
«Գարեգին Նժդեհ» նախաձեռնությունը դեմ է Սյունիքի մարզպետի պաշտոնում Դոլունցի հնարավոր նշանակմանը
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք․Գորիս) նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անունդունելի անձի հնարավոր նշանակման առթիվ: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս:
Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված և հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, ում կճանաչեն Սիսիանի Գորհայքից մինչև Մեղրու բնակիչները: Ցավոք, հնչող անունները հեռու են այս չափանիշերից:
Հայրենակցական նախաձեռնությունը վստահ է, որ Սյունիքին պետք են ոչ թե զինվորականներ ու գործարար-մեծահարուստներ, այլ նվիրյալներ:
Ըստ «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շրջապատից մեկին (օրինակ՝ այժմյան պաշտոնակատար Դոլունցին) նշանակելը կլինի հաղթանակած սյունեցու արժանապատվության նսեմացում Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Մեկնաբանել