խորհրդի անդամ եւ վարչապետի խորհրդական, ովքեր են նրան առաջադրել այդ պաշտոններում եւ որքան գումար եւ ում է վճարել դրա համար Սերոբ Տեր-Պողոսյանը: Դրանք այն գումարներն են, որոնք պետք է վճարեին Ախթալային հանքափորներին, որոնց աշխատավարձը 50-60 հազար դրամ է:
Տասնյակ անչափաահաս տուժողների շահերը ներկայացնողները պետք է նաեւ գումարային պահանջ ներկայացնեն գործարարին: Կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Սերոբի զոհերից մեկի համար, ով 250 բացակա ուներ, գրավոր միջնորդել էր, որ նրան չհեռացնեն դպրոցից: Ինչու՞ է փոխնախարարը նման նամակ-միջնորդագիր գրել:
Ի՞նչ է` փոխնախարարը գիշեր-ցերեկ մտածում էր ախթալացի անչափահասի ճակատագրի համար, թե՞ Սերոբ Տեր-Պողոսյանը նրան էլ է վճարել: Քննություն իրականացնող մարմինը գնացե՞լ է այս նամակի հետքերով: Աշխատանքից պետք է հեռացվեն Ախթալայի այն դպրոցների տնօրենները, ովքեր տեղյակ էին այս ամենին եւ ոչինչ չէին ձեռնարկում, որովհետեւ այդ դպրոցներին էլ է Ս. Տեր-Պողոսյանը նվերներ արել:
Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահները, ովքեր ապահովում էին նրա անվտանգ սեքսը, նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ: Իսկ դատարան ներկայացրած նյութերից չի երեւում, որ այս ուղղությամբ նախաքննական մարմինն ինչ-որ բան արել է:
«Հետք» - 15.07.2011թ.
«Սերոբ Տեր-Պողոսյանի հետ միասին պետք է պատժվեն նաեւ նրա հովանավորները» հրապարակման մեջ հոդվածագիրը թույլ է տվել կոպիտ սխալ, որի համար հայցում ենք կրթության փոխնախարար Արա Ավետիսյանի եւ ընթերցողների ներողամտությունը: Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից մեկի` Ախթալայի դպրոցականի համար միջնորդագիրը գրել է կրթության մեկ այլ փոխնախարար`Մանուկ Մկրտչյանը: Հուսով ենք` նախարար Ա. Աշոտյանը եւ քննչական մարմինը կպարզեն, թե ինչու է կրթության փոխնախարար Մանուկյանը նման միջնորդագիր գրել, ի՞նչ կապեր ունի նա Սերոբ Տեր-Պողոսյանի հետ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել