HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արհեստական անտառի ստեղծումը Լոռիում. սերմից մինչև ծառ (լուսանկար)

Մարգահովիտի տնկարանում աճում է 500 հազար տնկի

Այս աշնանը «Հայաստան ծառատունկ ծրագիրը» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում անելու է վերատնկում, իսկ Կողես համայնքում, որտեղ տարածքի շատ բարդ լինելու հետևանքով տնկումները հնարավոր չեն, կարվի 50 հա ցանքս: 2014-ին, ամենայն հավանականությամբ, անտառտնկումներ կարվեն Ստեփանավանում և Տավուշի մարզում` Դիլիջանում: Այս մասին լրագրողներին ասաց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Անտառվերականգնման ու համայնքային զարգացման ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը:

«Էյ Թի Փի»-ի` Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում գտնվող «Միրաք» անտառային տնկարանում 500 հազար տնկի է աճում` կաղնի, բարձր լեռնային թխկի, հացենի, սոճի: Տնկարանը ստեղծվել է 2005թ., տարածքը 5 հա է:

Տնկարանը գնում է մասնավոր տեղացիների հավաքած սերմերը, ցանում, աճեցնում տնկիներ, որոնք հետո, եթե ունեն որոշակի չափ և ցողունի հաստություն, տեղափոխում են անտառտնկման վայր ու տնկվում:

Վարդան Մելիքյանի խոսքով` իրենք տնկում են միայն տեղական ծառատեսակներ: Փորձում են հնարավորինս շատ ծառատեսակներ տնկել, քանի որ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, տեղանքներով` կլինեն ծառեր, որոնք լավ կաճեն կամ չեն աճի:

«Փորձում ենք նաև ավելի շատ աճեցնել վտանգված տեսակներ: Օրինակ` անցյալ տարվանից տնկում ենք բարձր լեռնային թխկի, որը հայկական վերջին կարմիր գրքում չկա, բայց վտանգ կա, որ կարող է վերանալ: Նաև արոսենի ունենք: Փորձում ենք նաև պտղատու տեսակներ ավելի շատ տնկել` վայրի տանձ, խնձոր, սալոր, որպեսզի վայրի կենդանիների համար սննդի բազա լինի: Օրինակ` Լոռիում վայրի տանձը մարդիկ օգտագործում են իրենց տնտեսություններում. օղի կամ մուրաբա են պատրաստում»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Տնկարանում կա 15 մշտական աշխատող. նրանցից 7-ը Մարգահովիտից է, 8-ը Վանաձորին կից Շահումյան գյուղից:

«Աշխատում ենք միշտ ներգրավել մեր աշխատանքներում փախստականների, խոցելի խմբերի, որպեսզի իրենք աշխատանքով ապահովված լինեն ու չլքեն Հայաստանը: Եվ անտառ տնկելիս, և անտառ խնամելիս էլ մեր աշխատողների զգալի մասը Շահումյան համայնքից են, փախստականներ են, մարդիկ, որոնք եկել են Բաքվից կամ Ադրբեջանի տարբեր քաղաքային վայրերից»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Շահումյանցի Ստեփան Հովհաննիսյանը 9 տարի է, «Հայաստան ծառատունկ ծրագրում» է աշխատում: Նա տնկարանում քաղհան էր անում կաղնու մոտ աճած խոտերը: Տարվա մեջ այս գործով զբաղված է 9 ամիս. մասնակցում է և ցանքսին, և քաղհանին, և վերատնկմանը: Ստեփանը արտագնա աշխատանքի չի գնում:

«Յոլա ենք տանում, էլի»,- ասում է Ստեփանը: Ընտանիքում միայն ինքն է աշխատում, ծնողները թոշակառու են, 3 երեխա ունի: Ստեփան Հովհաննիսյանը Շահումյան գյուղում հողամաս ունի, կենդանիներ էլ է պահում:

«Փաստորեն, էստի որ եկել եմ, երրորդ Շահումյան գյուղն է. ուր գնացել եմ, զուգադիպել է Շահումյանը»,- ասում է Ստեփանն ու բացատրում. ծնվել է Արցախի Շահումյանի շրջանում, հետո ընտանիքը տեղափոխվել է Բաքվի «Շահումյան» թաղամաս, իսկ 1988թ. եկել է ՀՀ ու այժմ ապրում է Լոռու Շահումյան գյուղում:

Վարդան Մելիքյանի խոսքով` իրենք ունեն աշխատողների 50 հոգանոց հիմնական խումբ, որի անդամները չեն փոխվում:

Կաթնաջուրի անտառտնկարկը ճանապարհից տեսանելի կլինի 10 տարի հետո

Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ապագա անտառում 2011թ. գարնանը տնկվել է մոտ 78 հազար տնկի` հիմնականում հացենի, կաղնի և սոճի, որոնք հաջող են աճում: Կաթնաջուրի անտառտնկարկի տարածքը 21 հա է:

«Այս պահին կպչողականությունը կազմում է մոտ 80 տոկոս: Բայց տարբեր հատվածներում տարբեր կլինի: Հատվածներ կլինեն, որտեղ գրեթե 100 տոկոսով կլինեն ծառերը կպած: Տարածքներ կլինեն, որտեղ լավ չեն լինի կպած»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Մեկ տնկիի գինը մինչև 100 դրամ է: Որպեսզի Կաթնաջուրի անտառտնկարկը հասնի մի վիճակի, որ այլևս ինտեսիվ խնամքի կարիք չունենա (բացի, օրինակ, պահակի աշխատանքից), մեկ ծառի հաշվով կծախսվի մոտ 1 դոլար: Այժմ էլ պահակն ամեն օր գալիս է անտառտնկարկի տարածք:

Անտառտնկարկում լրագրողների ուշադրությունը գրավեց այն, որ տնկիների մի մասը շատ փոքր էր: Վարդան Մելիքյանի խոսքով` տնկիի չափը կախված է ծառի տեսակից. կաղնու տնկիները կարող են շատ փոքր լինել: «Մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում, որ արմատային համակարգը լավը լինի»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Նրա խոսքով` որքան փոքր են ծառերը, այնքան ավելի հեշտ են հարմարվում: Մի մետրանոց ծառի կպչելու հավանականությունը շատ ավելի ցածր է, քան ավելի փոքր տնկիներինը: Բացի դրանից` հողից հանելիս մեծ տնկիի արմատների վնասվելու հավանականությունն ավելի մեծ է:

Նույնիսկ Կաթնաջուրում տնկված այս փոքր տնկիները, Վարդան Մելիքյանի խոսքով, «իրենց նորմալ են զգում», քանի որ 2 տարի է, կպած են, բայց գոնե 10 տարի պետք է, որ այդ տնկիները դառնան ծառեր, որոնք տեսանելի կլինեն ճանապարհից: Իսկ որ Կաթնաջուրի անտառտնկարկում լինի դասական իմաստով անտառ, կարող են պահանջվել հարյուրամյակներ, քանի որ անտառը ոչ միայն ծառերն են, այլև ամբողջ էկոհամակարգը:

«Բայց մենք կարող ենք օգնել, օրինակ, նրանով, որ տնկենք այստեղ ինչ-որ թփեր կամ օգնենք, որ կենդանիներ այստեղ տարածվեն: Ընթացքում, երբ կունենանք ավելի մեծ ծառեր, և դրա անհրաժեշտությունը և հնարավորությունը կլինեն, արդեն կարող ենք հաջորդ քայլերն էլ անել»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Կաթնաջուրի անտառտնկարկում ծառերը չեն ջրում: Վարդան Մելիքյանը ջրելը համարում է շատ թանկ և անիմաստ, որովհետև անտառտնկարկն ի վերջո պետք է դառնա բնական էկոհամակարգ, ուստի ցանկալի է` տնկիները մեծանան այնպես, ինչպես կմեծանային բնության մեջ՝ անտառում, որտեղ ծառերը առանց մարդկանց ջրելու են աճում սերմից ու մեծանում:

Անտառտնկարկում որևէ աշխատանք չի կատարվում` բացի քաղհանից ու հողը փխրեցնելուց: Ծառի շուրջ սարքվում է «բաժակ» և մաքրվում խոտից, քանի որ խոտը մրցակցում է ծառի հետ լույսի, ջրի համար, կարող է հիվանդություններ տարածել: Հետո հողը փխրեցվում է, որ ջուրն ու թթվածինն ավելի լավ հասնեն արմատներին: Խնամքը իրականացվում է տարեկան 2 անգամ:

«Հայաստան ծառատունկ ծրագրի» աշխատողների աշխատավարձը ըստ տնկած ծառերի թվի է: «Մեր տրամաբանությունն այն է, որ մեկ օրվա ընթացքում ամեն աշխատողը գոնե 5 հազար դրամ կարողանա աշխատել: Կպչողականությունը ազդում է հետագայում իրենց լրացուցիչ եկամուտների վրա, որովհետև ինչքան շատ կպչի, այնքան իրենք շատ աշխատանք կունենան մաքրման: Ծառերը տնկելը ընդամենը երկուական շաբաթ է գարնանը և աշնանը, իսկ մաքրումը կարող է տևել 4 ամիս»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Վանաձորցի Քրիստինե Հովհաննիսյանը, ով քաղհան էր անում Կաթնաջուրում, ասում է, որ օրական աշխատում է միջինը 6 հազար դրամ: Նրա ամուսինն էլ է նույն անտառտնկարկում աշխատում: Նրանք երեք երեխա ունեն:

«Դե, չի բավականացնում էնպես, ոնց որ… բայց չենք բողոքում, փառք Աստծու: Դե, էս են մեր պայմանները»,- «Հետքին» ասում է Քրիստինեն: Նա տարվա մնացած ամիսներին երբեմն ժամանակավոր այլ աշխատանքներ էլ է անում:

Կաթնաջուրի անտառտնկարկի ծրագիրն իրականացվել է Վայրի բնության հիմնադրամի, գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ: 1994թ.-ից Հայաստանում գործող «Էյ Թի Փի»-ի ֆինանսավորումն ամբողջությամբ մասնավոր է. հիմնականում սփյուռքահայերի նվիրատվություններ, դրամանաշնորհային միջոցներ: Հայաստանի պետությունը երբեք չի տրամադրել միջոցներ:

Անտառտնկման տարածքները «Էյ Թի Փի»-ն համայնքներից անվարձահատույց վարձակալում է 25 տարով, պարտավորվում տնկել, ցանկապատել, խնամել անտառը, իսկ 25 տարի անց վերադարձնել համայնքին, երբ անտառը օգտագործելի կդառնա համայնքի համար, համայնքն էլ կցանկանա սեփական ուժերով խնամել այն: Վարդան Մելքյանի խոսքով` դրանք կլինեն համայնքային սեփականություն հանդիսացող առաջին անտառները Հայաստանում: Սակայն վտանգ կա, որ եթե 25 տարի հետո էլ Հայաստանը չլինի օրինապաշտ երկիր, ապա անտառի հողերը կարող են սեփականաշնորհվել, ծառերը` կտրվել, կամ գուցե ինչ-որ մեկը կարող է անտառում ամառանց կառուցել:

«Դրա համար արդեն խոսել ենք Լոռու մարզպետարանի, համապատասխան մարմինների հետ, որ երբ ծառերը ինչ-որ չափի կլինեն, երբ անտառ հնարավոր լինի անվանել կամ գոնե տեսնենք, որ անտառ կդառնան, մենք կդիմենք կառավարությանը, որ այս հողերի կատեգորիան փոխվի` անտառային դարձվի: Այդ դեպքում ծառ կտրելը ուղղակի քրեորեն պատժելի կդառնա, և պաշտպանվածությունը մակարդակը շատ ավելի բարձր կլինի, համայնքներն էլ պարտավորված կլինեն անտառկառավարման պլաններ մշակել»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Ֆիոլետովոյում 7 տարի առաջ տնկված անտառն արդեն տեսանելի է

Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում 2007 թ.-ին տնկված, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անունը կրող անտառի տարածքը Հայաստանում առաջինն է, որտեղ հողի կատեգորիան փոխվել է և դարձվել անտառային, թեև համայնքապատկան է:

«Հրանտ Դինքը» բարեգործական հիմնադրամի տնկած առաջին անտառն է և արդեն տեսանելի է ճանապարհից: Անտառի մակերեսը 11 հա է, տնկված է 50 հազար ծառ` հիմնականում սոճի, քանի որ լանջը հարավահայաց է, չոր, իսկ սոճին չորադիմացկուն ծառատեսակ է: «Այստեղ կպչողականությունը համարյա 100 տոկոս է: Մի փոքր վերատնկում է արվել, բայց ընդհանրապես չկպած ծառեր շատ քիչ կան»,- ասում է Վարդան Մելիքյանը: Անտառում մոտ 2-3 հազար հատ վայրի տանձենի ու խնձորենի էլ են տնկված, բայց դրանք վատ են աճում:

Ժամանակի ընթացքում այս անտառում ծառերը կնոսրացվեն, որպեսզի ավելի առողջ կարողանան աճել: Գուցե նաև լայնատերև ծառատեսակներ տնկվեն, որպեսզի մոնոկուլտուրա անտառ չլինի: Երբ միայն մեկ տեսակի ծառ է տնկված, վտանգ կա, որ հիվանդության դեպքում բոլոր ծառերը միանգամից կմահանան:

Վարդան Մելիքյանի հավաստիացմամբ` 7 տարի առաջ Ֆիոլետովոյի անտառում տնկված սոճիները ընդամենը մոտ 20 սմ էին` ավելի փոքր, քան Կաթնաջուրում տնկվածները: Ուստի, ինքը, նայելով «Հրանտ Դինքի» ծառերին, ոգևորվում է ու լիահույս դառնում, որ 5-6 տարի հետո Կաթնաջուրում էլ նման անտառ կլինի:

«Հրանտ Դինք» անտառում առաջին տարիներում կատարվել են քաղհանի ու փխրեցման աշխատանքներ, բայց հիմա դրանց անհրաժեշտությունը չկա: 1-2 ամիս հետո պարզապես մարդիկ, ովքեր խոտի կարիք ունեն, կհնձեն ու կտանեն խոտը:

«Այս տարի շատ լավ աճ ունենք: Նախորդ տարի էլ շատ լավ աճ կար: Հույս ունենք` եթե հաջորդ տարի էլ նման աճ լինի, այսինքն` մոտ կես մետր աճեն ծառերը, մենք արդեն կկարողանանք հանել ցանկապատը, մարդիկ կկարողանան օգտագործել տարածքը արածեցման համար ևս, որովհետև կովերը այլևս հնարավորություն չեն ունենա վնասել ծառերին. կարևորը, որ ծառի գլուխը այնքան բարձր լինի, որ կովերը չկարողանան ուտել»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Ցանկապատը հանելուց հետո էլ պահակը հսկելու է անտառը, «Էյ Թի Փի»-ն էլ է միշտ աչքի առջև պահելու անտառը: Այս Նոր տարուց առաջ մեկ սոճի էին կտրել անտառում` որպես տոնածառ օգտագործելու համար, բայց պահակը կանխել էր գողությունը:

«Հրանտ Դինք» անտառում վտանգն այն է, որ անտառը ճանապարհին մոտ է, և սոճիները որպես տոնածառ օգտագործելու գայթակղություն է առաջանում: Այդ պատճառով դեկտեմբերի 20-ից 31-ը պահակն ավելի ինտենսիվ է հսկում:

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
... կարևորը, որ ծառի գլուխը այնքան բարձր լինի, որ կովերը չկարողանան ուտել»,- ասում է Վարդան Մելիքյանը: Այդպես չէ: Կովերը պարզապես մեջքով թեք քորվում-քերվում են մատղաշ ծառերին ու ջարդում: Մեջ մոտ 50 հատ կպած սոսի էս տարի ջարդեցին այդպես: Այնպես որ ուշադիր եղեք, կամ էլ տնկին պետք է լինի պաշտպանիչ կաղապարի մեջ (տարբեր տարբերակներ կան), բայց դա շատ աշխատարար է, իսկ որ հուսալի է, խոսք չկա: Ամեն դեպքում կեցցե՛ք: Խոնարհվում եմ և ողջունում:
aram
ATP (Armenia Tree Project) is a worthwhile organization to be remembered in our donations for memorials, weddings, baptisms, birthdays, father-mother days and all other happy occasions. I have seen their projects, as well as their tree farms, and can testify for their magnificent work

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter