
ՏՄՊՊՀ-ն տուգանել է օրենքի ողջ խստությամբ
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում հրապարակվել են որոշումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» «Nout.am» և ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար տուգանվեցին օրենքի ողջ խստությամբ
Հանձնաժողովը ստացել է դժգոհություն մի շարք քաղաքացիներից այն մասին, որ «Այ թի մաստեր» և «Nout.am» և ընկերությունները ակնհայտորեն խաբում և մոլորեցնում են սպառողներին: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Մասնավորապես. «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Նույն կերպ էլ խնդիրը վերաբերում է «Այ թի մաստեր» ընկերությանը, որը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը Հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և կիրառեց տուգանք՝ յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Ընկերությունները նախազգուշացվեցին զերծ մնալ նման գործելաոճից և անհապաղ վերացնել խախտումը:
Նորաստեղծ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները վերագրելով իրեն
«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը Հանձնաժողով է ներկայացրել դիմում, հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34, 33 և 33 տոկոս բաժնեմասերով: Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում նաև «Գոհար» և «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը:
Սակայն հիմնադիրների միջև ծագած անհաշտության արդյունքում 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում: Արամ Հարությունյանը հայտնել է, որ հիմնադիրներից մեկը՝ Աշոտ Առաքելյանը, ստեղծել և գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ և համատեղ հիմնադրված և արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը, և, փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործել «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» բարի համբավը:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ հաստատվել է հետևյալը. «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները՝ տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաև
մրցանակները, որպես «Դոմինո Փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաև կեղծ տեղեկություներ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Նիստում որոշվեց «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ նախորդ տարվա հասույէի 1 տոկոսի չափով, որն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է, միաժամանակ հանձնարարելով 1 շաբաթյա ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները:
Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված «Բարի Սամարացի», «Քրաուն Քեմիքալ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը
Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:
Հանձնաժողով է դիմել նաև «Բարի Սամարացի» ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ՝ տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես «Էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» և «ECO PICANT ЕРЗРУМ ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանումով երշիկների արտադրությանը: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որևէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:
Հանձնաժողովին է դիմել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց «Պռոշյանի կոնյակի գործարանը» հանդես է եկել միջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքը և պարտավորվել է վերացնել խախտումը:
Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, և հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի և հասարակության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել