
Գյումրեցի նկարիչների կարծիքով՝ «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագիրը փող լվանալու միջոց է
«Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի միջոցառումների ցանկում այդպես էլ չընգրկվեց Գյումրիի նկարիչների միության ներկայացրած նախագիծը: Միության նախագահ Գարիկ Մանուկյանն ասում է, որ մինչև օրս իրենց չեն տեղեկացրել, թե ինչ հիմքերով է մերժվել իրենց առաջարկն, ու դրա փոխարեն ընտրվել Լոռվա հայրենակցական միության ներկայացրած ծրագիրը:
«Պարզ չէ, ինչո՞ւ,- վրդովված իր տեսակետն է հայտնում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնի վարիչ Գագիկ Մանուկյանը:- Եթե կարճ ու կոնկրետ արտահայտվեմ, փող պիտի լվանան, իրենց իմացած մարդիկ պիտի լինեն, իրենց նախընտրած ծրագրերը: Իսկ եթե փորձեին էս ամենը մասնագետների միջոցով կազմակերպել, ապա ուզեին-չուզեին պիտի վճարեին մասնագետներին, ու գումարն էլ պիտի ծախսվեր նպատակային»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Համբարձում Ղուկասյանը ևս վրդովված է այն լուրից, որ իբրև թե գյումրեցի նկարիչները չեն մասնակցում միջոցառմանը, որովհետև ծրագիր չեն ներկայացրել: «Ծրագիրը, որ կրում էր «Երեկ, այսօր, վաղը» խորագիրը, մենք ներկայացրել ենք Գյումրիի նկարիչների միության և ակադեմիայի կողմից,- ասում է Համբարձում Ղուկասյանը:- Ծրագրով նախատեսված էր երեք ցուցահանդեսի կազմակերպում, որտեղ պիտի ներկայացվեին գյումրեցի նկարիչների երեք՝ ավագ, միջին և երիտասարդ սերունդների ստեղծագործությունները, պիտի լիներ նկարիչների սիմպոզիում»:
Գյումրիի նկարիչների միության նախագահ Գարիկ Մանուկյանն ասում է, որ ծրագիրն անձամբ ինքն ու Համբարձում Ղուկասյանն են տարել քաղաքապետարան: Ըստ գյումրեցիների ներկայացրած ծրագրի՝ քաղաքի մերձակա տարածքներից մեկում մեկ ամսով պիտի գործեր նկարիչների վրանային ճամբար, որտեղ ապրելու և ստեղծագործելու էին տարբեր երկրներից հրավիրված և տեղացի նկարիչները:
«Մենք ծրագրի իրականացման համար 20 մլն դրամ էինք ուզել: Դրա մեջ մտնում էր հրավիրված նկարիչների կեցությունը, կտավների, ներկերի գումարն էր ներառված և այլն: Եթե մեր առաջարկն ընդունվեր, ապա հրավիրված բոլոր նկարիչները պարտավորվելու էին 5 կտավից 3-ը որպես նվեր թողնել Գյումրիին այն դեպքում, երբ նման «պլենեռների» ժամանակ սովորաբար մեկ կտավ են թողնում: Մեր հաշվարկով կստանայինք 150-ից 200 գործ, որոնք էլ կարող էին հիմք հանդիսանալ Գյումրիում ստեղծվելիք ապագա պատկերասրահի համար»,- ասում է Գարիկ Մանուկյանը:
Բացի դրանից՝ ծրագրի շրջանակներում գյումրեցի նկարիչների ուժերով քաղաքի կենտրոնական Ռիժկովի ճեմափողոցում պիտի կազմակերպվեր փառատոն: Մեկ օրը նվիրվելու էր Գյումրիի բնակիչներին, այսինքն՝ ցանկացած մեկն, այդ օրը անցնելով ճեմափողոցով, կարող էր ցանկություն հայտնել ու ունենալ իր դիմանկարը: Օրվա վերջում այդ բոլոր գործերը հավաքվելու էին, և հանպատրաստից ցուցահանդես էր կազմակերպվելու հենց ճեմափողոցում: Մանուկները ևս ունենալու էին իրենց հետաքրքրությունը: Նրանց, ովքեր ցանկություն կունենային նկարելու, կտրամադրվեին հարկավոր նյութերը, և այդ 2 օրը տոն կլիներ թե մեծերի, թե մանուկների համար: Ծրագրի հեղինակները նախատեսել էին նաև գյումրեցի հայտնի անհատ կատարողների և ռոք խմբերի մասնակցությունն իրենց նկարչական փառատոնին:
Ծրագիրը ներկայացնելուց հետո հեղինակները տեղեկացել են, որ մշակույթի նախարարությունը գյումրեցիներից ակնկալել է ոչ թե նոր, իրենց անծանոթ, այլ բիենալեին վերաբերող ծրագիր: Թե ինչու են նախարարությունում նախընտրել այդ տարբերակը, գյումրեցի նկարիչները պատճառը չգիտեն, անում են միայն ենթադրություններ:
«Մենք ուզեցինք ազնիվ լինել: Կարող էինք, չէ՞, ինչ-որ բաներ անել ու բիենալեի անվան տակ ցուցադրել թե մեր գործերը, թե անցած տարիներից պահպանված աշխատանքները: Բայց մենք որոշեցինք, որ Շիրակի մարզի նկարիչները ներկայանան երեք սերունդներով: Ի վերջո, Գյումրին ունի նկարչական հարուստ դպրոց: Այդ դպրոցի հետևորդներն ապրում և ստեղծագործում են իրենց հայրենի քաղաքում: Եվ ամեն ինչ դնել նեղ շրջանակաների մեջ կամ տալ նեղ ուղղվածություն, էդ էլ ճիշտ չէ: Բիենալեն հետո մեջտեղից հանեցին. մեզ էլ չմտցրեցին,- պատմում է Համբարձում Ղուկասյանը:- Դրանից հետո, երբ պարզում ենք, որ մեր ծրագիրը չի անցել, զանգում է ինձ Լոռվա ծրագրի ղեկավարը և ասում. «Դե, մի 7 ուսանող կտաք ինձ ձեր մոտից, տեղ կտաք աշխատելու, հետո 7 հատ էլ դասախոս, ու ես կանցկացնեմ էդ ծրագիրը»: Ես ասում եմ՝ շատ բարի, ուսանողը ես չեմ կարող ձեզ չտալ, թող ներկերը տան, ուսանողները գնան նկարեն, բայց դասախոսների հարցում չեմ կարող հստակ «այո» ասել: Լոռեցի համադրողն էլ, թե. «Դե լավ, Երևանից մի հատ դախացած դասախոս կբերենք, թող անցկացնի ծրագիրը»: Խնդրեմ, ահա էսպիսի վերաբերմունք թե նախարարության կողմից, թե մեր քաղաքի, թե ծրագիրն իրականացնողի»:
Գյումրիի նկարիչների միության նախագահ Գարիկ Մանուկյանն այս ամբողջ պատմությունից մի բան է հստակ հասկացել. մշակույթի նախարարությունը փորձում է միջոցառումների ցանկում ընդգրկել այն ծրագրերը, որոնք, իր կարծիքով, կայացած են: Գյումրեցիների պարագայում կայացած նախագիծ համարել են բիենալեն, սակայն գաղտնիք չէ, որ միջազգայինի համբավ ունեցող այս նախագիծն իրականացվում է 2 տարին մեկ, և խախտել ավանդույթը պարզապես սխալ է: Վերջին բիենալեն տեղի է ունեցել 2012թ., հաջորդը նախատեսվում է 2014թ-ին: Իսկ լոռեցիների առաջարկած «Պլենեռ» կոչվող ծրագիրը, որ նկարիչների սիմպոզիում է ու արդեն մի քանի տարի է, իրականացվում է, ընտրվել ու հաստատվել է մշակույթի նախարարությունում գյումրեցիների առաջարկած նախագծի փոխարեն:
«Մենք նոր բան էինք առաջարկել, որը չընդունվեց: Երևի վախ կար, որ չենք կարողանա իրականացնել, սակայն ասեմ, որ մեր առաջարկի մեջ բարդություն չկար, ոչ էլ ծրագիրը կտապալվեր, ուղղակի չուզեցին ծրագրի համար նախատեսված գումարը ծախսել ամբողջությամբ ու նպատակային»,- նշում է Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ Գագիկ Մանուկյանը:
Հիմա ստացվում է, որ հարևան մարզի նկարիչները Գյումրիում պիտի իրագործեն մի ծրագիր, որ կարող էին անել նաև տեղի ուժերը: Գյումրիի նկարիչների միության ներկայացրած, սակայն հավանության չարժանացած ծրագրի արդյունքում հրատարակվելու էր նաև գիրք, որում ներկայացված կլինեին ոչ միայն գյումրեցի նկարիչներն ու նրանց ստեղծագործությունները, այլև ծրագրի մասնակից մյուս արվեստագետները ևս:
«Գյումրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ով տեղից բարձրանում է, խոսում է արվեստի և արհեստների բնօրրան Գումրիից, բայց հենց հերթը հասնում է այդ ամենը ստեղծողների ուժերով ինչ-որ մի բան անելուն, մենք մոռացվում ենք: Էս միջոցառումների շրջանակներում գալու են 3-4 ամիս ինչ-որ խմբեր երգեն, պարեն, թռվռան գնան: Ի՞նչ են թողնելու նրանք էս քաղաքին. ես կասեի՝ մնայուն ոչ մի բան: Իսկ մեր առաջարկի դեպքում կունենայիք մոտ 200 կտավից բաղկացած հավաքածու, և հնարավոր է, որ պատկերասրահի հարցն էլ արագ կարգով լուծվեր: Իսկ հիմա չկա ծրագիր, չկան կտավներ, որոնք կախելու համար հարկ կլինի մտածել պատկերասրահի մասին: Մի հարվածով ազատվում են համ գլխից, համ գլխացավանքից»,- ափսոսանք է հայտնում Գագիկ Մանուկյանը:
Քանդակագործների սիմպոզիումի իրականացումը ևս վտանգված է
Գյումրեցի արվեստագետներին «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի շրջանակներում վստահվել է միայն քանդակագործի սիմպոզիումի անցկացումը: Քանդակագործ Արթուր Գևորգյանն, ով ղեկավարելու է ծրագիրը, վստահ չէ, թե այն կիրականանա ժամանակին և առանց ձախողումների:
«Այդ ծրագրով նախատեսված է Գյումրի տեղափոխել քարակտորներ, որոնց վրա 19 քանդակագործներ աշխատելու են, ստեղծելու են քանդակներ, որոնք հետագայում տեղադրվելու են երկրաշարժից հետո ստեղծված սգո հուշարձանների կողքին: Հրավիրվելու են ԱՊՀ 7 երկրներից քանդակագործներ, լինելու են նաև մեր տեղի ուժերը»,- ասում է Արթուր Գևորգյանը:
Այս ծրագրի բյուջեն ևս 20 մլն դրամ է: Ծրագրով նախատեսվում են մասնակիցների 45 օր կեցություն, նյութի ձեռք բերում, փոքր գրքույկի հրատարակություն և ֆիլմի պատրաստում:
«Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» միջոցառման հանդիսավոր բացումը նախատեսված է հունիսի 30-ին: 12 օրից տրվելու է մեկնարկը, սակայն անգամ հաստատված ծրագրերի մասով համադրողները մոտավոր պատկերացում չունեն, թե երբ պիտի սկսեն, որ ժամանակահատվածի համար պիտի պայմանավորվածություններ ձեռք բերեն արտերկրից ժամանող արվեստագետների հետ և այլն: Այս ձևաչափում մասնակցում են 6 արվեստագետ Գյումրիից, 6 արվեստագետ ՀՀ այլ բնակավայրերից և 7 հոգի ԱՊՀ երկրներից:
«Ես արդեն խոսել եմ ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, տաջիկների, կիրգիզների, լիտվացիների հետ, միայն թուրքմենների հետ չեմ կարողացել կապվել: Իրանք ինձ ասում են՝ մեզ տեղյակ պահեք ամիս ու կես առաջ, որ մենք կարողանանք մեր գործերը ավարտել ու գալ: Բայց զավեշտն այն է, որ էս պահի դրությամբ իմ ձեռքի տակ չկա հաստատված ծրագիրը: Միակ հույսս էն է, որ առաջիկայում կլինի հանձնաժողովի նիստ, ու որևէ հստակ բան կասվի,- հույս է հայտնում Արթուր Գևորգյանը:- Բայց նույնիսկ այդ պարագայում դժվար թե հնարավոր լինի սեպտեմբերից շուտ այդ սիմպոզիումը կազմակերպել: Մենք պիտի նախապատրաստական աշխատանքները սկսեինք մայիս ամսից, որ օգոստոսին էլ կարողանայինք ծրագիրն անցկացնել՝ չվախենալով նաև եղանակային պայմաններից»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել