
«Սա իմ վերջին պայքարը չէ». տեղի կունենա Մոնթեին նվիրված հուշ-երեկո
2013 թ. հունիսի 12-ին լրացավ հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցը: Այն առիթ է ընձեռում ևս մեկ անգամ հիշելու Մոնթեի կյանքն ու գործունեությունը, խորությամբ ծանոթանալու նրա գաղափարներին և դրանք վերաիմաստավորելով՝ շարունակելու Մոնթեի և նրա մարտական, գաղափարակից ընկերների գործը:
«Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, բոլորին հրավիրում է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ ներկա լինելու Մոնթե Մելքոնյանին նվիրված «Սա իմ վերջին պայքարը չէ» խորագիրը կրող միջոցառմանը:
Նախքան միջոցառումը կազմակերպվում է այց Եռաբլուր՝ Մոնթեի շիրիմին: Այնտեղ մասնակիցները կերգեն «Հիմի էլ լռենք» երգը: Եռաբլուրից ոտքով (մինչև Մաշտոցի պողոտա՝ ավտոբուսով) կշարժվեն դեպի տիկնիկային թատրոն՝ մասնակցելու միջոցառմանը: Եռաբլուր այցը կմեկնարկի հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին, Եռաբլուրի կամարի մոտից: Այցի մասնակիցներին կտրվեն հատուկ այս միջոցառման համար պատրաստված շապիկներ:
Միջոցառման նպատակն է հանրությանը և հատկապես երիտասարդությանը ներկայացնել Մոնթեի անցած ուղին, բացահայտել նրան ամենատարբեր տեսանկյուններից՝ որպես զինվոր, բնապահպան, ռազմավարագետ և այլն: Այն միայն հուշ-երեկո չէ, այլ կրում է Մոնթեի պայքարը շարունակելու պատգամը այսօրվա սերնդին փոխանցելու գաղափարը:
Այդ օրը հնարավորություն կլինի լսելու Մոնթեի մարտական ընկերների, ինչպես նաև կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի խոսքն ու պատմությունները: Ելույթ կունենան նաև գուսան Հայկազունը և «Կարին» ազգագրական համույթը:
«Սա իմ վերջին պայքարը չէ» միջոցառման շրջանակներում պատրաստվել է գրքույկ, որը միջոցառման ավարտին կտրվի ներկաներին: Այստեղ թեմատիկ բաժանումներով զետեղված են հատվածներ Մոնթեի կողմից գրված հոդվածներից ու աշխատություններից, ինչպես նաև նրան նվիրված մի շարք գրքերից: Այս մասին հայտնում է Համահայկական բնապահպանական ճակատը:
Մեկնաբանել