
ДДТ, Յուրի Շևչուկ. վաղը՝ համերգ Երևանում
«Երբ երեկ քայլում էի ձեր գլխավոր հրապարակով, գիշերային քաղաքը, մավրիտանական ոճ հիշեցնող լուսավորված շենքերը, Շառլ Ազնավուրի ձայնը մշակույթների համաձուլում էր, ես միաժամանակ զգում էի Երևանի և Փարիզի շունչը: Բոլորը միասին հրաշալի էր, իմ մեջ առաջացրեց բավականին շոկային մշակութային զգացողություն»,- այսօր՝ նախահամերգային ասուլիսի ժամանակ, ասաց ռուսական լեգենդար ДДТ ռոք խմբի մշտական անդամ Յուրի Շևչուկը: Նա վաղը Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում համերգ է տալու հայաստանցի հանդիսատեսի համար:
Չնայած Շևչուկը Երևանում մենահամերգի ձևաչափով է ներկայանալու հանդիսատեսին՝ նրա հետ են լինելու նաև երաժիշտներ, ովքեր հանդես են գալիս առանձին և այլ խմբերում նույնպես:
Համերգին կնվագեն ու կերգեն հետևյալ երաժիշտները.
Ռոման Նևելև - բաս կիթառ
Տյոմա Մամայ - հարվածային գործիքներ
Ալեքսեյ Ֆեդիչև - կիթառ
Անտոն Վիշնյակով - տրոմբոն
Իվան Վասիլև («дядя Ваня»)- շեփոր
Կոնստանտին Շումայլով («Кот») - ստեղնաշարային գործիքներ
Ալյոնա Ռոմանովա - վոկալ:
Անդրադառնալով հարցազրույցներից մեկի ժամանակ իր արտահայտած այն մտքին, թե Հայաստանում դժվար կլինի համերգ տալ, քանի որ այդ երկրում երիտասարդություն գրեթե չի մնացել՝ երգիչն ասաց, որ գալով այստեղ, հակառակում համոզվեց:
Նա պատրաստակամություն հայտնեց նույնիսկ Արցախում համերգ տալ, եթե կազմակերպչական հարցերը լուծվեն:
Հիշեցնենք, որ Շևչուկը, բացի ռոք երաժիշ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ և պրոդյուսեր լինելուց, նաև խաղաղության մեծ քարոզող է: Նա ավելի քան 50 համերգ է ունեցել Չեչնիայում հակամարտության ժամանակ:
«Մի կողմից ռուսական զինվորներն էին, մյուս կողմից՝ չեչենական, իսկ ես երկու կողմերի միջև, կիթառը ձեռքիս, երգում էի «Մի կրակիր» երգը: Ցանկացած պահի մեկ պատահական փամփուշտը կարող էր վերջակետ դնել այդ համերգին»,- ասաց երգիչը և հիշեց նաև մի դեպք, երբ Չեչնիայի մայրաքաղաքում բնակիչներից մեկը երգում էր՝ «Что такое Грозный – это ветер»՝ փոխելով ДДТ-ի հայտնի երգի բառերը:
Շևչուկի խոսքով՝ ռոք երաժշտությունն այսօր դարձել է այնքան տարածված (մեյնսթրիմ), ինչպես, օրինակ, ջազը: Ռոք համերգներին գալիս է առաջադեմ երիտասարդություն, որը հասկանում է ռիթմ ընդ բլյուզ ուղղության նրբությունները, որին դուր են գալիս երաժշտական այս ուղղության ներկայացրած ձևերը:
Իսկ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ընդհանրապես ամենուր մարդիկ փոփ են լսում, նույնիսկ Եվրոպայում անգլիական ռադիոյով նույն փոփ երգերն են հնչում: Երաժշտի կարծիքով՝ դա ճաշակի գլոբալ միջակացում է, որը համընդհանուր երևույթ է, և անհանգստացնում է մշակույթը գնահատողներին:
Յուրի Շևչուկը լուսանկարի կենտրոնում է
Մեկնաբանել