HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում անվարձահատույց կամավոր դոնորները 3 տոկոս են, փոխհատուցվող դոնորները՝ 44 տոկոս

Հայաստանում արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները՝ 43.8%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 3.4 %: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:

Նախարարությունը համարում է, որ խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորությունը քարոզելն է հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում:

Արյունաբանական կենտրոնում 2013 թ. առաջին 5 ամսվա ընթացքում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արյունատվությունների թիվն աճել է 16.8%-ով՝ հասնելով 1819-ի: Դրական է այն փաստը, որ արձանագրվում է անհատույց դոնորներից հավաքագրվող արյան քանակների աճ (4.5 անգամ):

Ընդհանրապես Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2012թ. կատարվել է մոտ 15.000: Սակայն երկիրը դեռևս հավաքագրվող արյան քանակն ավելացնելու խնդիր ունի: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորագրերի՝ արյան բաղադրամասերով և պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60.000 արյունատվություն:

«Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:

2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում հունիսի 14-ը հաստատվել է որպես արյան դոնորի համաշխարհային օր՝ ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերը հայտնաբերելու համար:

Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվել է 1819թ. Անգլիայում: Ներկայում արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդու կյանք է փրկում:

«Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց: Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ՝ պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter