Ցուցատախտակները գյուղական համայնքներում թերեւս ամենապահանջված են
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում նոր ծնված երեխաների ընտանիքներին մոտ 3 տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաեւ համայնքապետարանը: Այս տարի, համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հաստատմամբ, ավագանու N 4 որոշումը` 9 կողմ ձայնով, ուժի մեջ է մտել հունվարի 9-ից:
Ընտանիքներին հատկացվող գումարի չափը կազմում է 50 հազար դրամ: Ծովագյուղի համայնքապետարանից տեղեկացրին, որ նորածին ունեցող 26 ընտանիքի արդեն տրվել են նախատեսված գումարները:
«Ես չգիտեի, բայց շատ լավ է, որ գյուղապետարանն էլ ա գումար հատկացնում»,-ասաց բնակիչներից մեկը, ով անմիջապես զանգահարեց թոռնուհուն` ճշտելու, թե գիտե՞ն, որ բացի պետական աջակցությունից, գյուղապետարանն էլ է գումար հատկացնում նորածինների ընտանիքներին: Պարզվեց, որ թոռնուհու ամուսինը համայնքապետարանում է տեղեկացել սույն որոշմանը: Համայնքի մի քանի բնակիչներ նույնպես նշեցին, որ համայնքապետարանում են տեղեկացել որոշման մասին:
Պաշտոնավարման լիազորություններն ստանձնելուց հետո Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը ավագանու 11 որոշում է հաստատել, որից 1-ը` արտահերթ, եւ 16 որոշում է ընդունել: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը հայտնեց, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների մասին բնակիչներին իրազեկում են ցուցատախտակների միջոցով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 63 եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածների համաձայն` ցուցատախտակները տեղադրվում են ելնելով համայնքի բնակչության թվից` երկու հազար բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ: Ծովագյուղը 4300 բնակիչ ունեցող համայնք է, եւ Խաչիկ Մկրտչյանի խոսքերով` ցուցատախտակները փակցնում են գյուղի 3 հատվածներում` համայնքապետարանի շենքում, գյուղի կենտրոնական հատվածում եւ «Հայփոստ»-ի Ծովագյուղի մասնաճյուղի պատին:
Ցուցատախտակները գյուղական համայնքներում թերեւս ամենապահանջված միջոցն են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին իրազեկելու հարցում: Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրարկման անհրաժեշտությունն օր օրի զգալի է դառնում:
Գեղարքունիքի մարզի 43 համայնք, այդ թվում նաեւ Ծովագյուղը, ապահովված է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով: Տարածքային կառավարման նախարարությունը Ծովագյուղ համայնքին համակարգը տրամադրել է հունվար-փետրվար ամիսներին: Համայնքապետարանի աշխատակիցների խոսքերով` աշխատակազմից 3 հոգի վերապատրաստվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հ/կ-ում` կայքը շահագործելու համար: Սակայն ինտրանետ համակարգում այս հասցեով գործող կայքում մինչ օրս, բացի մի քանի նորություններից, այլ բան հրապարակված չէ:
Ինչո՞ւ համայնքապետարանը քայլեր չի ձեռնարկում կայքը գործարկելու, բարելավելու ուղղությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ աշխատակիցները նշեցին, որ զբաղվածությունը թույլ չի տալիս: «Կամաց-կամաց կգցենք հունի մեջ, բնակչության ռեգիստրն էլ կտեղադրենք կայքում»,- նշեցին նրանք:
Արփինե Մինասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել